ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԸ
Մեր զորամասը փառահեղ կենսագրություն ունի. նա մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին և առանձնացել է իր բարձր մարտունակությամբ: Պարտավորեցնող անցյալ ու պատմություն, որ լավ հասկանում են զինվորից մինչև հրամանատար: Ահա ինչու այսօր էլ մեր զորամասը ՊԲ լավագույն զորամասերի շարքում է:
Մարտական բարձր պատրաստականություն և պատրաստություն` ահա մեր նշանաբանը: Հիմնական շեշտը դրված է զինծառայողների մասնագիտացվածության վրա: Ստորաբաժանումներում հաճախակի կազմակերպվող մասնագիտական, մարտավարական և տեխնիկական պարապմունքները տալիս են սպասված արդյունքները. բոլոր գերատեսչական ստուգումներում ինչպես ողջ զորամասում, այնպես էլ մեր առանձին ստորաբաժանումներում լավագույն ցուցանիշներով են առանձնանում:
«Տագնապ» ազդանշանով զորամասը բերվում է բարձր մարտական պատրաստականության, ստանում է մարտական խնդիր և անցնում դրա կատարմանը: Նշանակալի է այն փաստը, որ զորավարժությունների ընթացքում իրականացվում է մարտական հրաձգություն, ձեռք են բերում մարտի ժամանակ զինվորին այնքան անհրաժեշտ փորձն ու փորձառությունը: Մարտական պատրաստությունից զատ, զորամասում ամեն շաբաթ անց է կացվում տեխնիկայի և սպառազինության խնամքի օր: Ամեն զինվոր հրաշալիորեն տիրապետում է իր զենքին ու հասկանում, թե որքան կարևոր է այն մշտապես խնամված պահելը:
Մեր զորամասում բարձր է գնահատվում նաև զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, քանզի միայն առողջ ու կոփված զինվորն է ի զորու մարտական առաջադրանք կատարելու: Ուստի, բացի դասացուցակով նախատեսված ֆիզիկական պարապմունքներից, զորամասում կազմակերպվում են նաև մրցումներ և սպարտակիադաներ: Կազմակերպվում են ցուցադրական պարապմունքներ` ձեռնամարտի և ֆիզիկական պատրաստության այլ հնարքներ:
ՈՒշադրություն է դարձվում նաև պահակային ծառայության կազմակերպմանն ու կրմանը: Զորամասի ստորաբաժանումներն ընդգրկվում են նաև ներքին պահակային ծառայությունում, ուստի պարտավոր են ապահովել բարձր տեսական գիտելիքներ և պրակտիկ վարժվածություն: Զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ զորամասի միջոցներով կառուցվում է պահակային ավանը, վերանորոգվում է պահակատունը: Զորամասի հրամանատար գնդապետ Սահակյանի համար զորամասի պատերի ներսում չկան առաջնային ու երկրորդական խնդիրներ: «Բանակում մանրուքներ չկան ու չեն կարող լինել»,- ահա նրա սիրած արտահայտությունը: Չի անտեսվում ոչ մի բան. բոլոր ստորաբաժանումներում վերանորոգվում են ննջարանները, կենցաղային սպասարկման սենյակները, պահեստանոցները, լվացարանները և ժամանցի սենյակները: Այս ամենը ոչ միայն հեշտացնում է ծառայությունը, այլև այն դարձնում է է՛լ ավելի հետաքրքիր:
Զորամասում գործում է սերժանտական խորհուրդ, որը հրամանատարի անմիջական աջակցությամբ իր առջև դնում է լուրջ խնդիրներ և հասնում զգալի արդյունքների: Կուզեի հիշել մեր կազմակերպած սերժանտական օրը, որն աննախադեպ էր: Այդ օրը ստորաբաժանումներում որպես հրամանատարներ հանդես էին գալիս միայն սերժանտները և իրականացնում կարգացուցակով և դասացուցակով նախատեսված բոլոր միջոցառումները: Սերժանտական խորհուրդը գործունեություն է ծավալում նաև զինվորական կարգապահության և կոլեկտիվիզմի ամրապնդման ուղղությամբ: Միաժամանակ խորհուրդը զինծառայողներին հուզող բոլոր հարցերն ու խնդիրները ներկայացնում է հրամանատարությանը:
Զորամասում կան նաև լավ ավանդույթներ. կազմակերպվում են վիկտորինաներ, որոնց ժամանակ աչքի ընկած զինծառայողներն արժանանում են անակնկալ նվերների, հուշ երեկոներ` նվիրված ազգային հերոսներին և հայտնի ռազմական գործիչներին:
Մեր զորամասում ծառայում են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդին սիրող, զինվորի իրենց մասնագիտությամբ հպարտ զինվորներ ու սպաներ: Մենք աշխատում ենք արժանի լինել այն հերոսներին, որոնք կերտեցին մեր երկիրը, կերտեցին մեր բանակի հաղթանակը:
ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ,
կրտսեր սերժանտ
Լուս.` ԱՇՈՏ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ