ՀԱՐՑԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԾԱԽՆԴԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի եւ 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը ստորագրած պետությունների Վերիֆիկացիայի կենտրոնների պետերի հանդիպում: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ ՊՔ վարչության բաժնի պետ գնդապետ Վ.Կարապետյանը: Նրա խոսքով, միջոցառման նպատակն էր ամփոփել տարվա ընթացքում կատարված աշխատանքները, պլանավորել հաջորդ տարվա միջոցառումներն ու խնդիրները, մտքեր փոխանակել ԵՍԶՈՒ պայմանագրի վերաբերյալ:
«Օրակարգի հիմնական հարցը 1999թ. Վիեննայի փաստաթղթի (ՎՓ-99) դրույթների փոխարինումն էր նոր` 2011թ. տարբերակով: Զեկույցում նշվեց, որ անցումը պետք է իրականացնել հնարավորինս արագ եւ առանց բարդությունների: Կա մի քանի հարց, որոնք պահանջում են ավելի բծախնդիր մոտեցում, օրինակ՝ զորավարժությունների մասին ծանուցումը: Խնդիրն այն է, որ ՎՓ-99-ով նախատեսվում էր հայտարարել այն զորավարժությունների անցկացման մասին, որոնց մասնակցող անձնակազմի և սպառազինության քանակը գերազանցում է հետեւյալ սահմանված ցուցանիշները` անձնակազմ` 9000 մարդ, մարտական տանկեր` 250 միավոր, մարտական զրահապատ մեքենաներ` 500, հրետանի՝ 250: Ըստ նոր տարբերակի` պետք է հայտարարել նաեւ լայնամասշտաբ զորավարժությունների մասին, նույնիսկ, եթե վերոնշյալ ցուցանիշները չեն գերազանցվում: Իսկ բազմազգ եւ արագ արձագանքման ուժերի զորավարժությունների մասին պետք է անպայման հայտարարել»:
Գնդապետ Կարապետյանը հանդիպել է Դանիայի Թագավորության սպառազինությունների կենտրոնի պետի հետ եւ պայմանավորվել, որ 2012թ. կշարունակվի երկկողմանի համագործակցությունը. «Նոր տարում Հայաստանից կհրավիրվի մեկ հյուր-տեսուչ` դանիական տեսչական խմբի հետ համատեղ տեսչություն իրականացնելու համար»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
ավագ լեյտենանտ