Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ



ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության» մեդալների ասպետ Գագիկ Գրիգորի Գրիգորյանը զոհվեց Հասանաբադում, 1991-ի դեկտեմբերի 16-ին` 20 տարեկան հասակում։ Ուսուցիչ ծնողների՝ Գրիգոր Գրիգորյանի եւ Սվետա Օհանջանյանի առաջնեկը Երեւանի ժողտնտեսության համալսարանը անավարտ թողնելով` անդամագրվեց «Գարեգին Նժդեհ» ուսանողական ջոկատին եւ դուրս եկավ պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի սահմանները։

Օրերս հերոսի ծննդավայրի (Էջմիածին, գյուղ Առատաշեն)` իր անունը կրող միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գագիկի մահվան 20-րդ տարելիցին։ Հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները իրենց հիշողություններով ոգեկոչեցին երիտասարդ, 20-ամյա Գագիկ Գրիգորյանի կերպարը` որպես գաղափարի նվիրյալ հայորդու։

Առատաշեն գյուղից պատերազմական այն օրերին հայրենիքի համար զենք են վերցրել 110 հայորդի։ Նրանցից հինգը՝ Գագիկ Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ուսվ Հասոյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Գեւորգ Գեւորգյանը հերոսաբար զոհվել են։ Գագիկ Գրիգորյանի հարազատները, մարտական ընկերները իրենց ելույթներում նշեցին, որ դպրոցի տնօրեն Սեւակ Ղազարյանը եւ գյուղի համայնքի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը ոչ միայն վառ են պահում հերոսի հիշատակը, այլև նրա օրինակով կրթում նոր սերնդին։

Հուշ-ցերեկույթից հետո մասնակիցները այցելեցին գյուղի գերեզմանատուն, որտեղ ննջում է Գագիկը։ Խնկաբույր էր տարածվել շուրջբոլորը։ Եվ ասես լսվում էին տապանաքարին գրված Գագիկի խոսքերը.

-Արցախ, սիրասուն իմ հող,

Քո բախտի ու վաղվա համար

Հավերժի ճամփորդ եմ դարձել…

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ճակատագրեր


28/12/2011