Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ՝ ԶՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ



ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ՝ ԶՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ-Ես Դանիել Էզուկամն եմ, 18 տարեկան, եկել եմ Հայոց բանակում ծառայելու: Շատ եմ սիրում մեր Հայաստանը և պատրաստ եմ պարտքս տալ հայրենիքին,- խրոխտ առոգանությամբ ասում է երիտասարդը:

Թխամորթ այս տղան Հայաստանում է ծնվել,  մայրը հայ է, հայրը Նիգերիայից է: Երկար տարիներ ապրել է Սիրիայում, Քուվեյթում, վերջերս է  տեղափոխվել Հայաստան:

Դանիելը մասնակցում է ամառային զորակոչի ընթացքում հայտարարված  պատվո պահակային վաշտի մրցույթին:

-Քուվեյթում երկար տարիներ սպորոտով եմ զբաղվել, ֆուտբոլ եմ խաղացել, մայրս ասաց, որ համապատասխանում եմ մրցույթի չափանիշներին, ինչու չփորձել,- անկեղծանում է Դանիելը։

Դանիելի պես շատ նորակոչիկներ են եկել մրցույթին մասնակցելու։ Հանձնաժողովը  քննում է յուրաքանչյուրին,  ուսումնասիրում արտաքին տեսքը, ֆիզիկական տվյալները։

Մրցույթի առաջին փուլը հաղթահարում և  դրական գնահատական  է   ստանում 18-ամյա Ռաֆայել Իսկանդարյանը։ Նորակոչիկը երկար տարիներ զբաղվել է  բռնցքամարտով,  երեք անգամ տարբեր  առաջնություններում մրցանակակիր է դարձել և, շնորհիվ ատլետիկ կազմվածքի, կարողացավ հավուր պատշաճի ներկայանալ հանձնաժողովի անդամներին։

ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ՝ ԶՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ-Կարծում եմ՝ սպորտն իր դերը կատարեց: Իհարկե, պատկերացնում եմ ծառայության դժվարությունները, բայց պատրաստ եմ և պատվով կծառայեմ,- վստահեցնում է Ռաֆայելը:

Մրցույթը հաղթահարելու գլխավոր պայմանը նորակոչիկի արտաքին տեսքն է, ստուգվում են նաև տեսողությունն ու լսողությունը: Տղաները  պետք է  լինեն  ֆիզիկապես առողջ, ամրակազմ  ու բարետես: Չափորոշիչները սահմանվել են պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով:

-Հասակը պետք է լինի 1,80-1,90 սմ, տեսողությունն ու լսողությունը՝ կատարյալ,- ասում է հանձնաժողովի նախագահ, գնդապետ Աշոտ Հակոբյանը։

Պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու համար մրցույթը ևս մեկ օր կշարունակվի. մարզաբնակ երիտասարդները կներկայանան հանձնաժողովին։ Իսկ մրցույթը չհաղթահարած տղաները չեն հուսալքվի, և բոլորը հատուկ շեշտում  են, որ Հայրենիքին կծառայեն ցանկացած ստորաբաժանումում:

Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, նորակոչիկները պետք է մասնակցեն նաև զորակոչային  վիճակահանությանը  և միայն դրանից հետո, վերջնական արդյունքներով կորոշվի, թե ովքեր կանցնեն ծառայության հայկական բանակի պատվո պահակային վաշտում։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ազգային բանակ


24/06/2022