ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ զորակոչված Էրիկ Շահբազյանն ու մյուսները սպաների ու փորձառու սերժանտական կազմի օգնությամբ քայլ առ քայլ սերտում են երիտասարդ մարտիկի դասընթացը։
«Քանի որ նոր ենք զորակոչվել բանակ, հիմնականում զինվորական քայլվածքի, խոսելաձևի մեջ ենք հմտանում։ Շուտով աստիճանաբար կսկսենք սերտել նաեւ մեր մասնագիտական առարկաները»,- ասում է Էրիկը:
Նա համոզված է՝ ինչպես շարային քայլքն ու կեցվածքն են աստիճանաբար դառնում սահուն, հստակ ու անսխալ, այնպես էլ մասնագիտական կայացման ուղին կլինի։
«Զինվորական ծառայությունը նաև մտածելու շատ ժամանակ է տալիս, թե երկու տարի հետո ինչպես կարող ենք մեր հայրենիքի համար լինել պիտանի և օգտակար մարդ։ Յուրաքանչյուր առողջ հայ տղա պետք է ծառայի բանակում, իր պարտքը տա հայրենիքին, որը երկու տարով չի սահմանափակվում. մենք մեր ամբողջ կյանքում պիտի ծառայենք երկրին՝ ամեն մեկս յուրովի, մեր ոլորտում, մեր աշխատանքով: Պետք է լինենք լավ զինվոր, քանի որ մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ չգիտենք՝ վաղը, մեկ տարի կամ տասը տարի հետո ինչ է սպասվում…»։
Այս գիտակցումն է զինվորագրվելու պատճառ դարձել նաև Գերմանիայից Հայաստան վերադարձած Արթուր Գրիգորյանի համար։
«Վերջին պատերազմը հատկապես պատճառ դարձավ, որ վերադառնամ Հայաստան։ Հետ եկա, քանի որ ուզում էի ծառայել հայրենիքիս, պաշտպանել մեր հողերը, եւ ինձ համար մեծ պատիվ է հայ զինվորականի համազգեստ կրելը»։
Արթուրը չի թաքցնում. դժվարություններ իհարկե կան, հատկապես երկար տարիներ օտար երկրում ապրելու հանգամանքով պայմանավորված։ Սակայն օրեցօր ավելի ու ավելի է ընտելանում զինվորական կյանքին։
«Զինվորական առօրյան շատ հետաքրքիր է անցնում։ Առավոտյան վերկացից սկսած մինչև մարտավարամասնագիտական պատրաստության դասեր, սպորտ, շարային պարապմունքներ։ Ձգտում ենք հնարավորինս շուտ սովորել ամեն ինչ, որ արագ ընկնենք հունի մեջ»։
Զինվորական գործի դասագրքային կանոնները սովորելը նույնպես կարևոր է, պարտադիր ու անհրաժեշտ: Ապագա տանկիստներն ու հետևակի մարտական մեքենաների հրամանատարները առայժմ լսարանային պայմաններում ու վարժասարքերի միջոցով են ձեռք բերում անհրաժեշտ փորձառությունն ու սերտում մասնագիտական դասերը։ Առավոտից երեկո անձնակազմը սովորում է, վարժվում զենքերին, պատրաստվում առաջադրանքների կատարմանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում