ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՄ, ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԲՆԱԿԱՐԱՆ ԱԿՆԿԱԼԵԼ
Հարց. 2010թ. ապրիլ ամսին ծառայողական պարտականություններս կատարելիս վիրավորվել եմ հրազենից և զորացրվել պահեստազոր: 13 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, ունեմ փոխգնդապետի զինվորական կոչում: 1-ին խմբի հաշմանդամ եմ: Ընտանիքս բաղկացած է 5 անձից. ես, կինս, 3 անչափահաս երեխաներս: Ապրում ենք 1 սենյականոց բնակարանում: Կարո՞ղ եմ արդյոք բնակարանային հաշվառման վերցվել` բնակարանային պայմաններս բարելավելու նպատակով:
Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատասխան. Հարգելի քաղաքացի, ՀՀ կառավարության 09.06.2005թ. N 947-Ն որոշմամբ հաստատվել է զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը:
Նշված կարգի 2-րդ կետի համաձայն` անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից և առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքները, որոնց, ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք:
Կարիքավոր են համարվում սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող (ժամանակավորապես դպրոցներում, մանկապարտեզներում, ժամանակավոր կացարաններում, 4-րդ աստիճանի վթարային, խարխուլ տներում, նկուղային շենքերում և բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ապօրինի զբաղեցրած բնակարաններում, հանրակացարաններում, հյուրանոցներում, վարձով կամ պետական բնակարանային ֆոնդի տներում բնակվող) կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքները, որոնց բնակարանում հաշվառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 5 ու 5-ից պակաս քառակուսի մետր կամ բնակելի սենյակների և ընտանիքի անդամների սեռից, համատեղ բնակվող անձանց թվից ելնելով` անհրաժեշտ է լրացուցիչ բնակմակերես, ինչպես նաև այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը տառապում է հետևյալ հիվանդություններից մեկով.
-բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլյոզի ակտիվ ձևերը` տուբերկուլյոզային ցուպիկների արտադրությամբ,
-մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված),
-բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, եթե հիվանդին առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակմակերես հատկացվելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կմնա 5 և 5-ից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես:
Եթե Ձեր ընտանեկան պայմանները համապատասխանում են վերը նշված պահանջներից որևէ մեկին, ապա միանշանակ, Դուք կարող եք հաշվառման վերցվել, ինչի համար Դուք պետք է դիմում ներկայացնեք Ձեր բնակության վայրի համայնքի (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի) ղեկավարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
-Ձեր հաշմանդամության կարգավիճակը հավաստող տեղեկանք,
-տեղեկանքներ Ձեր բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակարանի բնակելի մակերեսի, սենյակների քանակի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից` սեփականության մասին,
-ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
-բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, անհրաժեշտության դեպքում` կարիքավորությունը հիմնավորող այլ փաստաթղթեր:
Անհրաժեշտ է նշել, որ հաշվառման են ընդունվում միայն այն ընտանիքները, որոնք մշտապես բնակվում են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին, իսկ բնակության ժամանակը որոշվում է տվյալ բնակավայրում հաշվառման առկայությամբ:
Բացառիկ դեպքերում, կառավարության որոշմամբ, կարիքավոր ընտանիքներին կարող է աջակցություն տրամադրվել առանց վերը նշված սահմանված պահանջները հաշվի առնելու:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ այն քաղաքացիները, որոնք բնակարանային պայմաններն արհեստականորեն վատթարացրել են փոխանակելու, օտարելու միջոցով, կարող են հաշվառման ընդունվել իրենց բնակարանային պայմանները վատթարացնելու օրվանից 5 տարի անցնելուց հետո:
Ձեր փաստաթղթերը ներկայացնելուց հետո համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակներ, որոնք կուղարկվեն համապատասխան մարզպետարաններ` բացառությամբ Երևանի համայնքի, որտեղ վերջիններս ամփոփելով, վերջնական կազմված կարիքավոր ընտանիքների ցուցակները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) ուղարկում են ՀՀ ՊՆ` կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրող հանձնաժողովի քննարկմանը:
Անհրաժեշտ է նշել, որ բնակարանի ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու չափը որոշվում է նրանց ընտանիքի անդամների և հասանելիք սենյակների թվից`
1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան 9 տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին,
2-սենյականոց բնակարան` 9 տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին,
3-սենյականոց բնակարան` 4-5 մարդուց բաղկացած ընտանիքին,
4-սենյականոց բնակարան` 6-7 մարդուց բաղկացած ընտանիքին:
Բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև հաշվառման վերցված և աջակցություն տրամադրելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, որը հաստատվում է համապատասխան բժշկական տեղեկանքով:
Ձեզ աջակցության չափը կհաշվարկվի` ելնելով աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`
-Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով,
-ՀՀ այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքով,
-ՀՀ գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:
Հարկ է իմանալ, որ աջակցությունը կարիքավոր ընտանիքներին տրամադրվում է միայն մեկ անգամ:
ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի
իրավաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ