Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԵՆԸ ՆՄԱՆՎԻ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ…»



«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԵՆԸ ՆՄԱՆՎԻ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ...»Կյանքի ու մահվան, պատերազմի ու խաղաղության, ավերման ու արարման պայքարում ապրելու ու ապրեցնելու կամքը հայոց ճակատագրի, հայոց դարավոր երթի անքակտելի մասն է, անդառնալի կորուստներ կրած ընտանիքներում մանկիկների լույս աշխարհ գալը՝ հայի անկոտրում ու չընկճվող ոգու, կյանքը նորից սկսելու ու վերածննդի խորհրդանշանը։

Պատերազմի ցավը հաղթահարելու, մխիթարություն գտնելու լուսավոր իրադարձությունը անմահ հերոսների ընտանիքներում համալրումն է. լույս աշխարհ է եկել կյանքը Հայրենիքին նվիրաբերած Գևորգ  և Կարեն Գևորգյանների եղբայրը: Կարենը և Գևորգը ծառայում էին ոստիկանության զորքերում: Եղբայրները 44-օրյա պատերազմի հենց առաջին օրից են մասնակցել մարտական գործողություններին, արիաբար կռվել և կողք կողքի զոհվել Շուշիի մատույցներում:

Արեւ Մելիքյանն արդեն գրեթե երկու տարի ամեն առավոտ իր որդիներին ողջունում է նրանց անկյունում, զրուցում նրանց հետ, պատմում նախորդ օրվա անցուդարձը, հետագա ծրագրերը։ Որդիները՝ Գևորգ և Կարեն Գևորգյանները,  Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էին, ծառայում էին ոստիկանության զորքերում։ Զավակների մասին խոսում է մայրական գորովով, պատմում ոստիկանության զորքերում ծառայելու նրանց որոշման մասին, շեշտում, որ սիրով էին ծառայում, մեծ պատրաստակամությամբ։

Եղբայրները թեև բնավորությամբ տարբեր էին, բայց գրեթե միշտ միմյանցից անբաժան։

-Կարենը լուռ էր, մտախոհ, շատ պարտաճանաչ, իսկ Գևորգը ծիծաղկոտ, ժիր, աշխույժ, շատ տարբեր բնավորություններ ունեին, բայց սիրով աշխատում էին իրար հետ։

Կարենն ու Գևորգը անբաժան էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, նրանք հենց սեպտեմբերի 28-ին մեկնեցին հայրենիքի պաշտպանության համար մարտնչող մարտիկների շարքերը համալրելու։ Շուրջ մեկ ամիս Քարվաճառի մարտական գործողություններին մասնակցելուց հետո եղբայրները վերադարձան տուն։

-Հրամանատարությունը կարգադրել էր, որ եղբայրներից մեկը վերադառնա մարտական շարք, բայց դարձյալ երկուսով գնացին։ Զորամասում էլ, երբ ասել էին, թե եղբայրներից մեկը պետք է ներգրավվի  մարտերին, նույնիսկ միմյանց հետ վիճել էին, կրտսերն ավագին ասել էր՝ դու ընտանիք ունես, ես կգնամ, դու մնա, բայց միմյանցից չէին բաժանվել,- պատմում է մայրը։

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԵՆԸ ՆՄԱՆՎԻ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ...»Այս անգամ եղբայրները մասնակցել են Շուշիի պաշտպանությանը։ Հերոսաբար մարտնչել են, սակայն զորախումբը հայտնվել է շրջափակման մեջ։ Կարենը վիրավորվել է, բայց զենքը վայր չի դրել.

-Գևորգը ներքևում է եղել և երբ եղբորը կորցրել է տեսադաշտից, ինքն էլ  է բարձրացել վերև. զորամասի տղաները փորձել են չթողնել, զգուշացրել, որ այնտեղից դուրս պրծնելը գրեթե անհնար է, բայց գիտակցելով մահացու վտանգը՝ շտապել է եղբորն օգնության։

Գևորգը հասել է Կարենին, զենքը ձեռքին կռվել  վիրավոր եղբոր կողքին։ Վերջին հեռախոսազանգը եղբայրներից նոյեմբերի ութին է հնչել՝ ասում է տիկին Արևը։ Դրանից հետո զավակներից այլեւս լուր չի ստացել։ Կարեն ու Գևորգ Գևորգյաններին գտել են Շուշիի մատույցներում,  նոյեմբերի տասնյոթին,  կողք կողքի…

-Տղաների զոհվելուց հետո կյանքն ամբողջովին կորցրել էր իմաստն ու գույները,- անկեղծանում է տիկին Արևը։ Այլևս ուժ չկար ապրելու, անասելի ցավն ու կսկիծը ուղեկից էին տիկին Արևին և ամուսնուն… Բայց Գևորգյանների կյանքում հրաշք տեղի ունեցավ. ծնվեց հերոս եղբայրների կրտսեր եղբայրը՝ Արենը։

-Մեր դեմքին ժպիտ վերադարձավ։ Մի փոքր ժպիտ, մի նոր հույս ծագեց. կապրենք, չնայած, որ ոչ մի բան չի մոռացվում, չի վերադառնում, բայց Արենը այդ դաժան ցավի, այդ դաժան մթության մեջ մի լույս է, որ հույս է տալիս, որ ես ու ամուսինս շարունակենք ապրել։

Նորից մայրանալու քայլին դիմելիս տիկին Արևը երկար է մտածել, հակասական զգացողությունների միջով անցել մինչեւ վճիռ կայացնելը:

-Ինձ համար այնքան դժվար էր այդ քայլին դիմելը, ես, կարծես, փոխում էի երեխաներիս ինչ-որ մեկ ուրիշի հետ, մտածում էի՝ Կարենն ու Գևորգն ինձնից կնեղանան… Սակայն որոշեցի, որ պետք է ունենամ։ Թող բոլորը ունենան. մի փոքրիկ ուրախություն է մեզ համար այս մեծ դժբախտության մեջ։

Այժմ տիկին Արեւը զրուցում է երեք զավակների հետ, ավագներին պատմում իրենց կրտսեր եղբոր մասին, համեմատում նրանց, նորածնին էլ՝ հերոս եղբայրների ու նրանց սխրանքների մասին։

-Արենիս հետո ավելի մանրամասն եմ պատմելու եղբայրների հերոսությունների մասին, թե ինչպես են ավելի քան 40 օր միասին պայքարել։ Ուզում եմ, որ Արենը նմանվի իր եղբայրներին, չունենա նույն ճակատագիրը, բայց նրանց պես ուժեղ ու հայրենասեր լինի։

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Ճակատագրեր


21/07/2022