Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ



ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՄԲԳիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում օրը հագեցած էր նաեւ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված երկու քաջորդիների՝ Համլետ Աշոտի Հովհաննիսյանի ու Արման Խաչատուրի Խաչատրյանի անվան դասասենյակների անվանակոչության ու բացման արարողությամբ: Բազմամարդ էր դպրոցի բակը, ներկա էին կրթօջախի ուսուցիչները, դպրոցականները, ծնողները, հարազատները, մարտական ընկերները, ՀՀ ԵԿՄ վարչության անդամները՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, նույն դպրոցի շրջանավարտ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամներ, Գագիկ Գինոսյանը, Դավիթ Ամալյանը եւ այլք:

…Կայացավ դասասենյակների բացման արարողությունը: Անմահ հերոս Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Կիրակոսյանը, որը 8 տարի եղել է նաեւ որդու դասղեկը, երկյուղածությամբ բացեց ցուցատախտակը եւ կտրեց դասասենյակի մուտքի կարմիր ժապավենը: Դասասենյակում հերոսի մասին պատմող իրեր են, այն գրքերը, որոնք ընթերցել ու որոնցից կյանքի դասեր է առել հերոս հետախույզը:

Քաջորդին ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 27-ին, Երեւանում, ավարտել է թիվ 40 հիմնական դպրոցը, այնուհետեւ ընդունվել Ճարտարապետության եւ շինարարության հայկական պետական համալսարան: 2012-14 թթ. ծառայել է լեգենդար «Եղնիկներում»: 2016 թ., որպես արհեստավարժ հետախույզ, կամավոր մեկնել է առաջնագիծ: 2017-ից արդեն պայմանագրային զինծառայող էր հատուկ նշանակության զորամասում, ջոկատի հրամանատար: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է պարգեւների՝ մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր:

2020 թ. սեպտեմբերի 27-ից արդեն առաջնագծում էր: Մարտնչում էր հերոսաբար: Զոհվել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում՝ ԱԹՍ-ի հարվածից` հատուկ գործողություն կատարելուց վերադառնալիս: Հուղարկավորված է Եռաբլուրում: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արման Խաչատրյանի անվան դասասենյակի կարմիր ժապավենը կտրեց մայրը՝ Անգին Գեւորգյանը, որի եղբայրն Արցախյան ազատամարտի մասնակից է և զոհվել է 1992-ին: Մեծ հուզմունք ու ցավ ուներ սրտում: Հերոսի մասին են պատմում սեղաններին դրված իրերը, համազգեստը, վկայականները, պատվոգրերը, ԱՀ նախագահի թիվ 764 հրամանագրով տրված «Արիության» մեդալը, «Մարտական խաչ»  շքանշանը…

Ծնվել է Երեւանում 2001 թ. մարտի 7-ին: Սովորել է թիվ 40 դպրոցում, 2012-17 թթ. եղել է «Պատանի երկրապահ» ակումբի սան:  2019 թ. զորակոչվել է հայոց բանակ, ծառայել Մարտակերտի շրջանում: Որպես տանկի նշանառու՝ լավ էր տիրապետում իր մասնագիտությանը եւ պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր: Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 13-ին Մատաղիսում՝ 12-ի երեկոյան վերջին անգամ խոսելով մոր հետ: Դասասենյակում դպրոցի աշակերտներից մեկն ընթերցեց Արմանի երդումը, որը նա ընթերցել էր «Պատանի երկրապահ» ակումբ ընդունվելիս։ Մայրն ասաց, որ որդուն հուղարկավորել են տարիներ առաջ մահացած հոր մոտ՝ Նուբարաշենի գերեզմանոցում: Մեծ ցավ է ապրում 5 զավակների մայրը կրտսեր որդու համար, նաեւ հպարտ է. հերոսաբար է կռվել որդին ու հերոսաբար զոհվել: Այստեղ էր նաեւ Արմանի ընկերուհին՝ Միլենան, որն ասաց միայն՝ «Հպարտ եմ…» ։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #26 (1448) 07.09.2022 - 13.09.2022, Ճակատագրեր


09/09/2022