Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, ԲԱՆԱԿ



ԲԱՐԵՎ, ԲԱՆԱԿԱմառային զորակոչը շարունակվում է…

Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների առջեւ զորակոչիկների ընկերներն են, հարազատ-բարեկամները ՝ հուզված, հպարտ, սրտատրոփ, անհանգիստ…

♦♦♦

Մեր հայրենիքի տարբեր անկյուններից Հանրապետական հավաքակայան են ժամանում նորակոչիկների հերթական խմբերը: Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է՝ նորաթուխ զինվորների դիմավորում-ընդունումից մինչեւ ծառայավայր մեկնելը: Դիմավորող-ընդունող կետում մուտքագրում են զորակոչիկների տվյալները, հատկացնում թվապիտակներ, որից հետո երիտասարդներն անցնում են բուժզննում, ներկայանում մանդատային հանձնաժողով, որտեղ էլ համապատասխան տարբերանշաններով դասակարգվում են ըստ զինվորական մասնագիտությունների ու դրանց հիման վրա էլ մասնակցում վիճակահանությանը:

Ծնողներն իրենց զինվորացող զավակների ծառայավայրի վիճակահանությանը հետեւում են տարածքային ստորաբաժանումներում՝ տեսակապով:

♦♦♦

ԲԱՐԵՎ, ԲԱՆԱԿՎիճակահանության սրահում պատվո պահակային վաշտում ծառայելու համար նախնական փուլով ընտրված տղաներն են: Այս վաշտում ծառայելու համար նորակոչիկը պետք է ունենա գերազանց լսողություն, կատարյալ տեսողություն, 180-190 սմ հասակ, բարետես արտաքին, լինի ֆիզիկապես առողջ, ամրակազմ եւ նախնական պատրաստվածության այնպիսի մակարդակ, որ կարողանա լիարժեք տիրապետել բոլոր վարժաձևերին՝ թե՛ զենքով, թե՛ շարային: Մի խոսքով՝ ծառայությունն արտաքուստ բավականին հրապուրիչ է, բայց բնավ էլ հեշտերից չէ…

Ընտրված զորակոչիկների թիվը գերազանցում է պատվո պահակային վաշտի համալրման համար նախատեսվածը, ուստի ոմանց բաժին են հասնում թերթիկներ առանց որևէ նշման: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են եւս մեկ վիճակահանության՝ ուսումնական կամ ընդհանուր զորամասերի համալրման համար նախատեսված թմբուկներից:

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը հետեւում է վիճակահանության ընթացքին: Բարձրաստիճան սպան հետաքրքրվում է զորակոչիկների տրամադրվածությամբ, ծառայելու պատրաստակամությամբ, բարի ծառայություն մաղթում հայրենիքի պաշտպաններին:

♦♦♦

ԲԱՐԵՎ, ԲԱՆԱԿՀանրապետական հավաքակայանում բարբառների խճանկար է, իրար են խառնվել խա-ն ու ծո-ն, իմալն ու ինչխը… Իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցական համուհոտով ջերմ- ջերմ զրուցում են, կատակներ անում, ծանոթանում իրար հետ, ընդհանուր ընկերներ գտնում ու արդեն մտերմացած, հարազատի պես միմյանց բարի ծառայություն, բարի վերադարձ մաղթում: Տղաները բանակ են գնում երկիրն ամուր ու անսասան պահելու վճռականությամբ ու հաստատակամությամբ:

Արմեն եւ Արման Սուվարյան եղբայները Գեղարքունիքի Վաղաշեն գյուղից են: Ասում են՝ կարեւոր չէ, թե որտեղ կգնան ծառայելու.«Ուր էլ գնանք՝ հայրենիքի մի անկյունն է»:

Նարեկ Սայադյանն էլ Վայոց Ձորի Գլաձոր գյուղից է.

– Մեզնից ամեն մեկը հիմա հայրենիքի վահանն է: Բանակից հետո կիրագործեմ ապագայիս հետ կապված ծրագրերը, կընդունվեմ բուհ, կդառնամ ֆինանսիստ:

-Եղբայրներս՝ Էրիկն ու Լուսենցը, պատերազմի մասնակից են, օգոստոսին կզորացրվեն: Հիմա իմ հերթն է հայրենյաց պաշտպանը դառնալու, մեր հողն ու ջուրը, մեր հնաբույր եկեղեցիները, մեր սրբությունները պահպանելու ու պաշտպանելու.- հերհերցի Մամիկոն Հրաչյանն է:

ԲԱՐԵՎ, ԲԱՆԱԿ-Իմ եղբայրը՝ Շիրազը, արդեն զորացրվել է, ինձ էլ պատգամել է՝ պատվով, նամուսով ծառայել ,- զրույցին է միանում վարդենիկցի Արման Մխոյանը:

Զորակոչիկներից շատերի ավագ եղբայրները Քառօրյայի և 44-օրյա պատերազմի թոհուբոհով են անցել:

Ձորագյուղցի Սեւակ Գրիգորյանի եղբայրը՝ Մակիչը, Մարտակերտում է կռվել, Սաքանյան Սամվելի եղբայրը՝ Հադրութում:

-Իմ եղբայրն էլ՝ Կորյունը, պայմանագրային ծառայող էր, վիրավորվել է մարտադաշտում,-ասում է ստեփանավանցի Արթուր Սարգսյանը:

-Եղբայրս՝ Սերյոժան, ամենաթեժ հատվածներից մեկում՝ Ջրականում է կռվել,-հավելում է Ալեքս Հակոբյանը:

Ալեքսը ծանրամարտիկ է, թվարկում է մարզական ասպարեզում ունեցած նվաճումները, վստահեցնում, որ  ծառայությունից հետո շարունակելու է հաջողությունների շարքն ու միջազգային հարթակներում բարձր է պահելու Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հազար երազանք ունեն տղաները, հազար նպատակ, հազար իղձ…

Մեկը մարզիկ է, մյուսը՝ երաժիշտ, ծրագրավորող, մեկը՝ ավտոմեխանիկ, ապագա բժիշկ…

Հիմա զինվոր են….

Ու ամեն մեկը հստակ գիտակցում է՝ ոչ թե պարտք, այլ պատիվ է հայրենի բնօրրանի զինվոր լինելը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի եւ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


08/07/2022