ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ
Երեւանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց փոքրիկ նվերը՝ հոգու լուսավոր ու պայծառ աշխարհում թաքնված սերը պարփակել են լուսանկարներում` այն նվիրելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Սակայն լուսանկարները մինչ այդ, «Բնությունն արվեստի աչքերով» ցուցահանդեսի շրջանակներում, ցուցադրվել են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում՝ արժանանալով այցելուների ջերմ գնահատանքին։
Լուսանկարներն արվել են Տավուշի և Արագածոտնի մարզեր կատարած դպրոցականների հերթական ճանաչողական այցերի շրջանակներում: Դրանց բազմագույն ու պայծառ պատկերներից հորդում են տասնամյա երեխաների հոգու մաքրությունն ու անկեղծությունը, միամտությունն ու պարզությունը, լուսանկարներից յուրաքանչյուրի խորհուրդն ու պատգամը մեկն է` մենք խաղաղություն ենք ուզում:
Հոսպիտալի հրամանատարական կազմը՝ բ/ծ փոխգնդապետ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ, աշխատակազմը, զինվորները մեծ սիրով ու հարազատ ջերմությամբ ընդունեցին դպրոցականներին՝ կարևորելով այցելության խորհուրդը։ Իսկ զինվորներից նվեր ստացած գրքերը երեխաների համար կդառնան ազնիվ ուղեկից ամբողջ կյանքի ընթացքում…
Թող հոսպիտալի հիվանդասենյակները դատարկ լինեն… Եվ երեխաների ձեռքով արված լուսանկարներն ապրեն այնտեղ` հորդելով նրանց հոգուց բխած հարատև խաղաղության ձգտման խորհուրդը…
ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում