Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՄ



ԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՄՀունիսի 21-ը բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան օրն է: 2010 թվականին գրողն ավարտեց իր երկրային կյանքի ուղին՝ մեզ թողնելով իր հարուստ գրական ժառանգությունն ու ճշմարիտ մտավորականի առինքնող կենսագրությունը: Գրողի ծննդյան 70-ամյակին նվիրված այս զրույցը անդրադարձ է նրա անցած ճանապարհի սրտառուչ ու անմոռաց դրվագներին:

 

-Պարոն Դուրյան, Ձեր բանաստեղծություններում որպես ծննդավայր, որպես հայրենիք՝ հիշատակվում են մեկ Անին, մեկ Շահաբ գյուղը, մեկ Նոր Նախիջեւանը։

-Ես անեցի եմ։ Պապերս՝ Քրիստոստուրյանները, Անիից գաղթել են հարյուրամյակներ առաջ, սակայն ես զգում եմ Անին իմ արյան, իմ գենի մեջ ու ինձ անեցի եմ համարում։ Նախնիներս սկզբից հաստատվել են Ղրիմում, այնուհետեւ տեղափոխվել են Նոր Նախիջեւան եւ հիմնել Չալդըր հայաբնակ գյուղը։ Ես ծնվել եմ Չալդըրում։ Փաստորեն իմ ծննդավայրը Չալդըրն է, սակայն, երբ մեկ տարեկան եմ եղել, հորս, որպես գյուղմեխանիզացիայի գծով հազվագյուտ մասնագետի, հրավիրել են աշխատելու Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում, ուր եւ անցել է մանկությունս։ Ես մեծացել եմ իսկական գյուղացի երեխայի պես՝ բնության գրկում, գառների, հորթերի հետ, խոսել եմ Խոյի բարբառով։ Մայրս՝ Սիրանույշ Գրնատերյանը, հին ազնվական տոհմից էր։ Նրա հարազատներին, որպես մեծատուն, աքսորել էին խորհրդային կարգերի հաստատման սկզբնական տարիներին։ Մայրս շատ վաղ մահացավ, նրա կերպարը իմ մտապատկերում ու հիշողության մեջ ավելի շատ հորինված է, զգայական, սակայն իմ ցավն ու կարոտը, իմ սերն ու պաշտամունքը երբեք չխամրեց, ու մինչ օրս ես բանաստեղծությունները ձոնում եմ մորս ու ողբում եմ նրա կորուստը։ Հայրս խստաբարո մարդ էր, միեւնույն ժամանակ չափազանց բարի, աշխատասեր ու պատասխանատու։ Նա գյուղական պաշտոնյա էր, շատ էր աշխատում, քիչ էր լինում տանը, ինձ իմ Մարթա տատն է մեծացրել։ Երբ հայրս ամուսնացավ, ես ու Մարթա տատս տեղափոխվեցինք Երեւան՝ քեռուս տուն։ Հիշում եմ, թե ինչպես էինք ես ու տատս իրար ձեռք բռնած այցելում մորս գերեզմանին։ Հայրս երկրորդ կնոջից հինգ երեխա ունեցավ, փառք Աստծո, որ մենք երբեք չզգացինք խորթություն, մինչ օրս էլ շատ մտերիմ ենք, նրանք սիրում ու հարգում են ինձ, մեծարում են որպես ավագի, հոր կարոտն ինձնից են առնում։

-Դուք մասնագիտությամբ գյուղատնտես եք։ Ենթադրում եմ, որ բանաստեղծելու շնորհքը ավելի ուշ է նկատվել։

-Ո՛չ, բանաստեղծություն գրել եմ մանկուց։ 14-15 տարեկանում արդեն տպագրվում էի «Պիոներ կանչում»։ Բայց հայրս մեծ հույսեր չէր կապում բանաստեղծելու շնորհքիս հետ, ցանկանում էր, որ ես լուրջ մասնագիտություն ունենամ, մասնագիտություն, որ ինձ հացի տեր կդարձնի։ Ուսումնառությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ տնկարանում, որպես բրիգադիր, սակայն շարունակել եմ տպագրվել։ Զբաղվել եմ նաեւ լրագրողական աշխատանքով, իմ հոդվածները տպագրվել են հանրապետության տարբեր պարբերականներում։

-Ասացիք, որ Ձեր պապերը Քրիստոստուրյան են եղել, Դուք ինչո՞ւ եք Դուրյան։

-Դուրյան իմ գրական ազգանունն է։ Հավանաբար, խորհրդային շրջանում Քրիստոստուրյան ազգանունն այնքան էլ խրախուսելի չէր, ու երբ ինձ առաջարկեցին որպես գրական կեղծանուն վերցնել ավելի բարեհունչ Դուրյան ազգանունը, համաձայնեցի, որովհետեւ շատ եմ սիրում Պետրոս Դուրյանին։ 58 թվականին լույս տեսավ առաջին գիրքս՝ «Արշալույսի երգերը»։ Այսօր իմ գրական ժառանգությունն ամփոփվում է 32 գրքերում։

-Պարոն Դուրյան, ի՞նչ տեղ ունի ռազմահայրենասիրությունը Ձեր բանաստեղծական մտորումներում։

-Հայրենիքի թեման իմ բանաստեղծական ասելիքի գլխավոր մոտիվն է, որ միշտ էլ ներշնչանքի աղբյուր է եղել ինձ համար։ Ես ինձ համարում եմ ազգային բանաստեղծ, քանի որ հայրենիքը իմ բանաստեղծական աշխարհի միջուկն է, առանցքը։ Մեր ժողովրդի պատմությունը, նախնյաց փառքը, հաղթանակներն ու պարտությունները, նվաճումներն ու կորուստները դարձել են բանաստեղծական պատկեր։ Ես միշտ էլ ապրել եմ հայրենիքի ճակատագրով, միշտ էլ շատ ուժեղ եմ զգացել իմ արմատն ու գենի զորությունը.

 

Ով որ քո մահն է կամենում, կդառնա

                                    ավազ ու փոշի,

Բազմաշնորհ օրենքն օտարի քո բախտը էլ

                                    չի՛ որոշի,

Ծովից ծով կծփա ազատ եռագույն այգը

                                    դրոշիդ,

Կնայես նորից տիրաբար, վեհաշուք

                                    փառքով, Հայաստան։

 

-Անդրադարձել եք նաեւ Արցախյան պատերազմին։

-Ես զինվորապաշտ եմ, եւ հայկական բանակի ծնունդն ու Արցախյան ազատամարտը չէին կարող չփոթորկել սիրտս կրակով, արիությամբ, ուժով։ Մեկը մյուսի հետեւից լույս տեսած «Սիրտն արցունքի մեջ է», «Ե՛վ մանանա, ե՛ւ նշխարք», «Քարե արցունք», «Արեւ խաչքար», «Եվ Անին մնաց հեռվում», «Մեր տարիքն Արարատն է» գրքերը։

 

Ուր էլ լինեմ՝ կողքին եմ քո, հայ զինվոր,

Շեփորաձայն երգի ուժն եմ քո հոգու…

Ես հյուսում եմ հաղթանակի քո դափնին

Որ զարդարեմ ճակատագիրդ փառքով…

 

-Սա փոքրիկ հատված էր Ձեր բանաստեղծությունից։ Ի՞նչ է ազգի զինվորը Ձեզ համար։

-Զինվորը հայրենիքի, ազգի ամենաթանկ, ամենաբարձր արժեքն է։ Զինվորը ուժի, անձնազոհության, հերոսության խորհրդանիշ է։ Զինվորը տեր է, զինվորը պահապան է, զինվորը նա է, ով քայլում է առջեւից։ Մենք պիտի պաշտենք զինվորին, պիտի պաշտենք զինվոր-գաղափարը, զինվոր-տեսակը, որովհետեւ զինվորի հոգեբանության, զինվորաբար նվիրվելու ու ծառայելու պատրաստակամություն ունեցող անհատներն են բարձրացնում ազգը, երաշխավորում նրա ապագան։ Իմ ռազմահայրենասիրական բանաստեղծությունները խնդիր ունեն մարդու հոգում արթնացնելու զինվորին, ոգեկոչելու զինվորությունը՝ որպես ուժի, հպարտության, խիզախության, վեհության հավաքականություն։

-Ձեր խոսքերով բազմաթիվ երգեր են ստեղծվել, իսկ բանակի, զինվորի մասին բանաստեղծությունները ներշնչանքի աղբյուր դարձե՞լ են կոմպոզիտորների համար։

-Ռազմահայրենասիրական թեմաներով բազմաթիվ երգեր ենք ստեղծել՝ համագործակցելով ճանաչված կոմպոզիտորների հետ։ Պոեզիան պիտի հուշի երգի մեղեդին, պիտի իր ներքին երաժշտությամբ ներդաշնակ լինի երգին, միայն այդ դեպքում կլինի բարձրորակ եւ կսիրվի ժողովրդի կողմից։ Ընդհանրապես, պոեզիան շատ նուրբ, տարողունակ եւ զգայուն երեւույթ է, ազգային երեւույթ։ Պոեզիան պիտի կրի իր ժողովրդի պատկերը, ազգային նկարագիրը, պիտի ունենա ազգային ռիթմ, մեղեդայնություն։ Իմ գրական ժառանգության մեջ քիչ չեն լիրիկական, խոհափիլիսոփայական բանաստեղծություններ, սակայն ինձ սրտամոտ է նաեւ խրոխտ, ուժեղ, պաթոսով լի, մարտնչող պոեզիան, որ զենքի նման է ու զենքի ուժ ունի։

-Վազգեն Սարգսյանի՝ Ձեզ նվիրած իր «Հացի փորձություն» գրքի վրա մակագրված է՝ երախտագիտությամբ։ Ինչո՞ւ էր երախտագետ ապագա զորականը։

-Մի օր Վիկտոր Բալայանը ինձ, Սոս Սարգսյանին եւ Ռուբեն Հովսեփյանին ասաց. «Ձեզ տանելու եմ Արարատ եւ ծանոթացնելու մի տաղանդավոր երիտասարդի հետ, նրան մեծ ապագա է սպասվում, խոստումնալից արձակագիր է»։ Մենք հյուրընկալվեցինք Վազգեն Սարգսյանի հայրական տանը։ Շատ ջերմ, մտերմիկ մթնոլորտում լավ ժամանակ անցկացրինք, իրոք համոզվեցինք, որ տղան տաղանդավոր է։ Ես այդ ժամանակ աշխատում էի հրատարակչությունում եւ ամեն ինչ արեցի, որ Վազգեն Սարգսյանի գիրքն արագ հրատարակվի։ Ինձ էլ ժամանակին Պարույր Սեւակն է օգնել։ Նրա խորհրդով՝ ես ու Մուշեղ Գալշոյանը գնացինք Մոսկվա եւ սովորեցինք գրականության ինստիտուտում։ 95-96 թվականներին, երբ Վազգեն Սարգսյանն արդեն պատերազմը հաղթանակով ավարտած Սպարապետ էր, փողոցում անծանոթ մարդիկ կանգնեցրին մեր մեքենան (տղայիս հետ էի)։ Հանկարծ մեքենայից իջավ պաշտպանության նախարարը՝ Վազգեն Սարգսյանը, գրկեց ինձ։ Ինձ շատ հպարտ զգացի։ Մենք նույն ճանապարհով էինք գնալու։ Վազգեն Սարգսյանը պնդեց, որ ամբողջ ճանապարհին իմ մեքենան գնա առջեւից, իսկ իր մեքենան թիկնապահի պես հետեւի ինձ։ Պայծառ, հախուռն, ուժեղ ու ազնիվ տղա էր։

-Երբեւէ շփվե՞լ եք հայկական բանակի զինվորների հետ, եղե՞լ եք զորամասերում։

-Իմ թոռներից մեկն արդեն զորացրվել է, Մհերս ծառայում է։ Դավիթս պատրաստվում է զորակոչվել։ Այնպես որ, բանակը գիտեմ ներսից։ Բազմիցս եղել եմ զորամասերում, ելույթ եմ ունեցել զինվորների համար, բանաստեղծություններ եմ կարդացել, ազգային, հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններ, զինվորներն ինձ լսում էին մեծ ոգեւորությամբ, ներշնչանքով։ Մենք պիտի յուրաքանչյուրս մեր ուժերի չափով աջակցենք բանակին՝ մեր սիրով, բարյացակամ վերաբերմունքով, մեծացնենք եւ բանակ ուղարկենք հայրենասեր, խիզախ, կոփված ու հայրենիքին նվիրվելու պատրաստ հայորդիներ։

-Անձամբ Դուք ի՞նչ խորհուրդներով եք բանակ ճանապարհել Ձեր թոռնիկին։

– Ասել եմ. «Ով բանակ չի գնում, ով չի անցնում ծառայական փորձություններով, հոգու խորքում մնում է չկայացած, խեղճուկրակ։ Տղան չպետք է կյանք մտնի փախուստով, դասալքությամբ։ Պետք է կարողանա ճիշտ ապրել, ծայրահեղ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել, գտնել ինքնահաստատվելու, տղամարդ դառնալու, հարգվելու ճիշտ ճանապարհ։ Իսկ այդ ամենը սովորում ես հենց բանակում՝ կասկածելով, սխալվելով, ճշտելով, համոզվելով»։

Ազգային բանակի յուրաքանչյուր զինվորի մաղթում եմ հոգու արիություն ու հայրենիքի սահմանին հպարտ ու աներկյուղ կանգնելու պատվախնդրություն։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Հոգևոր-մշակութային


24/06/2022