Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով Ռուսաստանի մեկուսացումը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, նույնիսկ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել՝ «ներխուժելով Ուկրաինա»։

Բացվել է Ռուսաստանի ու Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը Ամուր գետի վրայով:

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չավուշօղլու. «Ռուսաստանը և ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու ամենամեծ սպառնալիքներն են»:

Ռուսաստանը կավելացնի մարտական անօդաչուների արտադրությունը. այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, որը ղեկավարում է պաշտպանական արդյունաբերության համալիրը: Նա նշել Է, որ «Ալտիուս» նոր ծանր անօդաչուները և «Ինոխոդեց»՝ թռիչքի մեծ տևողությամբ անօդաչուները բնութագրերով համադրելի են արևմտյան և թուրքական նմուշներին, մասնավորապես՝ Akinci նոր թուրքական անօդաչուին:

Իսրայել այցելած եվրոպացի առաջնորդները հույս են հայտնել, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածով բնական գազի մատակարարումները կօգնեն նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Վերջին տարիներին Իսրայելը դարձել է գազ արտահանող խոշոր պետություն և Կիպրոսի ու Հունաստանի հետ հավակնոտ համաձայնագիր է ստորագրել՝ խողովակաշար կառուցելու վերաբերյալ:

Գերմանիան փորձում է ճանապարհ գտնել՝ վերահսկելու մեծամասամբ Ռուսաստանին պատկանող նավթավերամշակման գործարանը, որն ապահովում է Բեռլինում սպառվող վառելիքի մեծ մասը: Գերմանիայի Շվեդտ քաղաքի գործարանն ապահովում է Բեռլինի վառելիքի 90 տոկոսը, 1960-ականներին կառուցումից ի վեր գործարանն ամբողջ հում նավթը ստացել է Ռուսաստանից`«Դրուժբա» խողովակաշարով:

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը Ռուսաստանից հավելյալ դաշնակցային ուժեր է խնդրում վերջին շրջանում Դոնեցկի ուժգնացող հրթիռակոծումներից հետո:

Չինաստանն առաջ է անցել Գերմանիայից՝ դառնալով ռուսական էներգառեսուրսների խոշորագույն գնորդը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր:

Ռուսաստանը փետրվարի 24-ից շուրջ 93 միլիարդ եվրոյի եկամուտ է ստացել նավթի, բնական գազի և ածխի վաճառքից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Լեհաստանի նախկին նախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքը՝ Ուկրաինային միջուկային մարտագլխիկներ նվիրելու Արևմուտքի իրավունքի մասին։

Զախարովայի գնահատմամբ՝ լեհ քաղաքական գործիչները տարածում են ատելություն, բորբոքում հակամարտությունները և այժմ սպառնում են մոլորակին՝ միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտմամբ, սակայն, ամենակարևորը՝ նրանք վտանգի տակ են դնում լեհ ժողովրդին:

Նիկարագուայի իշխանությունները հավանություն են տվել ռուսական զորքերի, օդանավերի և նավերի տեղակայմանը երկրի տարածքում։ Նրանց կթույլակտրվի իրականացնել մարդասիրական օգնություն, փրկարարական և որոնողական առաքելություններ արտակարգ կամ բնական աղետների դեպքում։ Ռուսական փոքրաթիվ զորակազմ կտեղակայվի նաև «փորձի փոխանակման և վերապատրաստման համար»։

 

Թուրքիա

 

Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքնաառաջադրվել է 2023 թ. նախագահական ընտրություններում:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար առանցքային դեր ունեցող դաշնակից է, և անհրաժեշտ է փարատել Անկարայի լուրջ և օրինաչափ մտահոգությունները Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության վերաբերյալ՝ նախքան Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Baykar Teknoloji-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը սոցցանցերում տեղադրել է Bayraktar Kizilelma անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին նկարները։ Անօդաչու ռազմական ինքնաթիռները կկարողանան օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից։

Թուրքիան և Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Թուրք պաշտոնյաները Հունաստանին կոչ են անում դադարեցնել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը և գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Նաև նշում են, որ Անկարան չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից։ Իսկ հունական կողմը առկա  լարվածության մեջ մեղադրում է Թուրքիային և պատասխանում է «հանգստությամբ և իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու վճռականությամբ»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ: Սիրիայի արաբական բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Մանբիջի շրջան, որտեղ սպասվում է Թուրքիայի զինված ուժերի հիմնական հարվածներից մեկը առաջիկա ռազմական գործողության շրջանակներում:

Ռուսական ավիացիան էլ ուժեղացնում է Սիրիայի հյուսիսում Էլ-Ղամիշլի քաղաքի մերձակա օդային պարեկությունը՝ տարածաշրջանում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողության նախաշեմին: Մոսկվան խելամիտ չի համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայի տարածքում և Անկարային կոչ է անում հարցը խաղաղ լուծել:

Թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպ նահանգի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հեռահաղորդակցային աշտարակին, այն շարքից դուրս է եկել։

«Efes-2022» զորավարժությունների շրջանակում ցուցադրվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մշակած «Kargi» նոր կամիկաձե ԱԹՍ-ը։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Քիրիսչին հայտնել է, որ, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած հացահատիկի համաշխարհային պակասորդի վերաբերյալ մտավախությունների ֆոնին Թուրքիան պատրաստվում է հացահատիկ աճեցնել Վենեսուելայում: Մտահղացման հեղինակը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է, որն առաջարկել է յուրաքանչյուր 100 կիլոգրամ ցորենի 70 տոկոսն արտահանել, իսկ 30-ը՝ թողնել երկրում:

Թուրքիայի և Վենեսուելայի միջև առեւտուրը 2019 թվականի 150 միլիոն դոլարից 2021 թվականին հասել է ավելի քան 850 միլիոն դոլարի:

Իսրայելի հակաահաբեկչական բյուրոն իսրայելցիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Ստամբուլից, ընդհանրապես խուսափել Թուրքիա մեկնելուց: Հայտարարությունն արվել է իսրայելցիներին առևանգելու իրանական ծրագիրը բացահայտելուց հետո:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր շահերը նաև տիեզերքում։ Նա հիշեցրել է 2021 թ. տիեզերք արձակված TՖrksat 5B հեռահաղորդակցության արբանյակի մասին, հավելել, որ 2023 թ. հունվարին կգործարկվի iMECE արբանյակը, իսկ հաջորդ տարվա կեսերին` TՖrksat 6A-ն: Նրա խոսքով՝ մոտ ապագայում Երկրի ուղեծրում թուրքական արբանյակների թիվը կհասնի տասի։

 

Իրան

 

Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։

Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը իր միջուկային օբյեկտների մշտադիտարկման 27 տեսախցիկ անջատելու մասին։ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են տվյալ որոշումը՝ նշելով, որ նման գործողությունները դժվարացնում են իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կատարումը վերականգնելուն ուղղված ջանքերը: Միաժամանակ, Իրանն արագացրել է նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղակայումն ուրանի հարստացման համար:

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աբբասզադե Մեշքինին ասել է, որ օրենսդիրները կքննարկեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Իրանի անդամակցությունը հնարավորինս շուտ կասեցնելու հարցը, եթե բանակցությունները դրական արդյունք չունենան:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բրիտանական «The Telegraph» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Թեհրանը «վտանգավորության աստիճանի մոտ է» միջուկային զենք ստեղծելուն և աննախադեպ արագությամբ հարստացնում է ուրանը: Բենեթը կոչ է արել միջազգային հանրությանը՝ միանալ Իսրայելին և մեծացնել Իրանի միջուկային հավակնությունների նկատմամբ ճնշումը: Աշխարհը պետք է «չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց»  դիրքորոշում ընդունի:

Տեղեկություններ կան, որ Իսրայելը Իրանին հետևելու համար ռադիոտեղորոշման կայաններ և այլ սարքավորումներ է տեղակայել Մերձավոր Արևելքի մի քանի երկրների տարածքում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի ներկայացուցիչներ օրերս զոհվել են տարբեր հանգամանքներում: Նրանք ներգրավված էին ԱԹՍ-ների, հրթիռների և արբանյակների մշակման աշխատանքներում։ Իրանական կողմը գիտնական զինվորականների մահվան մեջ մեղադրել է իսրայելական հատուկ ծառայություններին:

Իրանը կարող է չեղարկել վիզաները ռուս գործարարների համար՝ երկրում ներդրումներն ավելացնելու նպատակով։ Հատկապես վերջին ամիսներին Ռուսաստանի հետ հարաբերությունները երկրում որակում են որպես ռազմավարական:

 

Ադրբեջան

 

Ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայում անցկացվող  «Efes-2022» զորավարժություններին։ Զորավարժությունների շրջանակում Թուրքիա է մեկնել  Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, քննարկվել են ռազմական պատրաստության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով  բեկորային վնասվածքներ է ստացել գործարանի աշխատակիցը։

«Ազերէներջի» ընկերությունը Քարվաճառից դեպի Բերձոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ է անցկացնում՝ լեռնային, անտառապատ տարածքով։ Բերձորի շրջանում 110/35/10 կիլովոլտ հզորությամբ թվային ենթակայան է կառուցվում, որը էլեկտրաէներգիա կտրամադրի Բերձորում կառուցվելիք օդանավակայանին, տարածքի զորամասերին։

Էրդողանը հայտարարել է, թե համատեղ իրականացվող նախագծերի շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին և նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Նրանք համապատասխանաբար զբաղեցնում էին «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի և պրոդյուսերի պաշտոնները։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (1436) 15.06.2022 - 21.06.2022, Տարածաշրջան


17/06/2022