Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ…



ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ...Շարքային Միքայել Ոսկանյանը զորակոչվել է և վեց ամիս ծառայել ուսումնական զորամասում. նա այժմ իր բուն զորամասում գիտելիքներն է փոխանցելու զինվորներին. «Ինձ արդեն «պատրաստել» էի մինչև ծառայությունը՝ հեշտ եմ հարմարվել. տպավորություններ կան շատ դրական, ինչպես նկատել եմ՝ ամբողջ կուրսանտական կազմի մոտ էլ է նույնը. լավ գիտակցում ենք, թե ինչի համար են էստեղ ջանք ու եռանդով կոփել մեզ, կատարելագործել մեր զինվորական գիտելիքները»։

Շարքային Ասատրյան Գևորգը ևս քաջատեղյակ է զինվորական առօրյային. «Ռուսաստանում հաճախել եմ կադետական կորպուս, այստեղ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիր, հետո՝ «Մոնթե Մելքոնյան» վարժարան»:

Մշտապես հետաքրքրված լինելով ռազմական գործով ու զինվորական առօրյայով՝ Գևորգը որոշել է ժամանակը զուր չկորցնել և այժմ դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ տանկիստ դառնալու նպատակով:

Զորակոչիկների օրը վաղ առավոտից խիստ հագեցած է. սկզբում վերկաց, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ, հիգիենա, դասեր, ինքնապատրաստություն։

Արեն Գրիգորյան. «Արդեն հարմարվել ենք օրվա կարգացուցակին. ճիշտ ժամանակին արթնանում ենք, օրվա ընթացքում կատարում բոլոր անհրաժեշտ գործողությունները: Մի քանի ամիս հետո ինձ պատկերացնում եմ լիովին կայացած զինվոր, որը կարող է ղեկավարել ջոկը և կառավարել իրեն վստահված տեխնիկան»։

Հովհաննես Խաչատրյան, զորամասի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ.

«Ուրախալի է, որ մեր կուրսանտական կազմում չեմ նկատել ընկճված, հուզված տղաների, բոլորը տրամադրված են.  հասկանում են և գիտակցում,  որ եկել են ծառայության և պատրաստակամ են»:

Զորակոչիկների տրամադրությունը մարտական է. փաստում է հրամանատարական կազմը։  Տղաները դրական են տրամադրված ծառայությանը և ջանք ու եռանդ չեն խնայում իրենց լավագույնս դրսևորելու՝ ինչպես ֆիզիկական պատրաստության, այնպես էլ մասնագիտական դասընթացների ժամանակ։

Դավիթ Կիրակոսյան, դասակի հրամանատար. «Զորակոչիկների հետ անցկացնում ենք հրազենային զենքի դասընթաց, ներկայացնում ենք դրա կառուցվածքը, մարտավարական բնութագիրը, գործնական առանձնահատկությունները»։

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,

Արծիվների բույնն ես, չքնաղ Գետաշեն…

Այս ռազմահայրենասիրական երգով նորաթուխ զինվորները շարժվում են դեպի ճաշարան…

Համեղ ճաշից հետո զինակոչիկներն անցնում են բանակային առօրյայի մյուս մասին։ Դարձյալ մասնագիտական դասընթացներ, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ… Եվ այս ամենը մեկ նպատակի համար. հետագայում կրթել և դաստիարակել հայրենիքի արժեքը գիտակցող ու գնահատող իսկական մարտիկների:

Կրտսեր հրմանատարական պաշտոն շուտով կզբաղեցնի նաև շարքային Նարեկ Եղիազարյանը։ Նարեկը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, բայց ամենից առաջ իրեն հայրենիքի զինվոր է համարում: Հայրենասիրական ոգին տղայի մեջ սերմանել են ծնողները, հայրն էլ քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է, որը առավել է ոգեշնչում երիտասարդին. «Մենք ծնվել, ապրել ենք Հայաստանում, ու բոլորս էլ պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հնարավորության սահմաններում մեր հայրենիքը պաշտպանելու և զարգացնելու համար։ Ես պատրաստ եմ հայրենիքիս համար ամեն զոհողության»։

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Ազգային բանակ


15/07/2022