Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵ՛ՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ



Բանակը մեր պետության եւ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Մեր զինվորին, ասել է թե` բանակը սիրելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է։ Ցավոք, վերջին ժամանակներս ոմանք փորձում են իրենց «սերը» բանակի նկատմամբ արտահայտել այն քննադատելով։ Հատկապես չարաշահվում է խաղաղ պայմաններում զինվորների մահանալու փաստը. խոսքը «You Tube»-ում տեղադրված տեսահոլովակներին է վերաբերում։ Պետք չէ բանակը միակողմանի քննադատել եւ չխոսել այն զինվորների մասին, որոնք տանը, քաղաքացիական կյանքում վատ դաստիարակություն են ստացել եւ վատ միջավայրում են ձեւավորվել։ Չմոռանանք, որ մարդը տանն է դաստիարակվում եւ ոչ թե բանակում։ Եվ պետք չէ հասարակության թերությունները բանակի վզին փաթաթել։ Ինչ խոսք, բանակն էլ անթերի չէ, ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ այստեղ կան սպային ոչ հարիր պահվածք ու կրթական ցածր մակարդակ ունեցող անհատներ։

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Բադասյանի հավաստմամբ` հայոց բանակի կարգապահության խնդիրը ամենաառաջնայինն է:

«Կարեւոր է, որ մեր բանակում ծառայող թե՛ զինվորը, թե՛ սպան, բացի ռազմական գիտելիքներին ու հմտություներին տիրապետելը, ունենան նաեւ բարձր բարոյահոգեբանական որակներ: Հայ սպան պետք է լինի ե՛ւ հմուտ զորավար, ե՛ւ մանկավարժ։ Ուստի կոչ ենք անում մեր մայրերին ու հասարակությանը՝ դաստիարակել հայրենասեր, կարգապահ սերունդ, ինչը պետության ու բանակի հենասյունն է»,- նշեց գնդապետ Բադասյանը:

Այսպիսով, անելիքը բոլորինս է և ոչ միայն բանակինը: Վերջինիս ուսերին է դրված ամենապատասխանատու ու ծանր գործը` հայրենիքի պաշտպանությունը:

Սիրենք մեր բանակն ու հպարտանանք նրանով։

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն


28/12/2011