ՍՊԱ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օրերս տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների և ակադեմիական դասընթացների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Շրջանավարտներին հանձնեցին նրանց ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
Պահակախմբի ուղեկցությամբ շարահրապարակ բերեցին ռազմաուսումնական հաստատությունների մարտական դրոշները: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը տերունական աղոթքից հետո դիմեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի արդեն նախկին կուրսանտներին.
-Դուք հաճախ եք լսել հավատարմություն, պատիվ, պարտականություն, հավատ, ազնվություն, անձնվիրություն, քաջություն բառերը, և հիմա ժամանակն է, որ դրանք գործադրեք, ապրեք դրանցով, որ կարողանաք նաև ձեր ծառայակից ընկերների ու ենթակա անձնակազմի համար դարձնել ապրելակերպ:
Երիտասարդ սպաներին ողջունեց և շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն բազմապիսի փորձություններ հաղթահարած, հաղթանակներ կերտած, պատերազմների բովով անցած հայկական բանակում: Իսկ մեր բանակն այժմ, առավել քան երբևէ, ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք:
– Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Դուք նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելություն եք ստանձնում:
Շնորհավորում եմ սպայական կոչում ստանալու կապակցությամբ, մաղթում առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար: Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Շրջանավարտներին շնորհավորեց նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը.
-Մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությունը, ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձությունները յուրաքանչյուրից պահանջում են ուժերի գերլարում, նվիրում, հաստատակամություն, փոխադարձ հարգանք ու վստահություն, պետականության գաղափարի շուրջ համախմբվելու վճռականություն: Լիահույս եմ, որ կկարողանաք ձեր ստացած գիտելիքները տեղայնացնել բանակում` բարեփոխումների այս պատասխանատու փուլում օգնելով հասնելու առավել մեծ արդյունքների: Դուք պետք է զարգացնեք նախորդ տարիների լավագույն ձեռքբերումները, որոնցով բնութագրվում էր հայկական բանակը` միաժամանակ պայքարելով ծառայության վրա ստվեր գցող արատավոր երևույթների դեմ:
Հանդիսավոր պահն էր, որին երիտասարդ սպաները երկար էին սպասել. պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականները նրանց հանձնեցին ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության ավարտը հավաստող փաստաթղթերն ու սպայական դաշույնները: Շուտով նրանք լեյտենանտի սպայական ուսադիրներով կմեկնեն իրենց նշանակման վայր, կանցնեն հրամանատարական պաշտոններում իրենց գործառույթների իրականացմանը:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով։
Լեյտենանտ Թամարա Գասպարյանը գերազանց առաջադիմությամբ ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ռադիոտեխնիկա և կապ մասնագիտությամբ, մասնագիտական ուղղվածությունը ռադիոտեղորոշման համալիրների շահագործումն է։
-Սպասված օր է, ուսման բարդ ու հագեցած փուլեր ենք անցել այս բարձր կոչմանն արժանանալու, սպայական ուսադիրներ կրելու համար: Ծառայությունը շատ սիրելով եմ ընդունվել համալսարան: Սկզբում պատկերացում չունեի զինվորական գործի, ռազմական տեխնիկայի առանձնահատկությունների մասին: Սովորեցի, հմտացա, իսկ արդեն պատերազմից հետո հասկացա, թե ինչքան կարևոր է գիտելիք ստանալը, որ հետագայում որպես հրամանատար սխալ թույլ չտամ ու իմ ենթականերին վտանգի չենթարկեմ սխալ հրամանի պատճառով։ Հիմա արդեն շատ մեծ պատասխանատվություն է ուսերիս, բայց ես պատրաստ եմ: Ձգտելու եմ լինել հրամանատար, որին անձնակազմը վստահում է առաջին հերթին մասնագիտական գերազանց պատրաստվածության շնորհիվ:
ՌՈՒՀ-ը բարձր առաջադիմությամբ ավարտած կուրսանտներից են Հարություն Բաբայանը, Վալերի Հարոյանը, Արթուր Պողոսյանը, Վազգեն Ասատրյանը: Ընկերացել են ուսման ընթացքում, ընկերությունը շարունակելու են նաև ծառայության վայրում: Պատմեցին կուրսանտական տարիների անցուդարձից, խոսեցին զորամասերում իրենց սպասումների, տրամադրվածության մասին: Նրանք նշեցին. Հայրենիքի համար բարդ շրջան է, հատկապես պաշտպանության ոլորտում անելիքը շատ է, վստահաբար առավելագույն նվիրվածությամբ են ծառայելու՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը ցանկացած իրավիճակում: Տղաների խոսքն ամփոփեց Վազգեն Ասատրյանը, որը նույնպես գերազանցությամբ է ավարտել ռազմական ավիացիոն համալսարանը:
-Ուսումնական գործընթացը դժվար էր, բայց գիտակցելով մեր գործի պատասխանատվությունը, արել ենք հնարավոր ամեն ինչ անչափ կարևոր մասնագիտությունը լավ յուրացնելու համար: Բոլորիս զգացումները միախառնվել են՝ ուրախություն, հուզմունք… Գերիշխում է հպարտությունը՝ համալրում ենք հայոց բանակի սպաների շարքերը: Գերազանց ծառայությամբ ավելի ենք հզորացնելու մեր բանակը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1448) 07.09.2022 - 13.09.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում