ՆՇՎԵԼ Է ՎԵՏԵՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ
Հուլիսի 3-ին Կապանում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին մասնակցել են N զորամիավորման սպայակազմը, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հարազատներ, հյուրեր։
Արշալույս Թադևոսյանի կյանքը նման է լեգենդի, այն հերոսական դաս ու փորձառություն է սերունդների համար։
Ծնվել է 1922 թվականին, Քաջարանի Վերին Հանդ գյուղում։
1942 թ. մեկնել է ռազմաճակատ, որպես հրետանային գնդացրորդ մասնակցել Սևծովյան մարտերին, Գրոզնի, Մախաչկալա քաղաքների ինքնապաշտպանական կռիվներին։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի գյուղ, երկար տարիներ աշխատել Քաջարանի ԶՊՄԿ ՓԲԸ-ում, 1989-ին անցել կենսաթոշակի։
Արշալույս Թադևոսյանը Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի է։
Այսօր նա շրջապատված է սիրով ու հոգատարությամբ՝ չորս զավակների, թոռների, ծոռների կողմից։
Հոբելյանական միջոցառմանը վետերանին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթանքի սրտառուչ խոսքեր են ասել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, գնդապետ Հակոբ Ավետյանը, համայնքապետ Գևորգ Փարսյանը, ուրիշներ։
Գնդապետ Հ․ Ավետյանը հանդիսավոր պայմաններում «Նելսոն Ստեփանյան» մեդալը հանձնել է հարյուրամյա վետերանին:
Արշալույս Թադևոսյանն արժանացել է նաև պատվոգրերի և շնորհակալագրերի, տարբեր հուշանվերների։
Հոբելյանական միջոցառումը շարունակվել է Կապանի մշակույթի տան երգի, պարի համույթների համերգային կատարումներով։