ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։
Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։
Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։