Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄԸնդունելության քննություն՝ 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու համար։ Սա զորակոչի այլընտրանքային ծրագրերից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս զորակոչի ենթակա բոլոր երիտասարդներին մասնակցելու 6-ամսյա նախապատրաստական անվճար դասընթացների, խորությամբ ուսումնասիրելու և յուրացնելու տվյալագիտության, արհեստական բանականության ուղղությունները, հանձնելու քննություն և որպես հատուկ մասնագետ ծառայելու զինված ուժերում։

Դավիթ Ղազարյան, պաշտպանության նախարարի խորհրդական – Առաջին փուլում դիմորդները հանձնում են մաթեմատիկայից եւ տրամաբանությունից գրավոր թեստ, երկրորդ փուլում՝ մասնագիտական։ Խոսքը արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտների մասին է։ Երրորդ փուլում հրավիրվում են լավագույն մասնագետները, եւ անցկացվում է հարցազրույց։

Նախորդ երկու փուլերի ընթացքում բազմաթիվ դիմորդներից արդեն ընտրվել են լավագույնները։ Տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների մասնագետներից կազմված հանձնաժողովի անդամները զրուցում են յուրաքանչյուրի հետ, առաջադրում խնդիրներ, գնահատում դրանց կատարման արդյունքները։

Վազգեն Միքայելյան, «Կրիսպ» ընկերության գիտական խմբի ղեկավար – Առաջին հերթին ստուգում ենք մասնակիցների մաթեմատիկական գիտելիքները, այդուհետ՝ մեքենայական ուսուցման և ծրագրավորման։ Բարձրագույն մաթեմատիկան հիմքն է ամբողջ մեքենայական ուսուցման, մենք ներկայացնում ենք տարբեր ալգորիթմներ. արդյոք տեղյա՞կ են, գիտելիքներ ունե՞ն, արդյոք կարո՞ղ են տեսական գիտելիքները գործնականորեն կիրառել, ստանալ անհրաժեշտ մոդելներ՝ պաշտպանական համակարգում կիրառելու համար։

Ռեմ Դարբինյան, «SmartClick» կազմակերպության հիմնադիր տնօրեն – Մենք ակնկալում ենք զորակոչիկներից բավարար գիտելիքներ արհեստական բանականության մասին, մեր հավելյալ հարցերով պարզում ենք նաև՝ կարո՞ղ են աշխատել թիմով։

Հանձնաժողովի անդամները ուրախությամբ փաստում են. շատ կան մասնագիտական մեծ կարողությունների տեր երիտասարդներ, ինչն էլ ավելի է խթանում մրցակցությունը՝ լավագույններից լավագույնին ընտրելու համար։

Դավիթ Ղազարյան, պաշտպանության նախարարի խորհրդական – Ստորաբաժանում դիմելուց առաջ կազմակերպում ենք վեցամսյա ինտենսիվ դասընթացներ, որից հետո զորակոչիկը կարող է դիմել մեզ, բայց նույնիսկ առանց այդ դասընթացի էլ կարող են մեզ դիմել։

1991 ստորաբաժանման նպատակը հայկական զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինծառայողների շարունակական կրթության ու բազմակողմանի զարգացման ապահովումն է։ Այս եզակի ստորաբաժանման զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար նպաստում են զինված ուժերի թիրախային ոլորտների համար մեծ պահանջարկ ունեցող առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծմանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Ազգային բանակ


21/07/2022