Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՓՈՒԼԸ



«Տղամարդու կյանքում երեք շրջափուլ է լինում` երբ նա հավատում է Ձմեռ պապին, երբ չի հավատում, եւ երբ ինքն է Ձմեռ Պապ»:

Ձմեռ պապը բարի է և մեծահոգի, նրան բնորոշ են ուրիշներին անշահախնդիր օգնելը: Նա նվերներ է բերում բոլոր երեխաներին առանց խտրականության` հաշվի չառնելով ընտանիքի սոցիալական դիրքն ու հարաբերությունները, բարձր արժեքների և բարոյականության մարդ է:

Ձմեռ պապը հոգեբանական տեսանկյունից ցայտուն էքստրավերտ է` կողմնորոշված է դեպի դուրս, դեպի շրջապատը: Նրան բնորոշ են մարդկանց հետ շփվելը, շրջապատի ուշադրությունը գրավելը, փոխհարաբերություններում ակտիվությունը:

Չնայած իր հեքիաթային որակներին` նա իրատես է և պատասխանատու, քանի որ երբեք չի ուշանում, միշտ պլանավորում է իր գործը` ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, կարևորում է կարգուկանոնը. ամեն ինչ ամբողջական և ապահով տեղ է հասցնում և ոչինչ չի շփոթում:

Նա նաև շատ արտիստիկ է, կարողանում է զվարճացնել և գեղեցկացնել Ամանորը: Հոգեկան ջերմություն է պարգևում ինչպես երեխաներին, երբ նվերներ է բաժանում, այնպես էլ մեծերին, որոնք երեխայի պես ուրախանում են իրենց իսկ փոքրիկների ուրախությամբ:

Ձմեռ պապը չարի և բարու գիտակ է, գիտի ճիշտն ու սխալը, արդար է և ազնիվ, հավատ և վստահություն է ներշնչում: Եվ, իհարկե, նա ունի դաստիարակչական մեծ ազդեցություն: Շատ ծնողներ գտնում են, որ Ձմեռ պապի գոյությունն առհասարակ վնասակար է իրենց երեխաների համար` հաշվի առնելով այն սթրեսը և հիասթափությունը, որը երեխան ապրում է` իրականությունը իմանալուց հետո: Նման տեսակետը, իհարկե, կարող է որոշակի հիմնավորումներ ունենալ, սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե Ձմեռ պապի «կորուստը» երեխայի համար ծանր է, ապա նրա բացակայությունը կրկնակի ծանր կլինի, քանի որ վերջինիս բարի կերպարը հարստացնում է երեխայի ներաշխարհը: Եվ եթե երեխան, այնուամենայնիվ, դադարել է հավատալ Ձմեռ Պապի գոյությանը, պետք չէ ջանքեր թափել կոտրված հավատը վերականգնելու համար:

Կալիֆորնիայի նահանգում դեկտեմբերի 31-ի գիշերը շտապօգնության գրասենյակ է զանգահարում մի երեխա.

-Շտապօգնությո՞ւնն է, ինձ շատ շտապ օգնություն է պետք:

Սարսափահար աշխատակիցը հարցնում է, թե ի՞նչ է պատահել:

-Հայրիկս խելագարվել է, նա կարմիր հագուստ է հագել, մորուք է դրել, երգում է և ասում, թե ինքը Ձմեռ պապն է,- ամենայն լրջությամբ պատասխանում է երեխան:

Պարզվեց, որ այդ երեխան մի քանի օր առաջ հայրիկի հետ զրույցում ասել էր նրան, որ այլևս չի հավատում Ձմեռ պապին, սակայն երբ հայրը փորձել է հակառակել, երեխան պնդել է:

-Հայրի՛կ, ես գիտեմ, որ Ձմեռ պապ չկա, ի դեպ` դու էլ արագիլն ես:

Կան նաև հասուն մարդիկ, ովքեր դեռ հավատում են, որ ինչ-որ տեղ Լապլանդիայում Ձմեռ պապը դեռ հետևում է մեզ և ուրախանում մեր հաջողություններով:

Նշենք նաև այն տարբերությունները, որոնք առկա են Ձմեռ պապի և Սանտա Կլաուսի միջև: Ինչպես գիտենք, Սանտան բնորոշ է արևմտյան երկրներին` նա միջին տարիքի տղամարդ է, ավելի երիտասարդ է և համեմատաբար ավելի կարճահասակ, քան Ձմեռ պապը, ով բնորոշ է Արևելյան երկրներին, ավելի տարիքով է, անպայման բարձրահասակ և ուժեղ: Տարբեր են նաև նրանց հագուստներն ու ոճը: Ձմեռ պապն ավանդաբար կապույտ և արծաթափայլ հագուստով է, իսկ Սանտան միշտ կարմիր է հագնում: Առաջին ընկալմամբ` Սանտան ավելի կենսուրախ և զվարճասեր է, քան Ձմեռ պապը, որ սովորաբար ավելի «խիստ» է: Ի դեպ, շատ կարևոր առանձնահատկություն է, որ Սանտան առանց Ձյունանուշ է, երբեմն իր էլֆերի ուղեկցությամբ, իսկ Ձմեռ պապի կողքին իր գեղեցկադեմ թոռնիկի ներկայությունը պարտադիր է, հատկապես մեզ` հայերիս պարագայում: Մեզանում Ձմեռ պապը Սանտայի և դեռևս խորհրդային ժամանակներից եկած Ձմեռ պապի լավագույն խառնուրդն է, քանի որ նրանցից յուրաքանչյուրից վերցրել է ամենադրական կողմերը: Իսկ Ռուսաստանում ժողովուրդն իրենց Ձմեռ պապին տարբերակելու ավելի լավ ձև է առաջարկել. «Եթե դուք տեսնում եք ոչ հարբած և սթափ Ձմեռ պապի, ապա դա ավելի շուտ Սանտան է»:

Խոսենք նաև ֆոբիայի բավականին հետաքրքիր տեսակի մասին, որը կոչվում է կլաուսոֆոբիա: Դա ծայրահեղ վախն է Ձմեռ պապից, ավելի շուտ Սանտա Կլաուսից: Եվ դրսևորվում է հիմնականում առավոտյան` Ձմեռ Պապի գալստից հետո, որը նախորդ գիշերվա անմիջական հետևանքն է: Այս ֆոբիայի ձևավորման գործում իրենց էական դերակատարումն ունեն ծնողները, որոնք դաստիարակչական նկատառումներից ելնելով, հաճախ են սպառնում երեխաներին, թե Ձմեռ պապն այլևս չի գա կամ խիստ կջղայնանա: Սա կոպիտ սխալ է, նման դեպքերում հեքիաթային հերոսը դառնում է հակահերոս, և փաստորեն բոլոր դրական հատկանիշները «շրջվում են», արդյունքում` երեխան սկսում է վախենալ և խուսափել Ձմեռ պապից, իսկ քանի որ Ամանորը նրա ներկայությունն է խորհրդանշում, ապա վտանգ կա, որ այս վախը կամ գոնե նրա ստեղծած լարվածությունը կտարածվի տոների ամբողջ շղթայի վրա:

Այժմ կարող եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը մոտենում է Ձեզ և հարցնում. «Իսկ դու ի՞նչ ես ուզել, որ Ձմեռ պապը բերի»… Լավագույն դեպքում` կժպտաք կամ քմծիծաղ կտաք: Սակայն մի՛ շտապեք, քանի որ Ձմեռ պապից «ազատվելն» այնքան էլ հեշտ չէ, դեռ ավելին` ինչ-որ տեղ Ձեր ենթագիտակցականում Դուք դեռ շատ երկար եք հավատալու նրա գոյությանը:

Հավելենք նաև, որ Ամանորի մեր հերոսը բավականին հայտնի է, աշխարհի բոլոր ծայրերում նրան լավ ճանաչում են և տարբեր անուններով են կոչում. օրինակ` Ադրբեջանում նրան անվանում են Շախտա Բաբա, Վրաստանում` Տովլիս Պապա, Թուրքիայում` Նոել Բաբա, Գերմանիայում` Նիկոլաս և այլն, իսկ օրինակ Հնդկաստանում որպես Ձմեռ պապ է հանդես գալիս աստվածուհի Լակշիմին:

Որպես վերջաբան` ցանկանում ենք շնորհավորել ձեր Ամանորը: Մանկությունը վաղուց արդեն տարիների ետևում է, բայց թող այդ տարիներին ապրած ձեր ուրախ րոպեները միշտ ուղեկցեն ձեզ, մաղթում ենք բոլոր նվիրական իղձերի իրականացում և հաճելի ակնթարթներ:

♦♦♦

Զորակոչիկների զրույց Ամանորի գիշերը:

– Լսի՛ր, Ձմեռ պապն ամեն ինչ շփոթել է:

– Ի՞նչ է պատահել:

– Դե ես 14 տարի առաջ էի զինվորական համազգեստ ուզել, ոչ թե հիմա:

♦♦♦

Ձմեռ պապը հոգեթերապևտի մոտ:

-Բժիշկ, օգնեք, ամեն ինչ վատ է` ես ինձ չեմ հավատում:

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Բանակ և հասարակություն


29/12/2011