ԷՋԵՐ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6-րդ դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակումներ կան այն մասին, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս: Դրա վառ վկայությունն է նաև Արցախում դեռևս պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որը տարբեր ժամանակներում, նաև այսօր, ադրբեջանցիների կողմից հետևողականորեն կերպարանափոխվում կամ ոչնչացվում է:
Ք.ա. 4-րդ դարից սկսած՝ Արցախը եղել է Մեծ Հայքի Երվանդունիների հայկական թագավորության կազմում։ Ք.ա. 2-րդ դարասկզբին թագավորությունն այն ետ է վերցրել Մարաստանից՝ կազմելով Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգները։ Այդ ժամանակներից շուրջ 600 տարի՝ մինչև 390-ական թվականները, Արցախի տարածքը եղել է Մեծ Հայքի անքակտելի մասը, որի հյուսիսային սահմանը, համաձայն հունա-հռոմեական և հին հայկական պատմիչների ու աշխարհագրագետների, ձգվում էր Կուր գետի երկայնքով։
Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387 թ.) Արցախը Արևելահայկական թագավորության մաս է կազմել, իսկ Մեծ Հայքի անկումից հետո (428 թ.) Արցախի տարածքը Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Աղվանքի կազմում էր։ Հայկական մարզպանության, այնուհետև արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արցախը մաս էր կազմում Արմենիա կուսակալության:
Հնագույն ժամանակներից սկսած մինչև 8-9-րդ դարերը Արցախի տարածքը մշտապես բնակեցված է եղել հայերով: Արդեն 700 թվականի պատմական աղբյուրները հաղորդում էին այնտեղ խոսվող հայերեն լեզվի տեղական բարբառի մասին։ 10-րդ դարի արաբ ճանապարհորդ և աշխարհագիր Իսթախրին «Գիրք երկրների ու ճանապարհների մասին» արժեքավոր աշխատության մեջ անդրադարձել է նաև Արցախի էթնիկ կազմին. «…Պարտավում և Շամխորում ժողովուրդը հայերի ցեղից էին…», «…Ճանապարհը Պարտավից դեպի Դվին անցնում է հայերի հողերով, և այդ բոլոր քաղաքները Աշոտի որդի Սմբատի թագավորության մեջ են…»։
Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: Արցախի տարածքում կազմավորված Խաչենի իշխանությունը 9-11-րդ դդ. մտել է Բագրատունյաց հայկական թագավորության կազմի մեջ: 13-րդ դարից սկսած՝ Ներքին Խաչենում իշխել են հայ իշխանական Հասան-Ջալալյանների, իսկ Ծարում կամ Վերին Խաչենում՝ Դոփյանների տոհմերը: Ինչպես վկայում են որոշ հեղինակավոր աղբյուրներ՝ 12-13-րդ դարերում հայաբնակ Լեռնային Արցախը դարձել էր հայկական մշակույթի կենտրոններից մեկը։
14-րդ դարում Կուր գետի աջ ափին փռված Մեծ Հայքի երկու նահանգների` Ուտիքի և Արցախի տարածքին տրվել է «Ղարաբաղ» տեղանունը («Karabag» բառը թուրքերենից թարգմանվում է որպես «սև այգի»)։ Այժմ պայմանականորեն Ղարաբաղը բաժանում են երկու մասի` Լեռնային Ղարաբաղ (ԼՂՀ տարածքը) և Դաշտային Ղարաբաղ (ԼՂՀ-ից արևելք ընկած Մուղանի դաշտը)։ Լայն իմաստով, Ղարաբաղն ընդգրկում է Փոքր Կովկասի լեռնաշղթայից ձգվող տարածքը, որը հասնում է մինչև Կուր և Արաքս գետերի միախառնման վայրին մոտ գտնվող հարթավայրերը։
Պարսկական Սեֆյանների արքայատոհմի ժամանակ (1502-1722 թթ.) առաջացավ Ղարաբաղի կուսակալությունը, որի լեռնային մասը դեռևս հայ կառավարիչների ձեռքում էր, իսկ նախալեռնային և հարթավայրային տարածքները` մահմեդական խաների։ Մոնղոլական արշավանքներից հետո՝ 18-րդ դարի կեսերից, սկսվում է թյուրքական քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիսային շրջանները, ինչը տեղաբնիկ հայերի հետ հանգեցնում է ընդհարումների: Թյուրքական քոչվոր ցեղախմբերը հիմնավորվում են Դաշտային Ղարաբաղում։ Արդյունքում՝ Ղարաբաղի դաշտավայրային մասի բնակչությունն աստիճանաբար սկսեց թյուրքացվել և իսլամացվել։
Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում դեռևս տիրապետող Խաչենի հայկական իշխանությունը 17-րդ դարասկզբին բաժանվեց Խաչենի, Դիզակի, Վարանդայի, Ջրաբերդի և Գյուլիստանի հայկական հինգ իշխանությունների (Խամսայի մելիքություններ), որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը։ 18-րդ դարի ավարտին իրենց ծաղկման և հզորության գագաթին հասած այդ իշխանությունները կառավարվում էին սեփական իշխանների կողմից եւ գոյատևեց մինչև 1827 թվականը։ Այսպիսով, խամսայի մելիքությունները անկախությունը կորցրած հայկական ազգային պետականության վերջին օջախներն էին։
1736 թ. Պարսկաստանում իշխանության եկած Նադիր շահը Ղարաբաղի կուսակալությունից առանձնացրեց Ղարաբաղի հինգ մելիքությունների հողերը և անմիջականորեն ենթարկեցրեց իրեն։ 1747 թ. Դաշտային Ղարաբաղում ձևավորվեց Ղարաբաղի խանությունը, որն ամբողջ պատմության մեջ առաջին անգամ կարողացավ իշխանություն բանեցնել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա։ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին, համաձայն 1813 թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի, Արցախ-Ղարաբաղը պարսկական տիրապետությունից անցավ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ:
1917 թ. փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակը խորտակեց Ռոմանովների միապետությունը՝ նպատակ ունենալով երկրում հաստատել ժողովրդավարական հանրապետություն: Ժամանակավոր կառավարությունը 1917 թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե, որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Երկրամասը ղեկավարելու համար մարտի 13-ին կաղմակերպվեց 40 հոգուց բաղկացած Ղարաբաղի գործերի կոմիտե։
Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունն առավել խորացրին անվստահությունը հայերի և թուրք-ազերիների միջև։ Արդյունքում՝ Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո, իսկ թուրքերը՝ Ազգային կոմիտե։
1917 թ. Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղաշրջումից հետո քաղաքական կացությունն Այսրկովկասում փոխվեց։ Երկրամասն անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունն անցավ հայերի, վրացիների և թուրք-ազերիների ներկայացուցիչներից կազմված Անդրկովկասյան սեյմին։ Այդ խախուտ միությունը շուտով փլուզվեց։ 1918 թ. մայիսի վերջին, այսպես կոչված, միացյալ կառավարությունը լուծարվեց, և նրա երեք առանձին մասերից գոյացան կառավարություններ։ 1918 թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը Բաքվի և Ելիզավետպոլի նախկին նահանգները հռչակեց ադրբեջանական և առաջին անգամ հավակնեց պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։
Փաստորեն, աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նորելուկ, պատմականությունից ու էթնիկական պատկանելության սկզբունքներից հիմնազուրկ թուրք-թաթարական պետություն։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանկատ ծրագրերի իրագործման և հայկական հարցի վերջնական կործանման համար։ 19-20-րդ դդ. արցախցի նշանավոր մտավորականներից Միրզա Տեր-Սարգսյանը (Միտսար) իր «Պատմական հիշատակարան»-ում գրում է. «Մի ղարաբաղցի ծեր հայ Ադրբեջանի պետության առաջ գալու մասին ասել է. «Օսմանցին և անգլիացին քոնթի եկան և ցկնեցին Ադրբեջանի պետությունը»: Հետագայում, Էնվեր փաշայի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մահմեդական պետությունն անվանվեց Ադրբեջան (Azerbaycan)՝ իրանական Ատրպատականին հավակնելու հեռանկարով։
Ադրբեջանի հետ Օսմանյան կայսրության և Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի միջև 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հաշտությամբ ու թուրքական կառավարության կամքով վերջինս տիրացավ երբեմնի Ռուսաստանի կայսրության կողմից սահմանված վերոհիշյալ նահանգներին։ Այդպիսով, Դաշտային Ղարաբաղը մտցվեց նորահայտ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Միաժամանակ անխուսափելի էր դառնում Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա «ձևավորված» Ադրբեջանի և իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև բախումը։ Իսկապես, Լեռնային Ղարաբաղը դարձել էր վիճելի տարածք և հայերի ու ադրբեջանցիների զինված բախումների թատերաբեմ, որը տևեց մինչև 1920 թվականը, երբ այն գրավեց Կարմիր բանակը։
Նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունն շտապում էր թուրքական զավթիչների օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը թուրք զինվորականության տրամադրության տակ էր։ Նրանք տեղի մահմեդականներից, ովքեր զենք ունեին, կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանությամբ էր գործում, այսպես կոչված, «վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եվլախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշխարհից և հայտնվեց պաշարման օղակի մեջ։
Անհրաժեշտ էր անցնել ինքնապաշտպանության՝ պահպանելու երկրամասի ինքնուրույնությունը։ Այդ հարցը լուծելու համար Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ 1918 թ. հուլիսի 22-26-ին Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց վարչաքաղաքական անկախ միավոր, ընտրեց Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդ և Ղարաբաղի ժողովրդական կառավարություն՝ բաղկացած 7 հոգուց, որի կազմում հիմնականում դաշնակցականներ էին։ 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր հատկանիշները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:
1918 թ. հուլիսի 27-ից մինչև 1919 թ. հուլիսի 5-ը կառավարությունը գլխավորում էր 20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական և պետական գործիչ Եղիշե Իշխանյանը՝ որպես առաջին նախագահ։ Նա բանակցություններ էր վարում թե՛ տարածաշրջանի նոր տիրակալների և թե՛ հարևան ադրբեջանցիների հետ։ Անհրաժեշտ էր երկրի ներսում՝ հատկապես Շուշիում, ապահովել հայերի և կովկասյան թաթարների՝ ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը։ Նոր իշխանության համար ամենալուրջ սպառնալիքը, սակայն, Արցախին տիրանալու՝ ադրբեջանական կառավարության նկրտումներն էին։ Անդրկովկասի նոր տիրակալներին դուր չէր գալիս, որ փոքրիկ լեռնաստանի բնակիչներն անվերապահորեն գլուխ չեն խոնարհում իրենց առջև՝ նախընտրելով ունենալ սեփական իշխանությունը և ցանկանալով ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը։
Միաժամանակ Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմակերպվում էր կամավորական մի գունդ, որն անհրաժեշտության դեպքում երկրամասի հայությանը պետք է պաշտպաներ արտաքին սպառնալիքներից։ Մինչև Ղարաբաղ հասնելը այդ գունդը հերոսացավ Սարդարապատում։ Արցախցիների ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսից Շուշի էր գնացել գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Ղարաբաղի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայության դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերն առաջին հերթին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Աղդամում տեղակայված թուրքական երկրորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Նա միաժամանակ պահանջեց՝ «հեռու մնալ Անդրանիկից»։
Ստեղծված կացությունը քննարկելու համար 1918 թ. սեպտեմբերի 7-11-ին հրավիրվեցին Ղարաբաղի հայության երկրորդ, ապա սեպտեմբերի 18-22-ին՝ երրորդ համագումարները, որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ, գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ, և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ-Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մահմեդականների ուղեկցությամբ 1918 թ. սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբուն (Արանզամին), Վարդաձոր (Փիրջամալ), Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ, Փառուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան նույն թվականի սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով։
Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ձերբակալվեցին ու բանտ նետվեցին ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում՝ Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի նախագահ Ե. Իշխանյանը։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։
1918 թ. հոկտեմբերին ավելի քան 400 հոգուց բաղկացած թուրք-թաթարական մի զորամաս փորձում էր Վարանդայի շրջանի վրայով Շուշիից անցնել Վարանդա (Կարյագինո)՝ նպատակ ունենալով ավերել Դիզակն ու Վարանդան։ Դիզակի զորահրամանատար Արտեմ Լալայանն անմիջապես համախմբեց Դիզակի ու Վարանդայի աշխարհազորայիններին և իր քաջարի օգնական, Կեմրակուճ գյուղում ծնված Ասլանիկին՝ Ասլան Մուրադխանյանին, ուղարկեց թշնամու առաջխաղացումը կասեցնելու։ Հոկտեմբերի 18-ին Մսմնա գյուղի մոտ Դիզակի և Վարանդայի զինված ուժերին հաջողվեց լիովին ջախջախել թշնամու զորամասը։ Մի քանի օր անց թուրք-թաթարների ավելի քան 600 ասկյարներից բաղկացած մեկ ուրիշ զորամաս երկրորդ անգամ փորձեց Վարանդայի շրջանի վրայով անցնել Կարյագինո։ Այս անգամ էլ Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինների անկոտրում կամքի շնորհիվ թուրքական հրամանատարությունն ստիպված զորամասը վերադարձրեց Շուշի: Փաստորեն, 1918 թ. աշնանը թուրքերն արդեն հաստատվել էին Շուշիում:
Առաջին համաշխարհային պատերազմում շուտով Թուրքիան պարտություն կրեց, որին Անդրկովկասում փոխարինեց Անգլիան։ Թուրքական և գերմանական զորքերը պետք է էվակուացվեին, որոնց փոխարինելու եկան անգլիական զորքերը։ 1918-1920-ական թթ. Մեծ Բրիտանիան բացահայտ վարում էր հակահայկական քաղաքականություն։ Այդ ամենի հիմքում ընկած էին Բաքվի նավթային պաշարներին տիրելու ձգտումները։ Դրանց էլ գումարվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը համարվում էր Ռուսաստանի դաշնակիցը։
1918 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը հենց անգլիացիների աչքերի առաջ Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ, թալան, կոտորած և սպանդ: Միայն 1920 թ. մարտին Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ: Սակայն դրանով հանդերձ հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը:
Հարկ է ընդգծել, որ 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքված զինադադարով Թուրքիան պարտավորվում էր իր զորքերը դուրս բերել Անդրկովկասից (հոդված 11)։ Արդեն իսկ նոյեմբերին անգլիական զորքերը գրավեցին Բաքուն։ Սակայն Բաքվին տիրացած անգլիացիները թուրքերին թույլ տվեցին, որպեսզի նրանք դեռ մնան Անդրկովկասում։ Թուրքական զորքեր մնացին նաև Բաքվում։ Նորաստեղծ Ադրբեջանն այս անգամ էլ Ղարաբաղին ցանկացավ տիրել Անգլիայի օգնությամբ։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ բրիտանացիների համար Արցախի հայության ճակատագիրը ոչ մի նշանակություն չուներ։
1918 թ. նոյեմբերի 16-ին արցախցիների խնդրանքով Զորավար Անդրանիկն իր ջոկատով շարժվեց դեպի Ղարաբաղ։ Նա Աղավնոյի (Զաբուխ) պաշտպանական բլուրները գրավելուց հետո մտավ Ավդալար և նպատակ ուներ շարժվել դեպի Շուշի։ Սակայն դեկտեմբերի 1-ին Շուշիի նախկին քաղաքապետ Գ. Մելիք-Շահնազարյանի անունով և Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար, գեներալ Թոմսոնի ստորագրությամբ Անդրանիկը Բաքվից հեռագիր ստացավ, որով պահանջվում էր անհապաղ դադարեցնել զորաշարժը և վերադառնալ Զանգեզուր։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ավդալար ժամանեց Անտանտի ռազմական առաքելությունը, և Անդրանիկին հանձնվեց Թոմսոնի նամակը, որում մասնավորապես գրված էր. «Ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե Դուք չկատարեք ինձնից ստացված հրահանգները, դուք անձամբ պատասխան կտաք ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար։ Իմ հրահանգը կատարելուց Ձեր ամեն տեսակ խուսանավումը անպայման լրջորեն կանդրադառնա հայ ժողովրդի հարցի վրա, երբ այն կդրվի Խաղաղության կոնֆերանսում…»։
Այսպիսով, Անդրանիկի՝ Ղարաբաղ հասնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Նա ստիպված տեղի տվեց և վերադարձավ Գորիս։ «Նենգ Ալբիոնը» (իմա՛ Մեծ Բրիտանիայի երկակի քաղաքականությունը), մի կողմից հայտարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը կորոշվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, մյուս կողմից՝ 1919 թ. հունվարի 15-ին Ղարաբաղում և Զանգեզուրում ստեղծեց գեներալ-նահանգապետություն և Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի ու Ջիվանշիրի հայկական գավառներում գեներալ-նահանգապետ նշանակեց հայտնի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի ռազմական նախարարի պաշտոնը։ Բաքվում գեներալ Թոմսոնին փոխարինեց գնդապետ Շատելվորդը եւ շարունակեց իր նախորդների վարած քաղաքականությունը, քանի որ անգլիացիների առջև դրված էր հստակ ծրագիր. նրանք պետք է Արցախի հողերը միացնեին Ադրբեջանին։
Ադրբեջանը, ոգևորվելով նման հովանավորությունից, նոր վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդին։ Այդ նպատակով Սուլթանովը ստանում էր նոր ուժեր և աքցանի մեջ վերցնում Արցախը։ Մուսավաթական Ադրբեջանի վերջնագիրը քննարկելու համար 1919 թ. փետրվարի 12-21-ին Շուշիի թեմական դպրոցում հրավիրվեց Ղարաբաղի հայության չորրորդ համագումարը։ «Հայկական Ղարաբաղը,- ասված է համագումարի որոշման մեջ,- իրազեկ է պահել ամբողջ աշխարհին, որ նա իր տարածքում չի ընդունել և չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը»։ Նույն վճռականությունը հանդես բերեցին նաև հինգերորդ և վեցերորդ համագումարները։ «Համագումարն անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որևէ վարչական ծրագիր և այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ` ստեղծելու ազգամիջյան լուրջ խռովություններ ու արյունահեղություններ, որի պատասխանատվությունն իր վրա վերցնել ո՛չ մի դեպքում չի կարող Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը»։
Համագումարի բանաձևն ամբողջ կազմի և 48 պատգամավորների ստորագրությամբ հանձնվեց Շատելվորդին։ Գնդապետը միանշանակ պետք է դժգոհ լիներ, քանի որ իր մոտ ևս չստացվեց համոզել արցախիցներին, որպեսզի մտնեն Ադրբեջանի կազմի մեջ։ Շատելվորդը գնաց Բաքու, որից անմիջապես հետո Սուլթանովը նախապատրաստեց ռազմական բռնի ճանապարհով կյանքի կոչելու իրենց ծրագիրը։ Պարզ էր, որ նրանք ունեին անգլիացիների օժանդակությունը։ Արդեն իսկ հունիսին Շատելվորդի հրամանով Արցախից արտաքսվեցին Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Ե. Իշխանյանը, Հ. Թումանյանը, Ա. Տեր-Աստվածատրյանը, քանի որ հայ քաղաքական գործիչներն ակտիվ մասնակցություն ունեին մարզի ինքնապաշտպանության և կառավարության հարցերում։
Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919 թ. ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Մ. Արզումանյանին նշանակեց Ղարաբաղի գործերի և կառավարման գծով Բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ։ Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ և սպաներ, որոնց առջև խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։
Սուլթանովը, արցախցիների վճռականությունից կատաղած, որոշեց բնակչությանը խեղդել սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի Դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի քանի հայկական գյուղեր։ Առանձնակի դաժանությունների ենթարկվեցին Ղայբալիշենի հայերը։ «Գյուղի բոլոր տներն այրվում են,- նշված է արխիվային մի վավերագրում,- իսկ կիսավեր և այրված տները լի են դիակներով։ … 70 տուն ունեցող գյուղի բնակչությունից ազատվել են մոտավորապես 160 հոգի։ Կոտորածի ժամանակ [Շուշի] քաղաքից դիտելիս են եղել անգլիացիք և ոչ մի միջոց չեն ձեռք առել՝ կոտորածը դադարեցնելու»։ Սուլթանովի այս և մյուս չարագործությունների մասին վկայել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Կ. Կարաբեկովը և Շ. Ռուստամբեկովը։ Վերոհիշյալ հանցագործությունները ղեկավարում էին թուրք էմիսարները։
Այդպիսի լարված իրավիճակում՝ 1919 թ. օգոստոսին, Շոշ գյուղում հրավիրվեց արցախցիների յոթերորդ համագումարը։ Ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից՝ համագումարը գնաց փոխզիջման՝ ժամանակ շահելու և առկա ուժերը կենտրոնացնելու համար։ Համագումարի կողմից ընտրված 16 հոգուց բաղկացած պատգամավորությունը օգոստոսի 22-ին Սուլթանովի հետ քննարկեց և ստորագրեց 26 կետից բաղկացած համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը, մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը, իրեն ժամանակավորապես համարում էր Ադրբեջանի սահմաններում։ Երկրամասի գործերն առաջվա նման վարելու էին Հայոց ազգային խորհուրդը և հայության համագումարները։
Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել էր Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների՝ օրակարգում է եղել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հետագայում տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:
Թեև Ադրբեջանի զորքերը չմտան Ղարաբաղ, սակայն Սուլթանովը, ավելի հեռուն գնալով, Ղարաբաղի ազգային խորհրդից պահանջում էր վերջնականապես ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին։ Միաժամանակ, նա հրամայեց ադրբեջանական բանակը տեղաշարժել և կենտրոնացնել ռազմական նշանակություն ունեցող կետերում՝ այդտեղից Զանգեզուր ներխուժելու միտումով։
Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Արցախի Շոշ գյուղում հրավիրվեց արցախցիների ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի պահանջը՝ հռչակելով, որ 1919 թ. օգոստոսի 22-ի համաձայնագիրը կորցրել էր իր ուժը՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով։ Համագումարը մուսավաթական կառավարությունից պահանջում էր վերջ տալ կոտորածներին, այլապես՝ «Նման դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար դիմել համապատասխան միջոցների»։
Կազմակերպվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմին, որը շրջաններում ուներ իր մասնաճյուղերը։ Մարտին սկսվեց համաժողովրդական ապստամբությունը։ Ադրբեջանական ուժերի հարձակումը տեղի ունեցավ 1920 թ. մարտի 22-ի երեկոյան։ Առավել կատաղի մարտեր ծավալվեցին Ասկերանի ռազմաճակատում։ Հայկական փոքրաթիվ ուժերը Դալի Ղազարի գլխավորությամբ մարտի 27-29-ը մի քանի ջախջախիչ հարվածներով հետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները։ Բանը հասավ այնտեղ, որ ահաբեկված ազերիները ստիպված թողեցին Աղդամը և մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Խայտառակ պարտության հետևանքով Ղարաբաղում ադրբեջանական զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հաբիբ-բեկ Սալիմովը հեռացվեց պաշտոնից։ Պարտությունից կատաղած մուսավաթական կառավարությունը նորանոր ուժեր էր նետում ռազմաճակատ, որտեղ մարտի 30-ին կենտրոնացվեց Ադրբեջանի կանոնավոր բանակի 70-80 տոկոսը, բազմահազար «կամավորական» խաժամուժ, տեղում մնացած թուրքական բազմաթիվ ջոկատներ, քրդերի և դաղստանցի մուսուլմանների զորախմբեր, ծանր ու թեթև հրետանի։ Թշնամու զորքերի ընդհանուր քանակը հասնում էր մոտ 80.000-ի։
Օգտվելով թանձր մառախուղից՝ 1920 թ. ապրիլի 3-ին թշնամին իր գերազանց ուժերով ճեղքեց պաշտպանական գծի ճակատը և շարժվեց դեպի Շուշի։ Ղարաբաղը բաժանվեց երկու մասի, իսկ Աղդամ-Շուշի ճանապարհն ընկավ հակառակորդի ձեռքը։ Կորուստներ չտալու համար Դալի Ղազարն իր ջոկատին հրամայեց նահանջել, իսկ ինքը մնաց և կռվեց մինչև վերջին փամփուշտը։
Հեշտ հաղթանակի սովոր թուրքը լեռնաստանում հանդիպեց համառ դիմադրության։ Ապրիլի 5-13-ը լարված մարտեր տեղի ունեցան Վարանդայի ուղղությամբ։ Սղնախ գյուղի տակ թշնամին մեծաքանակ կորուստներ էր տալիս, որից հետո, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն ստանալով՝ լքեց ռազմաճակատի գիծը։
Հայաստանի Հանրապետության վիճակը ծանր էր: Կառավարությունը 1920 թ. ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատվեց Ղարաբաղի հայության 9-րդ համագումարում՝ 1920 թ. ապրիլի 25-ին Վարանդայի Թաղավարդ գյուղում։ Միաժամանակ համագումարը որոշեց՝ «Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»։
Արցախը պաշտոնապես ընդունեց Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը, հիմնը և դրամը։ Չնայած ծանր կորուստներին՝ արցախցիները հասան իրենց բաղձալի նպատակին՝ վերամիավորվելով մայր Հայաստանին։
Այս ամենը, սակայն, երկար կյանք չունեցավ: Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՌԿ(բ)Կ) կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումը Իոսիֆ Ստալինի պահանջով 1921 թ. հուլիսի 5-ի արտահերթ նիստի ճակատագրական որոշմամբ իր ինքնիշխանության տակ չգտնվող, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա ճանաչված Լեռնային Ղարաբաղի՝ 95 տոկոս հայ բնակչություն ունեցող հայկական երկրամասի տարածքը վճռեց «թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը՝ ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում»։ Որոշումը «հիմնավորվում» էր Ադրբեջանի հետ տնտեսական կապով, որը կայացվեց՝ առանց քվեարկություն անցկացնելու, տեղական իշխանությունների կարծիքը հարցնելու կամ հանրաքվեին դիմելու: Մինչդեռ, դա արդեն հայության այդ հատվածի դեմ խորհրդային մթնոլորտում ծորացող ազգային երկարաժամկետ խտրականության և ոչ բռնի եղանակներով նրան հայրենիքից զրկելու որոշում էր։ Պատահական չէ, որ ՀԿ(բ)Կ կենտկոմը 1921 թ. հուլիսի 16-ի նիստում իր անհամաձայնությունը հայտնեց նման կարգավորմանը և պահանջեց Ղարաբաղի հարցը նորից քննարկել Կովկասյան բյուրոյում, ինչը, սակայն, մնաց անպատասխան…
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի պետի գիտական գծով տեղակալ – գիտական բաժնի պետ
Խորագիր՝ #26 (1448) 07.09.2022 - 13.09.2022, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից