Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԳԱԺՊԻՏՆԵՐ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նշանավոր հայ երգիծաբան, արվեստի վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնի (Ղազարյանի) (ծնվ. 1927թ.) հանգաժպիտները:

Ուտելու տոն է Ամանորը,

Օրհնվի դրա հնարողը։

♦♦♦

Հարամ է՝ կնոջ հետ ուրիշի տանը ճաշելը՝

Քանի բաժակ խմել եմ, էնքան փեշս քաշել է…

♦♦♦

Ես թերմոս եմ բերանը փակ։ Ու տարիներ թե անցել են,

Ինչ ջերմությամբ քեզ սիրեցի, էնպես էլ տա՜ք մնացել եմ։

♦♦♦

Ե՞րբ կորավ խիղճն իր, չէր իմացել,

Տանից դուրս էր եկել եւ… չէր վերադարձել…

♦♦♦

Անօրեն ապրեց, անօրեն մեռավ,

Ոչ մի օրենք իր վրայով չեղավ։

♦♦♦

Լավ է՝ թղթի գյուտը եղավ վաղուց՝

Հորթերը փրկվեցին մագաղաթ դառնալուց։

♦♦♦

Հարազատ տանդ ապրիր եւ կլինես ողջ,

Անաչք ապրել կլինի, անհայրենիք՝ ոչ։

♦♦♦

Թե ուզում ես լինել բեղուն,

Տե՛ս, ինչպես է ապրում մեղուն։

♦♦♦

Մի սարսափիր, երբ քեզ հալածեն ու բամբասեն,

Դու տաղանդավոր եղիր, թող քեզ անտաղանդ ասեն։

♦♦♦

Այ քեզ ամուսնություն, քեֆս բերեց,

Կինը որպես օժիտ, գրքեր բերեց։

♦♦♦

Ուզեց դառնալ ոստիկան,

Որ դոլլար ու ոսկի տան։

♦♦♦

Ներողություն ասված բառը վերանում է օր օրի,

Աշխատեք, որ ձեր ոտքը կիրթ մարդ տրորի։

♦♦♦

Մեզ ծիծաղելով հաղթելու նոր սերունդ է հիմա պետք,

Ով որ հումոր չի սիրում, նրան աղջիկ մի տվեք։

♦♦♦

Տաղանդներդ անսպառ են, հայ ժողովուրդ, աչքդ լիս,

Մի Տիգրան Պետրոսյանդ գնում է, մյուսն է գալիս։

♦♦♦

Գցեցի՞ն, թե ցած ընկավ այս պաշտոնյա հանճարը,

«Սեւ արկղը» չեն գտնում, որ իմանան պատճառը…

♦♦♦

Ստախոսների համագումարում,

Ճշտախոսներին մարդ չեն համարում։

♦♦♦

Հիմա էլ չենք զարմանում խելք ու ֆայմից նոր հայի,

Մեռնի՝ «Սամվել» չի կարդա, կինո հանեն՝ կնայի…

♦♦♦

Գիտե՝ իր հանդեպ ես սեր եմ տածում,

Քթիցս բռնած` ինձ ման է ածում։

♦♦♦

Ոնց որ քեզ ուզողներ եկան, աղջի,

Թե չէ շունն էդքան ուրախ չէր հաչի…

♦♦♦

-Սպասեցե՛ք, այս ատրճանակով իրավունք չունեք սպառնալ ինձ, դուք դրա համար դեռ չեք վճարել։

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Բանակ և հասարակություն


29/12/2011