Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ…



ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...Ծառայության ամբողջ ընթացքում, ինչպես և 44-օրյա պատերազմում բացառիկ նվիրումով, անձնուրացությամբ ու քաջությամբ աչքի ընկած, հետմահու ԱՀ «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով պարգևատրված սերժանտ, ինքնագնաց հրետանային կայանքի հրամանատար Դավիթ Յակովլևը հունիսի 18-ին կդառնար 21 տարեկան… Դավիթը յուրահատուկ էր… Այս խոսքերը հաճախ ենք լսում 44-օրյա պատերազմում Հայրենիքի ազատության համար մինչև վերջին շունչը կռված ու հերոսացած տղաների մասին: Եվ բոլորի պարագայում էլ, երբ սկսում ես ավելին իմանալ նրանց ապրած կյանքի, մարդկային տեսակի մասին, լիովին համոզվում ես այս խոսքերի ճշմարտությանը: Այո՛, Դավիթը այդ յուրահատուկներից էր…

 

Յակովի (Դավիթին այդպես էին անվանում ծառայակիցները) հայրական պապը ազգությամբ ասորի էր. այդտեղից էլ նրա ազգանունը՝ Յակովլև: Ասում են՝ մարդու գենետիկ հիշողության մեջ ամբողջապես պահպանվում է նրա գերդաստանի հիշողությունը: Հայրենիք եզրույթը Դավիթի մեջ վառ ու խտացված գույներով էր արտահայտված: Հրաշալի պատմություն գիտեր. Արցախը նրա համար Հայրենիք էր՝ ապրող ու կանչող Հայրենիք, որի պաշտպանական մարտերում էլ կնքեց իր մահկանացուն՝ ընդամենը 19 տարեկանում…

Փոքրուց Դավիթին հետաքրքրում էր աստղագիտությունը, մաթեմատիկան, ֆիզիկան, ինժեներիան: Բացառիկ մաթեմատիկական ընդունակություններով օժտված Դավիթը հանրապետական մրցույթների առաջատարներից էր. երկրորդ տեղը գրավելը նրա համար պարտության էր հավասար: Ավարտել էր «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հատուկ դասընթացը, որտեղ միակ դեռահասն էր: «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել էր ծրագրավորման լեզուներ: «Յութուբում» իր էջն ուներ, մեծ հաջողությամբ ծրագրեր էր վարում: Մասնակցում էր «Թումոյի» ռոբոտաշինության դասընթացներին: Հայաստանի մասշտաբով «Ռոբոտիքսի» առաջին մրցույթին նա մասնակցեց՝ որպես թիմի ավագ և իր թիմով առաջին տեղը գրավեց: Գերազանցությամբ ավարտելով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը՝ ընդունվել էր ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Մինչ այդ, մասնակցել էր Ամերիկյան համալսարանի մաթեմատիկայի քննությանը և 400-ից 375 միավոր ստացել: Տանը կեսկատակ-կեսլուրջ ասել էին. «Դավիթ, դա քեզնից չէր…»: «Մի՛ անգամ էլ կմասնակցեմ»,- վճռել էր ու նորից էր մասնակցել՝ այս անգամ արդեն գրանցելով այդ տարվա ամենաբարձր ցուցանիշը՝ 396 միավոր 400-ից: Ընդունվել էր Ամերիկյան համալսարան, բայց որոշել էր ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորել, որից հետո կրթությունը կկարողանար շարունակել աշխարհի լավագույն բուհերից մեկում:

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...-Ամերիկյան համալսարանում ուսումը վճարովի է,- պատմում է մայրը՝ Սոֆին:- Ասաց. «Չեմ գնա: ԵՊՀ կընդունվեմ»: «Խնդիր չէ վարձը, կվճարենք»,- ասում էի: «Չէ՛, մա՛մ, երբ ես ծառայությունից հետ գամ, Արեգն էլ է ընդունվելու համալսարան: Երկու ուսանող ո՞նց եք պահելու»:

Հունիսին ընդունվեց ԵՊՀ, իսկ հուլիսին զորակոչվեց բանակ: Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում:

-Երբեք չի եղել, որ անարդարության հանդիպեր ու կռիվ չտար մինչև վերջ: Զորամասում էլ շատ խելոք չի եղել: Ոչ մի կերպ չէր հանդուրժի անհարգալից վերաբերմունք: Լիդեր էր բառիս բուն իմասով. հնարավոր չէր նրան չլսել, չհարգել:

Արժանապատվության ընդգծված զգացում ուներ: Երբ բաց դռների օրերին գնում էինք տեսակցելու, այդքան զինվորների մեջ արդեն գիտեի, թե որն է իմ զինվորը: 15 րոպե էր տրված: Բոլորը վազելով գալիս էին դեպի դարպասը, իսկ հեռվում երևում էր որդուս արժանապատիվ, ձիգ կերպարանքը, զուսպ, անշտապ քայլերով մոտենում էր: Տեսնում էի, թե ի՜նչ առատ «տուլիկներ» էին բերում մյուս մայրերը: Իսկ ինձ խստիվ արգելել էր շատ բան բերել. «Մա՛մ, սա, սա ու սա. ուրիշ ոչ մի բա՛ն. խայտառակ չանե՛ս ինձ»:

Ուսումնական զորամասում բոլոր քննությունները գերազանց հանձնելով և հրետանավորի դասային որակավորման 3-րդ կարգ ստանալով՝ Դավիթը, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել էր Արցախ:

-Առաջին անգամ Արցախում եղա, երբ որդուս Իվանյանի զորամաս էին տեղափոխել,- շարունակում է Սոֆին:- Ամուսնուս հետ գնացինք նրան տեսնելու. Դավիթս մեզ հպարտությամբ ցույց էր տալիս բոլոր պատմական վայրերը: Շուշիում տարերքի մեջ էր. «Նայե՛ք, թե ի՜նչ անհավանական տեղերով են մերոնք մտել…»:

Ամենաթանկը, որ ունեի… Այդքան կատարյալ… Նրա պահարանների դարակներում այնպիսի կարգուկանոն էր, որպիսին անգամ աղջիկների մոտ չես տեսնի: Անընդհատ հոգում էր իմ մասին. «Մա՛մ, ինչո՞ւ ես այդքան չարչարվում: Մի քիչ հանգստացի»: Եղբայրներին ստիպում էր ամեն ինչ հավաքել, դասերին էր հետևում: Ինձ քիչ բան էին թողնում անելու: Զորամասից անգամ մեզ հսկում էր: Տանը պարապելիս միշտ բազմոցի այս անկյունում էր նստում, ու աջ ձեռքս միշտ իր ձեռքի մեջ պիտի լիներ: Ասում էր. «Էս ձեռքը քոնը չէ, իմն է, մա՛մ»:  Երբ զանգում էի զորամաս, դառնում էր ընկերներին. «Հլը քար լռությո՛ւն, տղե՛րք, սրբությունն ա զանգել»: Ծիծաղում էի. «Ա՛յ տղա, դա քեզնից չէ. ի՞նչ «ռաբիս» արտահայտություն ես անում»: Իր մայրը կողքից հանկարծ ինչ-որ ավելորդ բառ պիտի չլսեր: Իսկ հայրը նրա ամենամեծ հեղինակությունն էր…

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...Պատմում է Դավիթի պապիկը՝ Հայկ Հայթայանը, որը նրա ընկերն է եղել՝ այս բառի ամենախորը իմաստով. թոռնիկը նրանից գաղտնիքներ չուներ:

-Վեց թոռնիկ ունեմ. Դավիթս մեր առաջնեկն էր… Առաջին թոռնիկիդ հետ միշտ հարաբերություններդ մի քիչ այլ են լինում, չնայած բոլորին հավասարապես սիրում ես: Իր առանձին տեղն ուներ իմ սրտում… Ճշմարիտ էր ու շիտակ, ընդգծվա՛ծ արժանապատիվ: Իր բոլոր, նաև մարտական ընկերների համար «վիզ էր դնում»: Դավիթս աղջկաս՝ Սոֆիի զավակն է, բայց շաբաթը առնվազն մի օր մեր տանն էր մնում, քանի որ մեր տունը մոտ է ֆիզմաթ դպրոցին, ուր հաճախում էր:

Հայաստանում գրեթե տեսարժան վայր չկա, որ ես ու կինս՝ Անահիտը, նրա հետ այցելած չլինենք: Արցախ նրա առաջին այցին նույնպես միասին էինք: Հիշում եմ՝ Քարվաճառի կիրճով էինք անցնում: Ասացի. «Դավի՛թ, տեսնո՞ւմ ես Արցախը ի՜նչ գեղեցիկ է»: Հետևի նստարանին էր նստած: Ասաց. «Պապի՛կ, ես ամեն ինչ տպում եմ իմ աչքերում».- ափերով շրջանակել էր լայն բացված աչքերը: Մի լուսանկար ունի՝ Շուշիի բարձր լեռան կատարին մեջքով կանգնած, ասես գրկել է այդ փառահեղ տեսարանը: Սիրում էր Արցախը… Ցավն այն է, որ նա շատ ավելին կարող էր անել իր երկրի, իր սիրած Արցախի համար, քան հասցրեց անել… Ինչ էլ ձեռնարկեր, որտեղ էլ լիներ, անպայման պետք է հաղթեր: Պատերազմից վեց ամիս առաջ նրանց դիվիզիոնի հրամանատարը նրան կոորդինատներ ճշտելու վերաբերյալ հանձնարարություններ էր տվել: Մի օր զանգեց. «Պա՛պ, ամբողջ գիշեր չեմ քնել. հաշվարկներ էի անում: Պատրաստվում ենք, որ պատերազմ լինի, հստակ իմանանք մեր գործը»: Ծառայակից ընկերներն են պատմել. երբ արդեն Մարտունիում էր, նրա ռադիոկապը անդադար աշխատում էր. կոորդինատները հաղորդում էին Դավիթին, նա արագ հաշվարկներ էր անում, թիրախը խոցում էին, ու զանգում, հաջորդ թիրախն էր պահանջում: Տպավորություն էր, որ ռադիոկապի սարքերը «շիկանում էին», այնքան ակտիվ էր կապը:

…Ամսի 25-ն էր. սիրտս անհանգիստ էր: Աղջկաս վերցրի, գնացինք Էջմիածին: Մայր տաճարն այդ ժամանակ նորոգում էին. կողքի մատուռում մոմ էինք վառում, երբ շատ ծանր զգացողություն ունեցա: Նայեցի Սոֆիի ու Անահիտի դեմքերին, զգացի, որ նրանք էլ են նույն վիճակում… Բոլորիս սիրտը այդ օրը ինչ-որ վատ բան էր վկայում… Դավիթիս ռուսերենի ուսուցչուհին մեր տան հարազատն է. այժմ շուտ-շուտ է մեզ այցելում: Մի օր՝ այս դեպքերից հետո, պատմեց մի բան, որը անհանգստացրել էր նրան, բայց բնականաբար չէր կիսվել մեզ հետ: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո էր: Ռուսերենի դասին քննարկել են պատերազմական դեպքերը, երբ Դավիթը անսպասելի ասել է. «Սա պատերազմ չէր, սա միայն նախերգանքն էր: Իսկական պատերազմը կլինի այն ժամանակ, երբ ես բանակում կլինեմ: Ինձ կռվի դաշտից կբերեն զոհված…»: Ուսուցչուհին սաստել էր Դավիթին. «Ինչե՜ր ես խոսում. չի կարելի այդպիսի բաներ ասել»:

…Ֆիզմաթ դպրոցը 6 զոհ ունեցավ 44-օրյա պատերազմում՝ մեկ սպա, հինգ զինվոր: Նրանց մեջ էր նաև Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռնիկը: Բոլորը հրաշալի, օժտված տղաներ…

Մայրը՝ Սոֆին, ցույց է տալիս որդու լուսանկարները. գեղեցկատես, վառվռուն…

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...Պատմում է ծառայակից ընկերը՝ Ասատուր Մելքոնյանը.

-Դավիթի հետ ութ ամիս ենք ծառայել: Նա ինձնից վեց ամիս ուշ էր ծառայության անցել: Զգայուն էր, բարի, խելացի: Համեստ էր, բայց շատ նպատակասլաց: Այն, ինչ ոչ ոք չէր կարողանում անել, փորձում էր ինքն անել ու ստացվում էր: Ամեն երեկո զրուցում էինք, որոշել էինք, որ մեր ընկերությունը ծառայությունից հետո անպայման շարունակվելու է: Ապագայի ծրագրեր էինք գծում. պատրաստվում էինք ծառայությունից հետո ամուսնանալ… Դավիթը և Արամը՝ նրա հաշվարկի մեխանիկը,  մեր կողքի հաշվարկից էին, բայց հաց ուտելիս միշտ հավաքվում էինք իրենց թաքստոցում: Մտորում էինք՝ ո՞նց է վերջանալու այս պատերազմը…

Մի օր Իվանյանի մոտակայքում տեխնիկան շարքից դուրս եկավ: Մի քանի օր մնացինք այնտեղ. չէինք ուզում թողնել մեր տեխնիկան: Հադրութից վերադառնալուց հետո իրար հետ գնացինք կենտրոնացման շրջան: Դավիթը մնաց այնտեղ, իսկ ես Արամի հետ գնացի մեր ինքնագնացը ետ բերելու: Այդ ընթացքում էր, որ Դավիթին, իր իսկ խնդրանքով, ուղարկել էին Մարտունի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում: Շատ ճկուն էր, արագ էր կողմնորոշվում. նրան բարձր էին գնահատում:

Արամ Կիրակոսյանը՝ Դավիթի հաշվարկի մեխանիկ-վարորդը, ցավով է հիշում ծառայակից ընկերոջը՝ իր հաշվարկի հրամանատարին.

-Երբ Դավիթը առաջին անգամ մտավ մեր զորամաս, իրեն զգում էր ինչպես տանը, ոչ մի քաշվածություն: Ոտից գլուխ իդեալական տեսք ուներ. անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը: Հետագայում արդեն համոզվեցինք, որ ամեն ինչում էր այդպես: Երբ որևէ գործ էր հանձն առնում, հասցնում էր ավարտին ու դա անում էր գերազանց:

Ծառայության առաջին մի քանի օրերին շատ լարված էր,- հիշում է Արամը:- Փորձում էր ոչ մի բանով ուրիշներից հետ չմնալ: Խոստովանում էր,  որ տանը ֆիզիկական գործ անելուն սովոր չի եղել: Երբ նրա հետ գնացինք անտառ՝  ցախ հավաքելու, տեսա՝ ինչպես էր չարչարվում, ասացի. «Էս ո՞նց ես փորձում կոտրել, չի՛ ստացվի»: «Ոչի՛նչ, առաջին անգամ է, կսովորեմ»,- ասաց: Հաջորդ օրը առավոտյան մի պահ կորել էր տեսադաշտից, մեկ էլ եկավ՝ գոհ, ուրախ. անտառից ճյուղերի մի մեծ խուրձ էր բերել: Ծառայության մեջ թե մյուսներս ինչ-որ բաների մատների արանքով նայեինք, նա՝ չէ՛, պիտի կատարելության հասցներ ամեն ինչ: Ու երբ մեր հաշվարկի հրամանատարն էր, նույն խստությամբ իր անձնակազմին էր վերաբերվում: Երեկոյան քնելուց առաջ, մտորումների մեջ էր ընկնում. վաղը էս կանենք, էն կանենք, որ տարբերվենք բոլորից: Երբ մարտկոցի հրամանատարը արձակուրդում էր լինում, դասընթացները մարտկոցի անձնակազմի հետ Դավիթն էր անցկացնում:

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...Հոկտեմբերի 19-ից Դավիթը Շեխերում էր: Պատրաստվում էին հատուկ գործողության: Մեր մեծաթիվ զորքը հայտնվել էր շրջափակման մեջ: Շեխեր գյուղի մոտակայքում իրեն կցված ինքնագնաց հրետանային կայանքի կրակով Դավիթը մասնակցում էր պաշտպանությանը: Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամու թիրախներն անվրեպ խոցվում էին:

Այդ օրը երկնքում թշնամական անօդաչուներ հայտնվեցին: Նկատել էին այդ ուղղությունից վարվող ինտենսիվ կրակոցները… Հոկտեմբերի 26-ին Դավիթն իր 11 ընկերների ու հրամանատարի հետ զոհվեց ԱԹՍ-ի հարվածից…

-Հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է,- պատմում է մայրը՝ Սոֆին:- Ամուսինս անմիջապես ճանապարհ ընկավ դեպի Գորիս, ես, հայրս, մայրս ու միջնեկ որդիս՝ Արեգը, ավելի ուշ շարժվեցինք… Ճանապարհից ամուսինս զանգեց մեզ. «Մի՛ եկեք, հե՛տ դարձեք, պետք չի գալ…»: Բոլորս շանթահարվեցինք. չէինք ուզում հավատալ: Արեգս ըմբոստացավ, բարձր գոռաց. «Չէ՛, հնարավոր չէ: Դավիթը մինչև վերջ կկռվի, ատամները սեղմած, բայց չի հանձնվի: Ես իրեն լա՛վ գիտեմ»: Վստահ էինք, որ չկա մի բան, որ Դավիթը իր կյանքում չկարողանա հաղթահարել…

…Արամիս՝ մեր փոքրի հետ առանձնահատուկ էր կապված: Տասը տարեկան էր. ուշքը գնում էր փոքր երեխաների համար: Մի օր եկավ, ինձ խնդրեց. «Մա՛մ, ի՞նչ կլինի, մենք էլ փոքրիկ ունենանք…»: Նա՛ ինձ ստիպեց: Հիշում եմ, թե ի՜նչ հպարտությամբ դիմավորեց մեզ ծննդատնից: Մեր տանն այդ օրը բոլոր հարազատները հավաքվել էին, շնորհավորում էին: Իսկ ինքը երեխայի օրորոցից չէր հեռանում. տեղից չշարժվեց մինչև երեկո: Այդպես ամիսներ շարունակ. նստում էր քնած եղբոր կողքին ու հետևում. «Մամա՛, շարժվեց, մամա՛, սոված է, մա՛մ, զարթնեց»: Ասում էի. «Դավի՛թ, հանգի՛ստ թող էդ էրեխուն»: Նրան ավելի էի վստահում նորածին Արամիս, քան որևէ մեկին: Մոր պես հոգում էր: Երբ մեծացավ, դաստիարակում էր՝ իր պես կարգուկանոնի սովորեցնում:

-«Ուտում էր» Արամին,- ժպիտով հավելում է տիկին Անահիտը,- անունը «բրդուճ» էր դրել:

-Արամս ընդհանրապես չի խոսում Դավիթի մասին. մեզ ցավ չի ուզում պատճառել,- շարունակում է Սոֆին:-Դավիթի կարատեի հագուստով է մարզումների գնում, չնայած արդեն փոքրացել է վրան: Երբեք չի արտահայտվում, չի խոսում եղբոր մասին, բայց գիտեմ, որ մեծ հպարտություն է զգում, որ իր եղբայրը հերոս է, որ կյանքը տվեց իր ու մյուս երեխաների համար, որ խաղաղության մեջ ապրեն…

Բացառիկ ազնիվ էր: Երբեք չէր խաբում: Քծնանք, կեղծավորություն տանել չէր կարող: Պարզ էր բյուրեղի պես: Միակ անգամը, որ մեզ ճիշտը չասաց, հենց այն գիշերն էր, երբ մեկնելու էին Մարտունի: Ամուսնուս հետ էր խոսում. ասաց. «Վաղվա հաշվարկը արդեն կա. ես իրենց հետ չեմ լինելու»: Դա շաբաթ օրն էր: Կիրակի օրը զանգեց, ասաց, որ իրենց գիշերով տեղափոխում են: «Ո՞նց, գնո՞ւմ եք: Ասում էիր, որ դու այդ հաշվարկի մեջ չես»: Բարձրախոսով էին խոսում ամուսնուս հետ. ես կողքից լսում էի: Մի պահ լուռ էր, հետո ասաց. «Չէ՛, պա՛պ, բոլո՛րս ենք գնում»: Ու հաջորդեց հատու խոսքը. «Տե՛նց ա պետք»:

Ութ օր Մարտունիում էին. կապ չուներ, բայց ամեն օր ինչ-որ մեկի միջոցով հաղորդագրություն էր ուղարկում մեզ, որ իմանանք՝ ողջ է: Հոկտեմբերի 23-24-ն էր: Ամուսինս գնաց նրանց կենտրոնացման շրջանը: Տեղում պարզել էր, որ բնավ էլ բոլորը չէին մեկնել Մարտունի: Իրենց մարտկոցից միայն ինքն էր գնացել, իր իսկ խնդրանքով՝ «Տե՛նց ա պետք»:

-Բացարձակ արդարամիտ, ազնիվ, բարի, արդարության մարտիկ, չափազանց պատասխանատու,-ասում է տիկին Անահիտը:- Իր սիրած արտահայտությունն էր՝ «Հզո՜ր է»: Եթե մի բան նրան հիացներ, կասեր. «Հզո՜ր է»: Նա չէր կարող պարտվել և նա չի պարտվել, նա հաղթե՛լ է…

Սոֆին ցույց է տալիս Դավիթի պատվո անկյունում շարված մեդալները.

-Սա սերժանտի կոչում ստանալու մեդալն է. Լուսակերտում ուսումնական շրջանն ավարտելուց հետո է ստացել: Այս երկուսը՝ «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», արդեն Իվանյանի զորամասում է ստացել: Կրտսեր սերժանտի քննությունները գերազանց հանձնելուց հետո էլ ստացել է հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգի մեդալը: Իսկ սրանք արդեն պատերազմական գործողությունների համար տրված «Մարտական հերթապահության» և «Արիության» մեդալներն են:

Ամեն զինվոր չէ, որ «Արիության» մեդալի է արժանանում: Բայց դա էլ չէ կարևորը: Դավիթը յուրահատուկ էր: Յուրահատուկ այն բոլոր ազնվազարմ, վեհանձն, հերոս տղաների նման, որոնք քաղաքացիական կյանքում կարող էին հրաշալի մասնագետ դառնալ, որոնք ունեին անհուն երազանքներ ու ծրագրեր, բայց որոնք ամենակարևոր ու վճռական պահին իրենց որպես իսկական հայ տղամարդ դրսևորեցին. վտանգի առջև չընկրկեցին, մոռացան իրենց «ես»-ը, իրենց ամենաթանկը՝ կյանքը դրեցին հանուն հայրենի երկրի, հանուն իրենց սիրելիների արժանապատիվ ապագայի: Հավերժ հիշատակ ու խոնարհում. երկնային ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՜ Դավիթ…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԴԱՎԻԹ ՅԱԿՈՎԼԵՎԻ

ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


24/06/2022