Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԼԻԹԻ ՈՒ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՏՂԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ



ԼԻԼԻԹԻ ՈՒ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՏՂԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ…Նրանք ծանոթացել են տարիներ առաջ։ Էմանուել Էզուկամը խաղում էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում, իսկ Լիլիթը լեզվի կենտրոնում հայերեն բանավոր խոսք էր ուսուցանում  օտարալեզու հայաստանաբնակներին։ Ժամանակի ընթացքում էլ ձևավորվեց հայ-նիգերիական ընտանիքը, ու ծնվեցին Լիլիթի և Էմանուելի երեք զավակները։

Ֆուտբոլիստ հայրիկի մասնագիտական աշխատանքի բերումով ընտանիքը հաճախ է տեղափոխվել, բնակվել տարբեր երկրներում, երկար տարիներ անցկացրել են Քուվեյթում։ Դանիելն ընտանիքի ավագ որդին է, ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել օտար երկրներում, մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։

Դանիել Էզուկամ, զորակոչիկ.

-13-14 տարեկանից եմ սկսել պարապել, ուզում եմ շարունակել ֆուտբոլը… Մի քիչ էլ ինքնուրույն  դաշնամուր եմ սովորել նվագել։ Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, տանը մաման էր պատմում, նաեւ՝ վերջին պատերազմի մասին։

Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել: Դանիելի տասնութ տարին է լրացել, և որոշել է ծառայել Հայաստանի բանակում։ Լիլիթն ասում է, որ Դանիելն ընտրության հնարավորություն ուներ. կարող էր ընտրել Նիգերիան և պայմանագրային հիմունքներով ծառայել այնտեղ, սակայն նախընտրեց Հայաստանը, որովհետև այստեղ ամեն ինչ անբացատրելի հարազատ է։

ԼԻԼԻԹԻ ՈՒ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՏՂԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ-Ծիրան եմ շատ սիրում, դեղձ էլ, ստեղի դեղձը շատ համով ա… Մարդիկ շատ ջերմ են Քուվեյթի համեմատ, շատ ջերմ են, քաղաքն էլ շատ լավն է,- ժպիտը դեմքին ասում է Դանիելը։

«Հայ զինվոր» հանդեսի նախորդ համարում արդեն նշվել է Դանիելի՝ ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու մեծ ցանկության մասին: Սակայն պահանջվող ցուցանիշները նրան ամբողջությամբ հաղթահարել չհաջողվեց, այնուամենայնիվ, մեծ պատրաստակամությամբ է մեկնում ծառայության, վստահ է, որ շատ արագ կյուրացնի զինվորական ծառայության այբուբենն ու ժամանակի ընթացքում իր գործին հմուտ տիրապետող զինվոր կդառնա.

-Երկու տարին շուտ կանցնի, կարգին կանցնի, լավ կլինի ամեն ինչ։

Դանիելը հուսով է, որ երբեմն նաև ֆուտբոլ խաղալու ժամանակ կունենա. ծառայությունից հետո պատրաստվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել, և ամենօրյա մարզումներն անհրաժեշտություն են, խոստանում է նաև հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել, վստահ է, որ հայկական բանակում ծառայությունը կօգնի ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման նոր ուղիներ գտնել։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/07/2022