ԿԱՊՈՒՅՏ ԼԵՌԱՆ ԱՐԾԻՎՆԵՐԸ
Թող չտեսնե ստրկություն,
Քանի ունի մեզ պես քաջեր,
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն։
Թուրքերն իրենց գերիշխանությունը Արարատ՝ բիբլիական լեռից ընդհուպ Միջերկրական ծով տարածելուց, բռնատիրությունը հաստատելուց, ապա եւ ամրապնդելուց հետո, երկրի բուն ազգաբնակչությանը՝ հայերին բանակ չէին զորակոչում։ Առաջին աշխարհամարտի նախօրեին, սակայն, ոչ միայն զինապարտներին, դեռահասներին, ծերունիներին անգամ սկսեցին հավաքագրել, որպեսզի հայկական գյուղերը, քաղաքները անպաշտպան թողնեն, բնաջնջման՝ նախապես հղացված, հանգամանորեն նախապատրաստված ծրագիրը անարգել իրագործեն։ Հայերը պատերազմի սկզբում բարեխղճորեն էին կատարում զինվորական իրենց պարտականությունները, Կովկասյան ճակատում մինչեւ անգամ ռազմական նախարարի՝ Էնվեր փաշայի կյանքը փրկեցին։ Նա հայերի խիզախությամբ, դիմակայունությամբ հիացած էր, սակայն, երբ նույն Կովկասյան ճակատում, հերթական մարտում, ամբողջ զորաբանակը ջախջախվեց, որպեսզի իր անճարակությունն արդարացնի, ամոթալի պարտության համար հայ զինվորներին մեղադրեց, կառավարությանը զեկուցեց, որ նրանք թուրքերին դավաճանում, թաքուն ռուսներին են զինակցում։ Դա բավական եղավ, որ բոլոր ռազմաճակատներում հայերին զինաթափեն, բանվորական գումարտակներում տանջամահ անեն, իսկ ողջ մնացողներին զանգվածաբար գնդակահարեն։
***
Հաճընցի տասնյոթ, ձեռնաշղթաներով իրար կապկպված զինապարտներ, լուռ, գլխիկոր առաջանում էին։ Թուրքական բանակի զինվոր-ոստիկանները, հրացանները թիկունքներին ուղղած, նրանց տանում էին Ամանոսի լեռնաշղթայի անդնդախոր վիհը, որ կատարեն զորապետի՝ «անհապաղ ոչնչացնելու, վերացնելու» հրամանը։ Սակայն, երբ տեղ հասան, գնդակահարելը քիչ համարեցին։ Յուրաքանչյուրին բահ տվեցին, ստիպեցին իր գերեզմանափոսը փորել։ Այդ ընթացքում խշտիկներով անընդհատ ծակծկում, ստիպում էին արագ շարժվել։ Հետո գնդակն էլ ափսոսացին. դաշույնները հանեցին, սկսեցին մեկ-մեկ գլխատել։ Հերթը տասնյոթերորդին՝ Հովհաննես Գալայջյանին հասավ։ Ու վերջին պահին նա ցասումով ընկրկեց, պրկվեց, մի ակնթարթում դահիճի ձեռքից խլեց դաշույնը, կուրծքը խրեց, ձեռնակապերը արագ-արագ կտրատելով, նետվեց մոտակա թփուտը։ Որոտացին կրակահերթերը։ Հովհաննեսն անընդհատ թփից թուփ էր անցնում, սպասում էր ճակատագրական գնդակին, վերքերից արյունաքամ լինելուն, գերի ընկնելուն։ Մենակ, վիրավոր, տասը զինվոր-ոստիկանի դեմ ինչ պիտի աներ։ Հրացանաձգության ճարճատյունը, սակայն, հասավ Ամանոսի լեռնաշղթայի ամենաբարձր՝ Կապույտ լեռան գագաթը։ Հիսուներկու արձակազեններ հեղեղի պես հովիտ սուրացին, գտան արնաշաղախ Հովհաննեսին, հասկացան ամեն ինչ։ Նրանք շրջապատեցին զինվոր-ոստիկաններին, զինաթափեցին, ինը հոգուն գնդակահարեցին, տասներորդին հետ՝ զորամաս ուղարկեցին.
– Կգնաս, կասես քո զորապետին, որ ձեռնաշղթաներով կապկպված զինվորին սպանելը տղամարդկություն չէ։ Եթե նա իրոք ոխ ունի, թող մեզնից վրեժխնդիր լինի։ Զենքով։
***
Թուրքերը, իհարկե, զորակոչված բոլոր հայ զինվորներին չհասցրին ոչնչացնել։ Շատերը, հատկապես անխուսափելի վախճանն զգալուց հետո, փախան, իրենց ծննդավայրերը վերադարձան, որպեսզի զորավիգ լինեն բռնագաղթող հարազատներին։ Նրանք, իհարկե, ընդհանուր տարագրությունը չէին կարող կանխել, սակայն, հեռվից հեռու, լեռներից ու կիրճերից ուղեկցում էին աքսորի քարավանները, քրդերի, չեչենների հարձակումներից պաշտպանում։ Հովհաննես Գալայջյանին փրկելուց հետո հիմնականում կիլիկիացի՝ զեյթունցի, մարաշցի «դասալիքներից» կազմավորված մարտախումբը, որի բանակատեղին Կապույտ լեռան գագաթին էր, հսկում էր Ամանոսի ճանապարհը, որով ուր է-ուր չէ անցնելու էին աքսորականները։ Նորածիններին գրկած կամ շալակած կանայք, մայրերի փեշերից կառչած մանուկներ, դողդողալով քայլող, մերթընդմերթ սայթաքող, փոշիների մեջ թաղվող ծերունիներ, պառավներ։ Ու բոլորն էլ սովահար…
Անսպասելի Կապույտջուրի շրջադարձին կառավարական կառք հայտնվեց, որը երկու զինված ոստիկան էին ուղեկցում։ Ուղեւորը կարող էր իթթիհատի պարագուխ լինել։ Խմբապետը՝ Կաղ Հակոբը, մի քանի մարտիկների հետ աննկատ իջավ, փակեց կառքի ճանապարհը, ոստիկաններին զինաթափեց։ Նրանք լեղապատառ փախան։ Կառապանը իրենց համերկրացի Սարգիսն էր, որը կրոնափոխ էր եղել ու թուրքերին էր ծառայում։ Խեղճի լեզուն վախից բռնվեց, կարծեց՝ հավատուրացության համար հայդուկներն ուզում են իր հետ հաշվեհարդար տեսնել, մատով կառքի ներսը ցույց տվեց։ Մետաքսակար բազմոցին մի ծանրաբարո տիկին էր նստած։ Հայ մարտիկների տեսնելով՝ նա էլ ինքնատիրապետումը կորցրեց, կառքից իջավ, նրանց ոտքերի առաջ լցրեց վրայի ոսկեղենը, գոհարեղենը, տրցակներով լիրաներ, խնդրեց կյանքը խնայել։ Կաղ Հակոբը հրամայեց հավաքել, հետ՝ պայուսակը լցնել այդ ամենը։ Դառը ժպտաց.
– Հանըմը չի՞ լսել մեր ուխտը, որ միշտ կրկնում ենք մարտերգում։
– Ո՞ր ուխտը։
– «Կանանց երբեք ձեռք տալու չէ վրիժառու քաջ ֆիդան»։
Կառապան Սարգսի խոսելու ունակությունը վերականգնվել էր։
– Եղբայրներ,- ասաց,- լավ արիք, որ վեհանձն վարվեցիք, հանըմը Ջեմալ փաշայի մայրն է, Պոլսից 4-րդ բանակ՝ որդուն այցելության է գնում։
Ջեմալ փաշայի՞՝ ծովային նախարարի՞…
Ռաքքայի վերջին դեպքերը նույն ակնթարթին շանթահարեցին խմբապետի ուղեղը։ Նա հիշեց խոտորջուրցիների քարավանի ողջ մնացած վերջին ցաքուցրիվ խմբերը, որոնք Դեր-Զոր էին շարժվում ու Ջեմալ փաշային, որը սպիտակ ձիով, հեռվից, փոշի հանելով, հայտնվեց։ Ամենածեր խոտորջուրցի կինը նրան նկատելով՝ լաչակը քանդեց, սպիտակ մազերը փռեց, չոքեչոք մոտեցավ.
– Փաշա,- ասաց,- մեր տղամարդիկ սպանվել, երեխաները սովամահ են եղել, մի բուռ անզոր ու անպաշտպան կին ենք մնացել, խնայիր մեզ։
Ծովային նախարարը, 4-րդ բանակի զորահրամանատարը, երկար նայեց իր առջեւ ծունկի իջած, գութ աղերսող պառավին ու անսպասելի ոսկեհյուս մտրակը բարձրացնելով, շաչեցրեց դեմքին.
– Օձի արուն ու էգը չի լինում, հայ կինը մեր երկրի համար նույնքան վտանգավոր է։ Տարե՛ք…
Ուղեկցող զինվոր-ոստիկաններին ցույց տվեց Դեր-Զորի ճամփան։
Կաղ Հակոբը վճռական մոտեցավ Ջեմալ փաշայի մորը։ Բռունցքներն իրենք իրենց սեղմվեցին։ Ատամները կրճտացին։ Անսպասելի շրջվեց, հայդուկներին հրահանգեց.
– Զենքերը վերադարձրեք ոստիկաններին, թող հանըմին ապահով որդուն հասցնեն։ Մեզ համար, ումն ուզում է լինի, մայրը մայր է մնում։
***
Զորապետը՝ Իզզեթ բեյը, կատաղել էր։ Հող, հարազատ, տուն, ամեն, ամեն ինչ կորցրած, քարանձավներում ապաստանած վերջին հատուկենտ հայերը ինչպե՞ս էին համարձակվել, ի՞նչ հանդգնությամբ էին իր ինը զինվորներին սպանել։ Իսկ վերջինին՝ տասներորդին, ըստ երեւույթին իրեն նսեմացնելու, ռազմաճակատով մեկ վարկաբեկելու համար ողջ էին թողել, հետ՝ զորամաս ուղարկել։ Որպեսզի իր անհեթեթ պատմություններով ասկյարների սարսա՞փը հարուցի։
Նա ոտքի հանեց ամբողջ բանակը, ավարառուների հրոսակախմբերով զորացրեց ու, ամեն կողմից շրջապատելով Կապույտ լեռը, հրամայեց անհապաղ գրոհի անցնել։ Ասկյարները, որքան հրետակոծության հրահանգը խիստ էր հնչում, այնքան վճռականությամբ էին համակվում, ութ ժամ անընդհատ մագլցում էին մացառապատ լանջերով, չնայած, զարմանալի էր, հայկական դիրքերից ոչ ոք չէր դիմադարձում։ Կրակոց անգամ չէր լսվում։ Չլինի՞ փրկված տասներորդ զինվորն իրենց սխալ ճանապարհով էր առաջնորդում։ Երբ թուրքական բանակը հրացանի նշանառության չափ մոտեցավ լեռան գագաթին, լսվեց Կաղ Հակոբի հատու հրամանը.
– Կրա՛կ՝ շրջահայաց եղեք, ոչ մի փամփուշտ չվրիպեք։
Լեռը դղրդաց գնդակոծությունից։ Հայ հայդուկները Կաղ Հակոբի, Ավետիս Չավուշի, Զեյթունցի Արամի խմբապետությամբ երեք մասի էին բաժանվել, զբաղեցրել ռազմավարական կարեւորագույն՝ միայն իրենց հայտնի դիրքերը։ Նրանք երեք կողմից թուրքերին աքցանի մեջ առան, սառնասրտությամբ սկսեցին առաջապահների շարքերը նոսրացնել։ Հետնապահները, իրենց վրա գլորվող դիակները տեսնելով, լեղապատառ այս ու այն կողմ էին փախչում, թփից թուփ անցնելով, անկանոն նահանջում։ Մթնշաղին թուրքական բանակը մոտ հարյուր զոհ էր տվել։
Հայ հայդուկները կորուստ չունեցան։
Իզզեթ բեյի քունը, հասկանալի է, չէր տանում։ Ուշ գիշերին նա մի հայ բանբեր գտավ, ուղարկեց Կապույտ լեռ, որը արձակազեններին բառացի հետեւյալը հաղորդեց.
– Բեյն ասում է՝ կամ զենքերը հանձնեք, Կապույտ լեռից չքվեք, կամ գլխներիդ գալիքն իմացեք։ Առավոտ շուտ Իբրահիմ փաշայի զորաբանակն էլ եմ օգնության կանչելու, Կապույտ լեռը քարուքանդ եմ անելու։ Հաստատ ոչ մի հայ ողջ չի մնալու, չի փրկվելու։
***
Գերմանացիները պաշտոնապես թուրքերի դաշնակիցն էին համարվում, նրանց հետ նույն խրամատում, կողք կողքի մարտնչում էին, բայց ներքուստ իրենց հեռահար, ոչ այնքան ռազմական, որքան տնտեսական շահերն էին հետապնդում. ուզում էին պատերազմի ընձեռած հնարավորությունից օգտվել, Գերմանիա փոխադրել Արեւելքի անսպառ հարստությունները, հատկապես՝ նավթը։ Այդ նպատակով նույնիսկ խաղաղության վերահաստատմանը չսպասեցին, սկսեցին Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարությունն ու անմիջապես էլ պարզեցին, որ Ամանոսի լեռնաշղթան ճեղքել-անցնելու համար պետք էր առնվազն ութ թունելախորշ հորատանցել։ Լեռան ստորոտում գերմանական մի ամբողջ դիվիզիոն հաստատվեց, հաջողությամբ ավարտեց նախապատրաստական փուլը, շինարարությունն սկսելուն պես էլ համոզվեց, որ առանց հայերի անհնար է լեռան ընդերքը մխրճվել. Թուրքիայի բոլոր երկրաչափները, հմուտ արհեստավորները, գերմաներեն իմացողները հայեր էին։ Մահմեդականները, ճիշտ է, անընդհատ պտտվում էին շինարարության շուրջբոլորը, բայց կամ հաց էին մուրում կամ գողություն անում։ Գերմանական «Ֆիլիպ Հոլցման» ընկերությունը, որն ստանձնել էր ութը թունելախորշերի նախագծումն ու շինարարությունը, թուրքական կառավարությունից թույլտվություն ստացավ հարկ եղած քանակությամբ հայերի աքսորից հետ կանչել, աշխատանքի ընդունել։ Շուտով Ամանոսի թունելի շինարարությունում պաշտոններ ստանձնեցին Խարբերդի Եփրատ քոլեջի երկու երկրաչափ շրջանավարտներ, որոնք նույն՝ Կարապետ անունն էին կրում կամ այդպես էին ներկայանում, բժիշկ Բոյաջյանը, շինարարներ Էլմասյանը, Չպլագյանը, Մազմանյանը, տարբեր մասնագիտությունների արհեստավորներ՝ ընդհանուր հաշվով ավելի քան հազար հոգի։ Կապույտ լեռան ապստամբներն, իհարկե, նրանց ճանաչում, հետները թաքուն կապ պահպանում էին։ Թաքուն, որովհետեւ գերմանական դիվիզիոնը Թուրքիայի ռազմական շահերն էր պաշտպանում, թունելախորշերի շինարարությունը, հատկապես հայերին, խստորեն վերահսկում էր։
***
Իզզեթ բեյի բանավոր սպառնալիքը լեռնականներին չսարսափեցրեց, բայց եւ անտարբեր չթողեց։ Երեք խմբապետներն իսկույն ռազմական նիստ հրավիրեցին ու ամենակրտսեր հայդուկին՝ շարժուն, ոստոստուն Շավարշին, ծպտված, ծածկագիր նամակով թունելախորշի շինարարություն ուղարկեցին։
Երբ նա տեղ հասավ, լույսը նոր էր բացվում։ Առաջինը զարթնել էին դիվիզիոնի խոհարարները, նախաճաշի կաթսաներն էին լվանում։ Նրանք նկատեցին գզգզված, պատառոտված շորերով պատանուն, հանգստացրին.
– Սպասիր, շիլան կեփենք, քեզ էլ բաժին կհանենք։
-Ես թուրք չեմ, հայ եմ,- վիրավորվեց Շավարշը։
– Հայը չի՞ սովածանում։
– Սովածանում է, բայց երբեք չի մուրում։
– Բա էլ ինչի՞ ես զորամաս հասել, ո՞ւմ ես ուզում։
– Հայ աշխատավորներից որեւէ մեկին։
Տարան երկու Կարապետների վրանը։ Մյուս հայերն էլ հավաքվեցին։ Ընթերցեցին նամակը, խորհրդածեցին, վիճեցին, վերջում, որոշում, համենայն դեպս, կայացրին։ Քիչ անց Շավարշը դիրքերն էր բարձրանում, հետը երկու գնդացիր։ Ապահովության համար նրան ուղեկցում էին գերմանական բանակի երկու ենթասպաներ։ Նրանք տեսան, թե ինչ վիճակում են հայ ապստամբները, նման անհուսալի պայմաններում անգամ ինչպիսի վճռականությամբ են, այնուամենայնիվ, համակված ու չդիմացան.
– Տղերք,- ասացին,- հեչ չմտածեք, մենք ձեր թիկունքին կանգնած ենք։ Հենց նեղը ընկնեք, կդիմեք։
Եվ իրոք, ճակատամարտի երկրորդ, թե երրորդ օրը, երբ Իզզեթ բեյի ու Իբրահիմ փաշայի բանակները միացյալ ուժերով գրոհեցին հայկական դիրքերի վրա, ու լեռնականները ավելորդ զոհ չտալու, թշնամուն հոգնեցնելու համար անմատչելի քարանձավները քաշվեցին, գերմանական զորակայանից մի լուսածիր հրթիռ երկինք սլացավ։ Քիչ անց չորս սպաներ քառատրոփ թուրքական դիրքերը հասան։
– Բա դուք զինվորակա՞ն եք,- հեւիհեւ ուղիղ Իզզեթ բեյին դիմեց սպաներից մեկը,- ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս տասը հազար զինվորով հիսուներկու պարտիզանի վրա հարձակվել։ Մեր հրամանատարը կարգադրում է իսկույն եւեթ ճակատամարտը դադարեցնել, երկու կողմից պատվիրակներ ընտրել ու իր մոտ՝ բանակցությունների իջնել։
– Ես չեմ հասկանում, դուք հայերի՞ դաշնակիցն եք, թե՞՝ մեր,- բռնկվեց Իզզեթ բեյը, բայց արագ տիրապետեց իրեն. չենթարկվել չէր կարող։
Չնայած, հենց մութն ընկավ, իրենը արեց։ Նրան հաղթանակը շատ մոտ էր թվում, պատեհ առիթը բաց թողնել չէր ուզում։ Մանավանդ որ հայկական դիրքերում գերմանական զինադադարի առաջարկն ընդունել, կրակը դադարեցրել էին։ Իզզեթ բեյը սպասեց մինչեւ հայկական ու գերմանական զորանոցները քուն մտան ու կեսգիշերից անց, խախտելով զինադադարի պայմանները, լայնածավալ հարձակման անցավ։
– Թուրքն իր թրքությունը, մեկ է, պիտի անի,- տեղից ցատկեց Կաղ Հակոբը եւ մարտախումբը ոտքի հանեց։
Երկուստեք, չնայած անհավասար ուժերին, ճակատամարտը անողոք էր, անզիջում։ Հայերը, հակառակորդին անակնկալի բերելով, նախ գործի գցեցին գնդացիրները։ Հենց արկերն սպառվեցին, հայդուկային սովորությամբ, մեծ վնաս պատճառելու համար երկու ձեռքերով միաժամանակ, նռնակների տարափ տեղացին։ Հետո հերթը քարաժայռերին հասավ։ Լուսաբացին մոտ լեռնականների զինամթերքը սպառվեց։
– Մենք դիրքերը կպահենք, դուք աննկատ հետ քաշվեք,- կրծքներից հայդուկի ամենաթանկ հոգեպահուստը՝ խաչաձեւ փամփշտակալները հանելով հրահանգեցին խմբապետները՝ Կաղ Հակոբը, Զեյթունցի Արամը, Ավետիս Չավուշը։
Ապստամբները լաթերից ու ծղոտից նախօրոք պատրաստված մարդկային խամաճիկները տեղադրեցին դիրքերի տարբեր մասերում՝ այնպես, որ թշնամու վրա հոծ մարտախմբի տպավորություն թողնեն, քաշվեցին Կապույտ լեռան մյուս լանջը։
Երեք խմբապետները կռվեցին մինչեւ վերջին փամփուշտն ու զոհվեցին՝ ապահովելով իրենց զինվորների թիկունքը։ Երբ թուրքերը լեռան գագաթը հասան, զարմացան՝ ժամեր շարունակ խրտվիլակների վրա էին կրակել։ Նույն պահին, սակայն, գերմանական զորակայանից ութ լուսարձակներ թրատեցին Կապույտ լեռան բարձունքը, ասկյարների աչքերը շլացրին։ Ապա զինվորական փողով հրաման-վերջնագիրը հնչեց.
– Եթե շարունակեք հայերին հետապնդել, մեզ հետ գործ կունենաք։
Իզզեթ բեյը կարգադրեց երեք խմբապետների գլուխները կտրել, ցցի վրա ամրացած, որպես ռազմավար, հովիտ իջեցնել ու շրջվեց Իբրահիմ փաշային.
– Համենայն դեպս հաղթեցինք, չէ՞։
– Սա՞ է հաղթանակը,- հայհոյեց փաշան.- չորս օր ու գիշեր կռվել, մենք երեք հարյուր տասնչորս զոհ ենք տվել, հայերը՝ ընդամենը երեք։ Այն էլ գլուխներին նայիր, խմբապետներն են զոհվել, զոհվել են, որ փրկեն իրենց մարտիկներին։
***
Առաջին աշխարհամարտը ավարտվելուն պես, զինադադարի հենց հաջորդ օրը՝ 1918 թ. սեպտեմբերի 19-ին, Ամանոսի լեռներից զենքերն ուսերին, հպարտ, անկոտրում, հիսուն հայդուկներ իջան Հալեպ ու իսկույն հորջորջվեցին «Կապույտ լեռան արծիվներ»։ Ոչ միայն պատերազմող երկրների զինվորները, Սիրիայում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտության, մամուլի ներկայացուցիչները ապշեցին, երբ իմացան, որ նրանք երեք տարի բոլոր փորձությունները հաղթահարել ու ողջ են մնացել, վերջնականապես համոզվեցին, որ հայը ամեն ինչ, անգամ բնօրրանը կարող է կորցնել, բայց մարտունակությունը, մարտական ոգին՝ երբեք։ Արեւելյան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուն պես հիսուն արձակազեններն էլ Երեւան ներգաղթեցին ու որպեսզի հավաստեն, որ իրենք իրենց ծննդավայրը չեն մոռացել, երբեք չեն մոռանալու, հիմնեցին Նոր Կիլիկիա, Նոր Զեյթուն, Նոր Մարաշ թաղամասերը։ Հետո ծնվեցին նրանց զավակները, կռվեցին, ազատագրեցին Արցախը։ Թոռները, ծոռները դեռ չեն ծնվել։ Բայց ծնվելու, մի օր անպայման ծնվելու են ու մեր մագաղաթե, հավերժական պատմագրքում գրելու են իրենց էջը…
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Պատմության էջերից