Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՈՒՃԻՐ ՀՈՒՅԶԵՐ»



«ԿՈՒՃԻՐ ՀՈՒՅԶԵՐ»-Այս փոքրիկ քանդակներով եմ փորձում մտքերս արտահայտել, խոսել մարդկանց հետ,- ասում է արցախյան վերջին պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը:

Ամեն ինչից կտրվել, մոռանալ պատերազմի դաժան դրվագներն ու արվեստով փոքր-ինչ խաղաղեցնել տխուր հուշերով ծանրացած հոգին. 22-ամյա Էրիկ Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է, ինչ զբաղվում է քանդակագործությամբ: Հինգ տասնյակից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։

Նա վերջերս իր առաջին ցուցահանդեսն էր կազմակերպել և խորը ապրումների ու մեծ հույզերի արդյունքում հղացած քանդակների ցուցադրությունը կոչել է ԿՈՒՃԻՐ կամ ՓՈՔՐԻԿ ՀՈՒՅԶԵՐ:

-Կուճիր Արցախի բարբառով նշանակում է փոքր,- ասում է շնորհալի երիտասարդը:

Արձանիկների համար հենարան դարձած քարերը Էրիկի հայրն է պատերազմի վերջում հայոց բերդաքաղաք Շուշիից դուրս բերել. նրանք արմատներով շուշեցի են:

Այդ քարերը հիմա ամենաթանկն են նրա համար… Պատերազմը տղայից շատ բան խլեց՝ հայրենի տունը, ընկերներին, առողջությունը, ապագայի երազանքները, կիսատ թողեց ուսումը… Այժմ Էրիկն իր ստեղծագործություններում կյանքը գնահատելու գաղափարն է դրել.

-Շատ կուզեի, որ մարդիկ գնահատեն իրենց կյանքի յուրաքանչյուր օրն ու ժամը, նույնիսկ րոպեն ու վայրկյանը:

…Էրիկը ժամկետային զինծառայող էր և սեպտեմբերի 27-ին մարտական հենակետում հերթապահում էր, երբ դիտակետից նկատեց հակառակորդի մեծածավալ ուժերի առաջխաղացումը:

-Դիտակետից տեսա, որ գալիս են մեր ուղղությամբ: Եվ սկսվեց հրետակոծությունը: Ամբողջ տարածքը ծխով էր պատված, հրետակոծում էին: Րոպեներ անց դիրքերը զբաղեցնելու հրաման ստացանք: Չափազանց շփոթված էի ու տարակուսած, բայց հանուն հայրենի Արցախի հավաքեցի ուժերս ու շտապեցի դեպի իմ տանկը, նստեցի ու փութացի նշանակման վայր:

Թալիշ, Մատաղիս, «Եղնիկներ», Ալաշան. ահա բնակավայրերի ոչ լրիվ ցանկը, որտեղ կռվել է Էրիկը, տասնյակ մարտական խնդիրներ կատարել, մի քանի անգամ վիրավորվել, բայց չի լքել մարտական դիրքն ու ընկերներին։

Մինչև հոկտեմբերի 28-ը մարտնչել է Հայրենիքի վրա հարձակված թուրք-ադրբեջանական զորքի ու վարձկանների դեմ։ Ընկերների հետ կարողացել է մոտ 300 հոգանոց ստորաբաժանումը դուրս բերել շրջապատումից: Հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Էրիկը ծանր վիրավորվել է եւ կորցրել աջ ոտքը։

Գրիգորյանների ընտանիքից միայն Էրիկը չէ, որ առաջնագծում է եղել. կռվում էին նաև հայրն ու եղբայրը, ինչի մասին զինվորն իմացել է արդեն հոսպիտալում։

-Շատ պատահական վիրավոր հայրիկիս բերեցին այն հիվանդասենյակ, որտեղ ես էի պառկած։ Աչքերիս չէի հավատում. հայրս էլ ինձ պես հրաշքով է փրկվել,- ասում է մերօրյա հերոսը:

Պատերազմից հետո Էրիկը կյանքին այլ աչքերով է նայում: Հասկացել է, որ կարևորը հավատքով ապրելն ու Աստծուն ապավինելն է, իսկ աղոթքի շնորհիվ մեկ անգամ չէ, որ մարտի դաշտում փրկվել է…

-Մարդը պետք է հավատք ունենա, հավատքով ապրի: Հավատքն ինձ շատ է օգնում իմ բոլոր ձեռնարկներում,- ասում է Էրիկը:

Ճակատագիրը թեև անկատար թողեց Էրիկի մարզական ասպարեզի մեծ երազանքները, բայց նրա մեջ բացահայտեց արվեստագետ անհատին, որին արդեն շատերն են ճանաչում ու գնահատում։ Էրիկի քանդակների մեծ մասն արդեն վաճառվել է: Իսկ շնորհալի երիտասարդի մեծագույն ցանկությունը ստացված հասույթով ճակատագրով բախտակից ընկերներին օգնելն է, բոլոր վիրավոր զինվորներին ոտքի կանգնեցնելը։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Բանակ և հասարակություն


01/07/2022