Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը և կամրապնդի իր զինված ուժերը»։

ՌԴ Անվտանգության խորհուրդը ահազանգել է Ուկրաինայից համաշխարհային միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։

ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ:

ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևի կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կարող է առաջանալ, եթե ամերիկյան կողմը հարգի Ռուսաստանի ազգային շահերը:

ՌԴ-ում «ՀՄՄ-3»-ի հիման վրա ստեղծվել է մարտական ռոբոտ՝ մարտադաշտի վտանգավոր ուղղություններում և քաղաքում գործողությունների համար։ «Սինիցա» մարտական մոդուլով մեքենան գործում է առանց անձնակազմի. մեխանիկ-վարորդի և հրաձիգի գործառույթները ռոբոտացված են։

«Վրաստանը չի խառնվի ռուս-ուկրաինական պատերազմին»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է ԵՄ որոշ երկրների՝ ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու կոչերը՝ նշելով, որ պատժամիջոցները չպետք է վնաս հասցնեն անմեղ մարդկանց։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջեւ հուլիսի 18-ին ստորագրված գազի ներմուծման մասին համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:

«Եթե  Ուկրաինայում սկսվի թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրություն, գործարանը կապառազմականացվի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական ընկերությունը Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության  գործարան կկառուցի։

Ռուսաստանը Սիրիան Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ասպարեզի վերածելու ռիսկեր է տեսնում:

Թուրքիա

 

Թուրքիան սկսել է կացության երկարաժամկետ թույլտվություն տրամադրել Ղրիմի թաթարներին՝ ճանաչելով նրանց «թյուրքական արմատներով հայրենակիցների» կարգավիճակը։

Շվեդիայի կառավարությունը համաձայնել է Թուրքիային արտահանձնել խարդախության համար հետախուզվողին։ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պաշտոնական դիմում ներկայացնելու թույլտվության դիմաց Շվեդիան առաջին անգամ կատարում է Թուրքիայի պահանջը: Մինչ այդ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, թե Շվեդիայի և Ֆինլանդիայի որևէ հստակ գործողություն չի տեսնում:

Թուրքիան և Պակիստանը 5 մլրդ դոլարի առևտրային համաձայնագիր են ստորագրել։

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Մոսկվայի հետ մերձեցման համար։

Թուրքիան Ուկրաինային է փոխանցել առնվազն 50 միավոր «BMC Kirpi» զրահամեքենա։ Սպասվում է ևս 150 միավոր մեքենայի փոխանցում։

Թուրքական հորատման նավերը ռազմանավերի պաշտպանության ներքո գործի են դրվել Միջերկրական ծովի արևելյան մասում, ինչն ամենայն հավանականությամբ Հունաստանի հետ նոր հակասությունների առիթ կդառնա։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ՀԱՊԿ անդամ Ղազախստանը պայմանավորվել են փոխանակել հետախուզական տեղեկատվություն։

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արագացնել Անկարային 40 միավոր F-16 կործանիչների վաճառքի և Թուրքիայի սպառազինության մեջ եղած ևս 80 կործանիչների արդիականացման մասին որոշման ընդունումը:

Պակիստանը ցուցադրել է Թուրքիայից գնված «AKINCI» ԱԹՍ-ն։ Փաստորեն, Իսլամաբադը դարձել է այս ԱԹՍ-ի առաջին արտասահմանյան օպերատորներից մեկը։

Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խումբը: Պայմանագիրը ենթադրում է նաեւ համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում:

 

Իրան

 

Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի թիմերի մասնակցությամբ Իրանում անցկացվել է «Որսորդական բազե-2022» անօդաչու թռչող սարքերի 7-րդ միջազգային ռազմական առաջնությունը։

Եվրամիությունը համաձայնեցրել է Իրանի հետ միջուկային գործարքի վերջնական տեքստը։ Իրանի իշխանությունները միջուկային գործարքը վերականգնելու առաջարկների պատասխանն ուղարկել է Եվրամիությանը։ Մանրամասները հայտնի կդառնան մի քանի օրվա ընթացքում:

«The Washington Post» պարբերականը գրել է, որ երկրագունդը զոնդավորող հեռահար օպտիկական հետախուզության իրանական «Հայամ» արբանյակի գործարկումը Թեհրանին աննախադեպ հնարավորություններ կտա՝ ներառյալ Իսրայելում եւ Պարսից ծոցի գոտում կարևոր օբյեկտներին անընդհատ հետևելը։

Իրանը պատրաստ է այլ երկրների հետ միասին բավարարելու Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի՝ դեպի ծով ելքի տարանցիկ կարիքները. այս երկրները ունեն սերտ երկկողմ և բազմակողմ փոխգործակցություն Իրանի հետ։

 

Ադրբեջան

 

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Ադրբեջանում անցկացվելու է «Ծովային գավաթ» մրցույթը։

Թուրքիայում և Ադրբեջանում անցկացվում են երկու պետությունների զինված ուժերի «Ստորջրյա հարձակում» համատեղ զորավարժությունները։

Երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում Թուրքիայում անցկացվող զորավարժություններին՝ փորձի փոխանակման նպատակով։

Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Կիպրոսի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել հանդիպման կապակցությամբ։ Հանդիպումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և թուրք կիպրացիների պահանջներին աջակցելուն և կարող է ձախողել Եվրամիության հետ գործընկերության Ադրբեջանի հայտը, ինչի համար կպահանջվի Կիպրոսի համաձայնությունը:

Հունական «Greek City Times» պարբերականի կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը՝ Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելուց հետո:

Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին, դադարեցրել է գազային բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությունները: Ժամանակավոր կառավարությունը նաև չի բացառել նոր երկարատև պայմանագրի կնքումը ռուսական «Գազպրոմի» հետ։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1445) 17.08.2022 - 23.08.2022, Տարածաշրջան


18/08/2022