Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



Բժի՛շկ, վեհ է ձեր կոչումը, վեհ, որովհետև դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ, դուք կյանք եք պարգևում մարդկանց, հույս ու հավատ ներշնչում, այն հույսը, որը երբեք չի մարում և ամենագլխավորը` մարդիկ միշտ երախտագիտության զգացում են տածում Ձեր հանդեպ:

Շատ ծնողների նման, ես էլ իմ որդիներին ճանապարհեցի Հայոց բանակ` զինվորական ծառայության:

Այնպես պատահեց, որ որդուս առողջական վիճակը վատացավ, և ես մեկնեցի զորամաս (հրամանատար` գնդապետ Ա. Հարությունյան): Իմ առաջին հանդիպումը կայացավ բժշկուհի Հասմիկ Մուշեղյանի հետ: Համեստագույն մի անձնավորություն` օժտված մարդկային ամենաբարձր հատկանիշներով, բարեհամբույր, բարեսիրտ, բարեկիրթ և մայրական գորովանքով լեցուն ցանկացած զինծառայողի նկատմամբ:

Այդ հեզահամբույր բժշկուհին ինձ գրավեց իր գիտակությամբ, նա տեղյակ էր յուրաքանչյուր զինվորի առողջական, բարոյահոգեբանական վիճակին և անգամ ծանոթ էր նրանց բնավորություններին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բուժկետի պետ Նարա Սերգեևնային. առաքինի, գեղեցկադեմ, լայնաժպիտ հայուհուն: Նա հիասքանչ կին էր, ուներ համոզիչ խոսք և զրույցի ընթացքում ինձ թվաց, թե մենք վաղուց ենք միմյանց ճանաչում, և ես հյուրընկալվել եմ ինչ-որ մի հոգեբանության կենտրոն, որտեղ մանրակրկիտ և մանրամասն զրուցում են զինվորի հոգսերի, ընտանիքի, անցածի ու ներկայի մասին:

Շնորհակալությո՛ւն, ազնիվ մարդիկ, լուսավոր կանայք:

Մեծն Շեքսպիրն ասել է. «Վեհ հոգիների համար շնորհակալությունը բարձր է բոլոր պարգևներից»:

Իմ որդին Ձեր հոգածության շնորհիվ առողջացավ ոչ միայն ֆիզիկապես, այլև ամրապնդվեց հոգեպես: Ամենալավ մարդկանց թվին եմ դասում վաշտի հրամանատար Դավիթ Հարությունյանին, նա զինվորականին հատուկ հոգեկերտվածքով մարդ է, անսահման բարի, կարգ ու կանոն սիրող մի անձնավորություն:

Թո՛ղ աշխարհում խաղաղություն լինի, Ձեր երկնակամարը`անամպ: Թող արևի նման ջերմանան Ձեր բոլորի սրտերը և միշտ ու հարատև ջերմացնեն ուրիշներին: Թող ձեր բոլորի ծառայությունը լինի անփորձանք ու գնահատելի: Միշտ Ձեզ հիշեն երախտագիտությամբ ու ժպիտով…

ԵՐՋԱՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Զինվորի մայր
Վայոց ձորի մարզ
ք. Եղեգնաձոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն


28/12/2011