ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՀԱՅԸ
Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թ. օգոստոսի 28-ին Գանձակում, ուսուցչի ընտանիքում։ Դեռ մանկուց բժշկուհի քույրը եղբոր մեջ սերմանեց հետաքրքրություն լեզուներ սովորելու նկատմամբ, իսկ չեկիստ եղբայրներն ամեն կերպ ձգտում էին իրենց ճանապարհով տանել եղբորը, որը հնարամտորեն ընտրեց ոսկե միջինը՝ չնեղացրեց ո՛չ քրոջը, ո՛չ էլ եղբայրներին… Նոր էր չափահաս դարձել, բայց արդեն ազատ հաղորդակցվում էր ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով, բավականին լավ գիտեր նաև անգլերեն ու իտալերեն։ Եղբայրների հորդորով Հովհաննեսը 1930 թվականին Մոսկվա մեկնեց ու աշխատանքի անցավ ՆԳԺԿ-ի տնտեսական վարչությունում, իսկ 6 տարի անց տեղափոխվեց արտաքին հետախուզության ծառայություն, գործուղվեց Ֆրանսիա, որտեղ խորհրդային հետախուզությունում հաջողությամբ վաղուց աշխատում էր ավագ եղբայրը՝ Վլադիմիր Աղայանցը։ Ցավոք, հետախուզությունում լրջագույն նվաճումներ ու բարի համբավ ձեռք բերած տաղանդավոր հայորդի Վլադիմիր Աղայանցը 1938 թվականին Բեռլինում վիրահատության ժամանակ մահացավ։ Երբ 1940 թվականին ավարտվեց արդեն մեկընդմիշտ Իվան կնքված Հովհաննես Աղայանցի գործուղումը, նա Մոսկվա վերադարձավ եւ նշանակվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հետախուզության բաժիններից մեկի պետ։
Դեռ նոր էր սկսվել Հայրենական մեծ պատերազմը, երբ, հեռուն գնացող պլաններով, Գերմանիան Իրանից պահանջեց դաշնակցել իր հետ և պատերազմի մեջ մտնել ԽՍՀՄ-ի դեմ։ Չնայած պարսից շահ Ռեզա Փեհլեվին համակրում էր գերմանացիներին, սակայն նրա ստեղծած բարձրագույն զինվորական խորհուրդն առավել խելամիտ գտնվեց ու մերժեց այդ պահանջը։ Գերմանական հատուկ ծառայություններն ի պատասխան որոշեցին պետական հեղաշրջում կազմակերպել Իրանում և սկսեցին նախապատրաստական եռանդուն աշխատանքներ տանել։ Այդ նպատակով 1941 թ. օգոստոսին խիստ գաղտնի Թեհրան ժամանեց Գերմանիայի ռազմական հետախուզության (Աբվեր) ղեկավար, ծովակալ Կանարիսը։ Իրանի տարածքում աշխուժացան ֆաշիստական գործակալության հետախուզական-ահաբեկչական գործողությունները։ Հասկանալի է, որ Խորհրդային Միությունը չէր կարող հանդուրժել իր անմիջական սահմաններում տեղի ունեցող իրադարձությունները և, մի քանի անգամ զգուշացնելուց հետո, 1921 թ. կնքված խորհրդա-իրանական պայմանագրի պահանջներին համապատասխան, զորք մտցրեց Իրանի հյուսիսային նահանգներ։ Միաժամանակ, երկրի հարավարևմտյան նահանգներ, հետագայում՝ նաև Թեհրան մտան Մեծ Բրիտանիայի զորքերը։ Բացի այդ, 1941 թ. օգոստոսին Իվան Աղայանցին որպես ռեզիդենտ ուղարկել էին Իրան` Խորհրդային Միություն ռազմավարական առաքումների` սպառազինության, զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, հումքի և վառելիքի ապահովման նպատակով: Իրանում Աղայանցը բախվեց գերմանական հետախուզության լայնածավալ ցանցին, որը վերահսկում էր ԽՍՀՄ-ում գերմանական հետախուզության գործունեությունը, երկրի հարավային սահմանները կազմալուծելու նպատակով իրականացնում էր լրտեսական, դիվերսիոն-քայքայիչ գործողություններ՝ պարբերաբար «այցելուներ» ուղարկելով Կովկաս:
Հիտլերը, Կուրսկի ճակատամարտում կրած խայտառակ պարտությունից հետո, մեծ հույսեր էր կապել «իրանական խաղաքարտի» հետ՝ քաջ գիտակցելով, որ պատերազմի ընթացքը կարելի է փոխել նաև ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին ասպարեզից հանելով: Նացիստական առաջնորդը հստակ պատկերացնում էր Իոսիֆ Ստալինի սպանության առաջ բերած կաթվածի մասշտաբները, որը կարող էր ջախջախել «Ռուսաստանի ողնաշարը»: 1943 թ. աշնանը նրան ավելի քիչ էր մտահոգում Ռուզվելտի և Չերչիլի ճակատագիրը: Այդուհանդերձ, նա չէր կարող բաց թողնել այլընտրանքային քաղաքականության երեք «կետերին» մեկ հարվածով վերացնելու հնարավորությունը, մանավանդ, որ նոյեմբերի 28-ի իրենց հանդիպման վայր նրանք ընտրել էին հենց Թեհրանը: Արդեն 1943 թ. օգոստոսին Աղայանցը կանխեց Շելենբերգի մշակած «Ֆրանց» գործողության իրականացումը, որը նախատեսում էր իրանական ցեղախմբերի տարերային ապստամբության «բեմականացում» հենց ամերիկյան ու բրիտանական օգնության բեռները ԽՍՀՄ հասցնող երկաթուղու երկայնքով: Որքան մեծ էր անմիջականորեն այդ ցեղախմբերի հետ աշխատող էսէսի քսան սպաների և, հատկապես, էսդեի ու Աբվերի աշխատակիցների զարմանքը, երբ շռայլ նվերներ ընդունած, իրենց կարծիքով, լիովին վերահսկվող թեյփերի առաջնորդները հանկարծ շահույթով վերավաճառեցին դրանք ու չքացան: Աղայանցն ու իր թիմը լավ էին աշխատել:
Թեհրանի կոնֆերանսի նախօրեին Կանարիսին ու Շելենբերգին ամենից շատ անհանգստացնում էր հենց Աղայանցը, որը քաջատեղյակ էր ֆյուրերի սիրելի գործակալի՝ Սկորցենիի ունակություններին: Հիտլերի «ծանր հրետանին» բազում գործողություններից պատվով դուրս եկած Օտտո Սկորցենին էր, որի վրա էլ Հիտլերի ընտրությունը կանգ առավ Եռյակի ոչնչացման ծրագրի իրականացման համար: Հենց նա 1943 թ. սեպտեմբերին փրկեց Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիին և հասցրեց Հիտլերի մոտ: Սակայն Աղայանցի տրամադրության տակ էր մի անփոխարինելի աջակցություն` Գևորգ և Գոհար Վարդանյան զույգի «թեթև հեծելազորը»` հեծանվորդների խումբը, որն էլ Թեհրանով շրջելով հայտնաբերեց ու վնասազերծեց վեց գերմանացի կապավորներին:
-16 տարեկան էի, երբ 1940 թ. փետրվարի 4-ին կամավոր ուղղակի կապ հաստատեցի Թեհրանի ռեզիդենտական ցանցի հետ,- տարիների հեռվից հիշում էր Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը:- Հանդիպման գնացի ռեզիդենտի հետ: Միայն հետո իմացա, որ Իվան Աղայանցն առասպելական խորհրդային հետախույզ էր: Նա թեև խիստ մարդ էր, սակայն, նաև բարի էր ու ջերմ: Նրա ղեկավարությամբ աշխատեցի մինչև պատերազմի ավարտը, և հենց նա ինձ հետախույզ դարձրեց:
-Աղայանցի հանձնարարությամբ,- ամուսնու խոսքը շարունակում է Գոհար Վարդանյանը,- մենք գտանք դիվերսանտներին ու ձերբակալեցինք նրանց։ Հետագայում էսէսի ունտերշարֆյուրեր Ռոկստրոկի օրագրից պարզ դարձավ, որ դիվերսանտները Թեհրան էին հասնում ավելի քան երկու շաբաթում` ուղտերով: Իրանական ավանդական տարազներ հագած ու մազերը ներկած դիվերսանտներն իջևանել էին գաղտնի բնակարաններից մեկում, որտեղ էլ նրանց ձերբակալեցին ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալները՝ Աղայանցի ղեկավարությամբ: Նրանց ռադիոկայանի հաղորդագրությունները գրանցվեցին, Բեռլին ուղարկված զեկույցները վերծանվեցին: Այդ ամենի հետևանքով գերմանական հրամանատարությունը ստիպված էր հրաժարվել «Հեռահար ցատկ» գործողության հիմնական դերակատարներին Թեհրան ուղարկելուց: Հիտլերը պիտի ընկներ հերթական հիստերիայի մեջ. նրա «իրանական խաղաքարտը», որի հետ նա շատ որոշակի ու մեծ հույսեր էր կապել, խփված էր մեր՝ այն ժամանակ տակավին երիտասարդ սիրահարներիս ջանքերով։ Պլանավորված էր ահաբեկությունն իրականացնել նոյեմբերի 30-ին՝ Չերչիլի ծննդյան օրը, ԽՍՀՄ դեսպանատան հարևանությամբ գտնվող Անգլիայի դեսպանատանը։ Այստեղ կար խմելու ջրի աղբյուր, և այն սնող ջրանցքով, որն սկիզբ էր առնում հայկական գերեզմանոցից, կարելի էր թափանցել պահպանվող տարածք ու տեղադրել ռումբ։ Ահա, գերմանական այս առաջապահ հետախույզների նպատակներն ու Նադերի փողոցի վրա նրանց վարձած բնակարանի տեղն ու այլ մանրամասներ մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցինք, գաղտնազերծեցինք հեռախոսազրույցներն ու հանձնեցինք Աղայանցին։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր…։ Գերմանացիների պլանները բացահայտվեցին։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ 15-16 տարեկան պատանիները կարող են հսկողության տակ պահել իրենց ու ձախողել բոլոր պլաններն ու ծրագրերը։ Բայց նրանց ռադիստներից մեկին այնուամենայնիվ հաջողվել էր Բեռլին հասցնել բոթը, որ իրենց խումբը բացահայտված է և հսկողության տակ է։ Փաստորեն, դեռևս խանձարուրում, գերմանացիների պլանները դատապարտված էին ձախողման։
Կոնֆերանսը բացվեց նոյեմբերի 28-ին։ Ինչպես Իրանի իշխանությունները, այնպես էլ մասնակից տերությունները, մանավանդ մեր երկիրը, թե՛ կոնֆերանսի նախօրեին և թե՛ ընթացքում, անվտանգության ապահովման բացառիկ միջոցներ էին ձեռնարկել։ Արգելված էր լրագրողների ներկայությունը բանակցությունների վայր, ցամաքում հսկում էին տանկերը, զրահամեքենաներն ու հետևակը, օդում՝ ռազմական ինքնաթիռները, նույնիսկ դիվանագետների ընտանիքների անդամները դուրս էին բերվել քաղաքից, անջատված էին հեռախոսը, ռադիոկապը, չէր գործում հեռագրակապը։
ԽՍՀՄ կողմից անվտանգության ապահովման գործողությունները ղեկավարում էր անձամբ Լավրենտի Բերիան՝ իր ավելի քան 600 հոգանոց անձնակազմով։ Ի դեպ, նրա որդին՝ Մոսկվայի ռազմական ակադեմիայի կուրսանտ Սերգոն, իրականացնում էր Ռուզվելտի ու Չերչիլի խոսակցությունների գաղտնալսումներն ու ձայնագրությունները, դրանք ժամանակին հանձնում Ստալինին։ Այսինքն՝ Ստալինը մինչև հանդիպումները այդ ձայնագրությունների եւ Աղայանցի հետախուզության հավաքած տվյալների շնորհիվ քաջածանոթ էր դաշնակիցների պլաններին ու ասելիքներին։ Պատահական չէ, որ նա ճիշտ ու ժամանակին էր գտնում անհրաժեշտ պատասխանները՝ զարմացնելով ու հիացնելով բանից անտեղյակ մարդկանց։ Նա տեղեկացված էր նաև գերմանացիների նախապատրաստած դավադրության, դրա՝ մեր կողմից բացահայտված լինելու մասին։ Դա էր պատճառը, որ Ստալինը Աղայանցի խորհրդով Ռուզվելտին հրավիրեց օթևանելու մեր դեսպանատանը։
Բանն այն է, որ տեղանքին ու իրավիճակին մենք էինք քաջածանոթ, և մեզ լիովին վստահում ու մեր ասածները կատարում էին, և, բարեբախտաբար, չսխալվեցին։ Այն ժամանակ ամայի վայրում գտնվող ԱՄՆ դեսպանատունը գրեթե անպաշտպան էր, իսկ մեր դեսպանատան տեղանքն այնպիսին էր, որ հեշտ էր վերահսկել յուրաքանչյուր անկյուն, բացի այդ, ԽՍՀՄ դեսպանատնից մինչև Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ինչպես ռուսներն են ասում՝ «ՀցՍՏռ տՏՊՈՑՖ»: Երկու դեսպանատների՝ իրար հարող մասում պատերը քանդվեցին, ստեղծված տարածքում 6 մետր բարձրությամբ բրեզենտե տեսաքողարկված միջանցք պատրաստվեց, որի երկու կողմերում նստած էին մեր ու նրանց դիպուկահարներն ու գնդացրորդները՝ պահպանելով ելումուտ անողների անվտանգությունը։ Ամեն ինչ հարթ ու խաղաղ անցավ, և ոչ մեկի մտքով անգամ չանցավ, թե այդ խաղաղությունն ու արգասաբեր աշխատանքն իրենց համար ովքեր էին ապահովել…
Ի դեպ, լուսանկարիչների համար հատուկ բազկաթոռներին նստած երեք երկրների առաջնորդներից Ռուզվելտն ու Չերչիլը գաղտնի գրագրություն են իրար փոխանցում՝ խախտելով դիվանագիտական վարվելակարգը: Զայրացած Ստալինը երեկոյան իր մոտ է կանչում Աղայանցին՝ հանձնարարելով պարզել նախագահների գրությունների բովանդակությունը: Ի զարմանս Ստալինի, առավոտյան Աղայանցը նրան է մեկնում այդ գրությունների բնօրինակը, որտեղ, բնականաբար, անգլերենով Ռուզվելտը գրում էր «Սըր, Ձեր տաբատի կոճակն արձակված է»: Չերչիլը պատասխանում է. «Ոչինչ, ծերուկ արծիվը այնտեղից դուրս չի թռչի»: Մինչև այսօր էլ, – ժպտալով հավելում է ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը,- ոչ ոք չգիտի, թե ինչպես էին այդ գրությունների բնօրինակները հայտնվել Աղայանցի ձեռքում:
Չլիներ Իվան Աղայանցի օրնիբուն տքնաջան աշխատանքը, բնատուր խելքը, հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը, որով նա վարակում էր նաև մեզ ու իր շրջապատին, շատ բան այլ կերպ, համենայնդեպս, ոչ հօգուտ մեզ ու մարդկությանը կդասավորվեր,- ավարտում է խոսքը Կարմիր դրոշի շքանշանակիր հետախույզ Գոհար Վարդանյանը։
Պատերազմն ավարտվելուց հետո Իվան Աղայանցը վերադարձավ Մոսկվա, մի շարք պատասխանատու պաշտոններ ստանձնեց ԽՍՀՄ ՊԱԿ-ում, ԱԳՆ-ում, 1965 թվականին արժանացավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ-մայորի կոչման, ներկայացվեց ԽՍՀՄ հերոսի կոչման։ Ցավոք, 1968 թվականի հանկարծահաս մահը վերջակետ դրեց նշանավոր հայորդու փոթորկահույզ կյանքին՝ նրա հետագա բոլոր ծրագրերը կիսատ թողնելով…
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական փորձագետ-վերլուծաբան
Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Հոգևոր-մշակութային