ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի պաշտպանել «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների՝ գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարը՝ դրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության դեպքում։ Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը Բալիում:
«Գազպրոմ» ընկերությունը օրական 42,1 մլն խ/մ ծավալով բնական գազ է մատակարարում Եվրոպային՝ ուկրաինական «Սուջա» գազաբաշխիչ կայանի միջոցով: Միևնույն ժամանակ, «Սոխրանովկա» կայանի միջոցով գազի տարանցման հայտը Ուկրաինան մերժել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ BRICS կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը աշխարհում մշտապես աճում է: Պուտինը նշել է, որ դա օբյեկտիվ գործընթաց Է, քանի որ «Հնգյակի» պետություններն ունեն հիրավի հսկայական քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական և մարդկային ներուժ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կոալիցիա են ստեղծում Ռուսաստանի դեմ, իսկ մեծ հաշվով՝ պատերազմի համար։ Նա իրավիճակը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, երբ Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի մասին՝ Խորհրդային Միության դեմ պատերազմի համար:
Վլադիմիր Պուտինը ինֆլյացիայի կտրուկ աճը G7-ի երկրների երկար տարիների անպատասխանատու քաղաքականության արդյունք է համարել։
Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է «Իսկանդեր-Մ» համալիրներ Բելառուսին փոխանցելու որոշման մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ներգրավված զորախմբի կենտրոնակայան, հրամանատարական կետերում իրավիճակի մասին զեկույցներ լսել: Շոյգուն նաև պետական պարգևներ է հանձնել աչքի ընկած զինծառայողներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» պետությունները արգելք կդնեն ռուսական ոսկու ներկրման վրա` զրկելով Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթից։ Արգելքը կսահմանվի նոր արդյունահանված կամ մշակված ոսկու վրա և չի ազդի նախկինում արտահանված ռուսական ծագման ոսկու վրա: Տվյալ որոշմանը զգուշությամբ է արձագանքել ԵԽ նախագահ Շառլ Միշելը. պետք է վստահ լինել, որ արգելքը բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի համար, ո՛չ թե արգելք սահմանող երկրների։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նախապատերազմյան հարաբերություններին վերադարձն անհնար է:
Ռուսաստանը կարող է գործընկերային հարաբերություններ հաստատել Բոլիվիայի հետ, որն աշխարհում լիթիումի ամենամեծ պաշարներն ունի։ Հարավամերիկյան երկրի իշխանությունները գործընկերներ են փնտրում, որոնք կօգնեն հումքի արդյունահանման գործում: Գլխավոր հավակնորդը Ռուսաստանն է։ Ռուսաստանի հաջողելու դեպքում Եվրոպան կարող է ևս մեկ ուղղությամբ կախվածության մեջ ընկնել Մոսկվայից։ Լիթիումի պաշարները Բոլիվիայում հասնում են 21 մլն տոննայի։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան ավելի շատ պաշտոնյաներ են սկսել կասկածել, որ Ուկրաինան երբևէ կկարողանա վերադարձնել ռուսական հատուկ գործողության հետևանքով կորցրած տարածքները:
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ և արգելել է տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանական արտադրական ներուժի բարելավմանը:
Թուրքիան և Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակի հետ կապված տարաձայնություններ ունեն, բայց կողմերի միջև վստահություն կա.- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Նրա կարծիքով՝ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է մեկ սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանին և Ուկրաինային:
Ռուսաստանում գործող գերմանական ընկերությունների միայն 4 տոկոսն է ցանկություն հայտնել ամբողջությամբ լքել շուկան:
ԻՐԱՆ
Իրանը BRICS խմբին անդամակցելու հայտ Է ներկայացրել, արդեն այդ հարցի շուրջ անցկացվել են քննարկումներ: Օրերս նման հայտ է ներկայացրել նաև Արգենտինան: BRICS-ը միջպետական միավորում Է, որի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Իրանի իշխանություններն սկսել են 360 մեգավատ հզորությամբ առաջին լիարժեք իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները:
Իրանում դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ ավելի քան 4 մլրդ դոլարի հայցը՝ իրանցի ֆիզիկոսների ընտանիքներին փոխհատուցման պահանջով։ Թեհրանի դատարանը ԱՄՆ-ի իշխանություններին գիտնականների մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողությունների մեղսակից է ճանաչել: Մեղադրյալների ցանկում Միացյալ Նահանգների 37 ֆիզիկական և իրավաբանական անձինք են, այդ թվում՝ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, պաշտպանության նախարարությունը:
Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային գործարքի շուրջ վերադառնալ բանակցային գործընթացին: ԱՄՆ-ից այս հարցով կարծես թե դրական ազդակներ են հնչում:
Մոսկվան եւ Թեհրանը դատապարտում են միակողմանի անօրինական պատժամիջոցների պրակտիկան.- հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած բանակցությունների ադյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող պատժամիջոցները հակազդեցություն են պահանջում միջազգային հանրության բոլոր անկախ և ինքնուրույն անդամների կողմից:
Իրանում մահափորձ է կատարվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար Հոսեյն Թայեբի դեմ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մահափորձերի զոհ են դարձել ԻՀՊԿ հետախուզության առնվազն երկու սպա: Թեհրանում կարծում են, որ հարձակումների պատասխանատուն Իսրայելն է։
Իրանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցվել Է Աֆղանստանում երկրաշարժից տուժած նահանգների բնակիչներին: Աֆղանստանից դաշնակցային ուժերի դուրսբերումից հետո Թեհրանը հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը «Թալիբանի» վրա, նաև՝ սոցիալական աջակցության ծրագրերով:
Հունաստանն ազատ է արձակել իրանական նավթով ռուսական լցանավը, որը կալանել էր երկու ամիս առաջ ԱՄՆ-ի պահանջով:
Իրանը հրթիռի հաջող արձակում է իրականացրել տիեզերք գիտական նպատակներով:
«Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ մարտ ամսին ԱՄՆ-ը գաղտնի հանդիպում է կազմակերպել Եգիպտոսում իսրայելցի և արաբ բարձրաստիճան զինվորականների հետ՝ Իրանի հրթիռային և անօդաչու ներուժին հակազդելու նպատակով գործողությունները համակարգելու նպատակով:
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիան հայտարարել Է Ստամբուլում հացահատիկի տեղափոխման հարցով զբաղվող օպերացիոն կենտրոն ստեղծելու շուրջ փոխհամաձայնության հասնելու մասին: Այդ երկրի ԱԳՆ ղեկավարն էլ նշել է, որ «հացահատիկի խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում Ուկրաինայի ջրային սահմանների մոտ ստեղծվելու Է «անվտանգության գոտի»:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Թուրքիան չի միանում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, քանի որ ունի տնտեսական շահեր և կախվածություն ռուսական էներգակիրներից։ Պատժամիջոցներն առաջին հերթին կհարվածեն թուրքական տնտեսությանը:
Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։
Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը օրինական է համարել Էրդողանի մասնակցությունը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին` սահմանադրական փոփոխություններից հետո հերթական անգամ առաջադրվելու հնարավորություն տալով նրան:
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե՝ Անկարան «գողացած» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։
Փորձարկումների ժամանակ թուրքական Bayraktar AKINCI բազմանպատակային անօդաչուն ռեկորդային՝ 13 716 մետր բարձրության է հասել։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է փաստաթղթերով ապացուցել Շվեդիայի և Ֆինլանդիայի կեղծավորությունը ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Այդուհանդերձ, կողմերը համաձայնության են եկել, բավարարվել են Թուրքիայի հիմնական պահանջները, ինչի շուրջ կողմերը հուշագիր են ստորագրել: Թուրքիան այժմ դեմ չէ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Դաշինքին:
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը՝ ANAMA-ն Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման գործընթացում օդային հետազոտությունների վերաբերյալ պայմանագիր է կնքել բրիտանական «Arpies NRC» ընկերության հետ։ Գործակալությունը նաև գնել է ականազերծման 18 միավոր տեխնիկա։
Զաքիր Հասանովը խոսել է ադրբեջանական բանակի՝ որպես թուրքական զինված ուժերի փոքր մոդելի, որակական նոր մակարդակի բարձրացման մասին։ Հիմնարար փոփոխություններ են կատարվել ադրբեջանական բանակի կազմակերպչական և կադրային կառուցվածքում, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ։ Ալիևն էլ հայտարարել է, թե Ադրբեջանը նոր պայմանագրեր է կնքել ժամանակակից սպառազինությունների գնման համար, և դրանց մի մասն արդեն իրականացվում են։
Իլհամ Ալիևն այցելել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ, մասնակցել է «Քելբաջար-1» նոր փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, հետևել Լաչինի միջազգային օդանավակայանի, այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին։ Քարվաճառում Ալիևը ներկա է եղել հատուկ նշանակության ստորաբաժանումների նոր զորամասի բացման արարողությանը։
Ադրբեջանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բախոդիր Կուրբանովը Տաշքենդում երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել։
Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին են համաձայնագիր ստորագրել։
Սերգեյ Լավրովը հաստատել է Բաքվին ու Երևանին սահմանազատման հարցում խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանը շարունակում է Բերձորը շրջանցող 32 կմ-անոց ճանապարհի կառուցումը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը ՌԴ-ից 20 000 տոննա երկաթուղային ռելսեր է գնելու՝ Հորադիզի ուղղությամբ երկաթուղու կառուցման համար։ Նաև հավելել է, որ գրավյալ տարածքներում գործում են տասնյակ ռուսական ընկերություններ։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին: 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Տարածաշրջան