ՈՒՐԱԽԱՆԱԼ ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ
Հայերս յուրահատուկ կարևորություն ենք տալիս Ամանորը նշելուն: Թեպետ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվում այս տոնին, այն բոլորիս համար ուրախության տոն է: Ուստի այս թեստի միջոցով փորձենք պարզել, թե որքանով ենք կարողանում ի սրտե ուրախանալ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԻ այն, որ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
ՀԻՇԵՔ նաև`
3. Այս թեստի արդյունքներին անհրաժեշտ է վերաբերվել հումորով:
Պատասխանեք «այո» կամ «ոչ».
1. Սիրո՞ւմ եք զբոսնել:
2. Սիրո՞ւմ եք տանը հյուր ընդունել:
3. Ձեզ արված լավության դիմաց հեշտությա՞մբ եք հատուցում ընկերներին:
4. Չսպասված հյուրի համար Ձեր տանը միշտ հյուրասիրելու բան կգտնվի՞:
5. Ընկերների մտերմիկ շրջապատում կարո՞ղ եք խմել ավելին, քան պետք էր:
6. Սիրո՞ւմ եք համեղ և բազմազան ուտեստներ:
7. Հաճա՞խ եք երեկույթներ կազմակերպում:
8. Կա՞ մարդկանց խումբ, որոնց հետ հաճախակի հանդիպում եք:
9. Սիրո՞ւմ եք խմել ընկերների հետ:
10. Լավ ընկերախմբում Ձեզ մի՞շտ է հաճելի:
11. Ձեր վատ տրամադրությունն արա՞գ է փոխվում:
12. Ինչ-որ մեկի հետ վիճելիս հեշտությա՞մբ եք հաշտվում:
13. Անցյալից հիմնականում դրակա՞նն եք հիշում:
14. Ընկերախմբում կա՞րող եք թաքցնել Ձեր վատ ինքնազգացողությունը:
15. Բավարար չափո՞վ եք հետևում Ձեր առողջությանը:
16. Հաճա՞խ եք արթնանում գլխացավով:
17. Լինո՞ւմ է, որ առավոտյան չկարողանաք արթնանալ և աշխատանքի գնալ, քանի որ նախորդ գիշերն ուրախացել եք ընկերների հետ և ուշ եք քնել:
18. Եթե բժիշկը Ձեզ արգելի ալկոհոլ օգտագործել կամ ծխել, կկարողանա՞ք չխախտել արգելքը:
19. Ավելորդ քաշ ունե՞ք:
20. Հաճա՞խ եք ուրախանալու գնում առանց կողակցի կամ մտերիմի:
21. Կատակերգությունների հանդեպ թուլություն ունե՞ք:
22. Իսկ ուշ քնելու սովորությո՞ւն:
23. Իսկ ուշ արթնանալո՞ւ:
24. Սիրո՞ւմ եք ծաղրածուներին:
25. Հաճա՞խ եք ուշանում հանդիպումներից:
26. Աշխատավայրում հաճա՞խ եք կատակում:
27. Մի՞շտ եք պատրաստ հետաձգելու աշխատանքը և գնալ զվարճանալու:
Հայերս յուրահատուկ կարևորություն ենք տալիս Ամանորը նշելուն: Թեպետ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվում այս տոնին, այն բոլորիս համար ուրախության տոն է: Ուստի այս թեստի միջոցով փորձենք պարզել, թե որքանով ենք կարողանում ի սրտե ուրախանալ:
Պատասխանեք «այո» կամ «ոչ».
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Յուրաքանչյուր «այո» պատասխան գնահատեք 1 միավոր, «ոչ»` 0:
Հաշվեք գումարը:
0-3 միավոր – Դուք ի՞նչ է, կարծում եք, որ կյանքն այնքան բարդ է, որ երբեմն զվարճանալն անիմա՞ստ է: Կարելի է ասել, որ կյանքի «համը» կորցրել եք: Դա ինքնաբերաբար մեկուսացնում է Ձեզ ավելի ուրախ և զվարճացող մարդկանցից: Կամ էլ թեստը լրացնելիս վատ տրամադրության մեջ եք եղել: Այսպես չի կարելի, ժպտացեք, շուտով Ամանոր է, բոլորիս նորանոր երազանքներ են սպասում:
4-7 միավոր – Դուք հազվադեպ եք ուրախանում, և միգուցե դա է պատճառը, որ Ձեզ համար դժվար է գնահատել կյանքի հաճույքները: Դուք գերադասում եք միշտ լինել սթափ, վարել հանգիստ, պլանավորված և կազմակերպված կյանք: Հաղթահարեք այն դժվարությունը, որը Ձեզ թույլ չի տալիս լիարժեք զգալ տոների և առհասարակ կյանքի ուրախությունները:
8-12 միավոր – Դուք իհարկե կարողանում եք վայելել կյանքի ուրախությունները, բայց ամեն ինչ` չափի մեջ: Ընտանիքն ու աշխատանքը Ձեզ համար ամեն դեպքում ավելի կարևոր են, քան զվարճությունները: Դուք կարող եք լիարժեք հանգստանալ, եթե դա ոչ մի կերպ չի խանգարում Ձեր ընտանիքին և աշխատանքին:
13-19 միավոր – Դուք հստակ գիտեք ուրախության և զվարճությունների Ձեր «չափը», սակայն երբեմն «կորցնում եք գլուխը»: Սրանում ոչ մի վատ բան չկա. Դուք պարզապես սիրում եք ապրել և զգալ պահի ընձեռած հաճույքը:
20 – 27 միավոր – Դուք, անկասկած, զվարճանալու մեծ սիրահար եք: Բայց դա կարող է հասնել այն աստիճանի, որ սպառնա Ձեր աշխատանքին և առողջությանը: Ձեզ արդյոք չի՞ թվում, որ չափազանց բուռն կյանք եք վարում: Մտածեք այս մասին, բայց դա թող ձեզ չխանգարի բարձր տրամադրությամբ դիմավորելու Ամանորը:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Բանակ և հասարակություն