ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ
Վերջին հարյուր տարիների ընթացքում Արցախի Հադրութի շրջանը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր օջախներից մեկը։ Հադրութը նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Գետահատ, Հադրուտ, ավելի ուշ է շրջանն անվանակոչվել Հադրութ։ Բառացի նշանակում է երկու գետերի միջև։ (Գտնվում է Իշխանագետի ու նրա վտակների, Արաքս գետի հովտում)։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքին։ Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Վարազաթումբը (Լելե Թեփե) գտնվում է Հադրութի շրջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ, Հորադիզ ավանի դիմաց։ Հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանը լինելով Արցախի Հադրութի շրջանում՝ ասել է հետևյալ խոսքերը, որոնք հետագայում թևավոր խոսք են դարձել Արցախում. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը այդ մատանու ադամանդն է»։
Ինչպես նախորդ մի քանի հոդվածներում, այս անգամ ևս կանդրադառնանք Հադրութի շրջանի պատմական հուշարձաններին, որոնք 2022 թ. 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նրանց հետագա ճակատագիրն անհայտ է։
ՕԽՏԸ ԴՌՆԻ ՎԱՆՔ
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան լանջին է գտնվում Օխտը Դռնի վանքը՝ բաղկացած երեք հիմնական կառույցներից։ Տեղի չքնաղ բնությունն իր զարմանալի հարստությամբ մի առանձին հմայք ու ներդաշնակություն է տալիս վանական համալիրին։ Լեռնաշղթան, առավել ևս նրա լանջերը, ծածկված են թանձրախիտ անտառով։ Եվ հանկարծ այդ ամենի մեջ հառնում է մի շատ հին ու ինքնատիպ վանք։ Վանքում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ, բայց պահպանվել են ավելի ուշ ժամանակաշրջանի պատկանող երկու խաչքարեր, որոնցից առաջինը եկեղեցու բեմի խորքում է՝ լուսամուտի տակ, իսկ երկրորդը՝ բակում, ավերված մատուռի ներսում։ Արձանագրություններ կան այս խաչքարերի ներքին հատվածներում։ Իսկ ահա վանական համալիրի տարածքում գտնված ամենահին խաչքարը, որը թվագրվում է 1044 թ., Արցախի տարածքում մինչև այսօր հայտնի ամենահին թվագրվածն է և կերտվել է Ամարասի հովտում պահպանված Ղազարի խաչքարից 47 տարի վաղ։ Օխտը Դռնի վանքը գտնվելով Դիզակի վարչական կենտրոն Դողի և նշանավոր Գտչավանքի մոտերքում, եղել է Դիզակի իշխանների հովանավորության ներքո։ Ավանդության համաձայն՝ Օխտը Դռնի վանքը կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, որի գերեզմանը վանքի բակում է և այդպես էլ հայտնի է որպես ուխտատեղի՝ «Քրոջ գերեզման»։
Օխտը Դռնի վանքի թվագրման հարցում մասնագետների տեսակետները տարբեր են։ Համադրելով տարբեր կարծիքները՝ կարելի է ասել, որ համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է 6-8-րդ դարերում։ Սա է հաստատում ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների, հատակագծային ծավալատարածական հորինվածքի դիտարկումը, որը թույլ է տալիս այն դասելու տվյալ դարաշրջանի հայ հուշարձանների շարքը։
Եկեղեցին շարված է կոպտատաշ բազալտ քարերով և պատկանում է Հռիփսիմեատիպ հուշարձանների դասին։ Մինչև 2022 թ. արցախյան 44-օրյա պատերազմը եկեղեցին կիսավեր վիճակում էր, իսկ պատերազմից հետո, Հադրութի շրջանի բռնագրավումից հետո, թշնամական զորքերը գետին են տապալել եկեղեցու մուտքին տեղադրված խաչքարը։ Ներկա վիճակի մասին այլ տեղեկություններ չկան։
VII դարի մեծանուն պատմիչ, մատենագիր Մովսես Կաղանկատվացին վկայում է, որ V դարում Արցախ-Ուտիքյան հայաշխարհի թագավորության հիմնադիր Վաչագան Բարեպաշտը կառուցել է տվել տարվա օրերի թվով վանքեր ու եկեղեցիներ, հետևաբար, բացառված չէ, որ Հայոց Արևելից կողմանց գավառներում, որտեղ հուշարձանները հաշվառված չեն, կլինեն նույնատիպ տաճարներ ևս։
ԿԱՏԱՐՈ ՎԱՆՔ
Կատարո վանքը կամ Կատարավանքը, գտնվում է Դիզափայտ լեռան գագաթին, ծովի մակերևույթից ավելի քան 2400 մ բարձրության վրա (Դիզափայտ լեռան բարձրությունը 2478 մ է)։ Կատարոյի վանքը Արցախի տարածքում հանդիպող ամենաբարձրադիր հուշարձանն է՝ կառուցված տեղի կիսամշակված քարով։ Պատմական աղբյուրների վկայությամբ՝ եկեղեցին կառուցվել է IV-V դարերում։ Եկեղեցին ուխտատեղի էր ոչ միայն Դիզակի, այլև Հայաստանի տարբեր գավառների բնակչության համար։ Դրա վկայություններն են արձանագրությունները և ուխտավորների՝ եկեղեցուն ընծայված ոչ մեծ խաչքարերը, որոնց վրա արձանագրված են նվիրատուների անուններն ու նրանց բնակավայրերը։ Ահա խաչքարերից մեկի արձանագրությունը. «Յիշատակ է Սբ. Խաչս Մկրտիչ Գաբրիելենց՝ ի գեղջեն Ագուլիս, 1887»։ Սրբավայրը ուխտատեղի էր ոչ միայն հայերի, այլ նաև մահմեդականների համար, որոնք այն անվանել են Զիարաթ (արաբ. ուխտատեղի)։
Կատարո վանքը առաջինը հիշատակում է Փավստոս Բուզանդն իր Պատմության մեջ։ Իսկ ահա Մովսես Կաղանկատվացին իր «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության մեջ ավելի հանգամանորեն պատմում է, որ՝ Պարսից արքան հրամայում է մասքութների առաջնորդ Սանեսանին հարձակվել և սպանել քրիստոնեություն ընդունած նրա երեք որդիներին՝ Դանիելին, Եղիային ու Մովսեսին, և նրանց միացած 3870 ճգնավորներին, որոնք աշակերտել էին սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռանը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս սուրբ Գրիգորիսին։ Սանեսանը հարձակվում և սրախողխող է անում այդ ժամանակ վանքում ճգնող իր որդիներին և մյուս ուխտավորներին։ Նորահավատներին դիզում են ինչպես փայտը և այրում լեռան կատարին։ Այստեղից էլ լեռան անունը կոչվում է Դիզափայտ։ Ի պատիվ նահատակների՝ Վաչագան թագավորը 343 թվականին կառուցել է տվել եկեղեցին։
Բացի Կատարո վանքից, Դիզափայտ լեռան վրա պահպանվել են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն է՛լ ավելի է կարևորում նշանավոր սրբավայր-ուխտատեղիի դերը, իսկ լեռան բարձր դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում։
2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում եկեղեցին չի տուժել, սակայն Հադրութի շրջանի ամբողջական բռնազավթումից հետո Դիզափայտի գագաթը վեր է ածվել ռազմական հենակետի, իսկ Կատարո վանքը ադրբեջանական զորքի համար ծառայել է որպես կացարան և զենքի պահեստ:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Հոգևոր-մշակութային