ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, որպես սպա, իր զինվորական ծառայությունը սկսել է դասակի հրամանատարի պաշտոնից, անցել է հրամանատարական բոլոր աստիճաններով: Նրա ղեկավարած զինվորական ստորաբաժանումները մեկ անգամ չէ, որ լավագույնն են ճանաչվել զինված ուժերում: Վահան Սարգսյանը եղել է բանակային տարվա լավագույն գումարտակի հրամանատարը 2015-ին, իսկ 2021-ին նրա ղեկավարած զորամասը ճանաչվել է զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամաս:
-Պարո՛ն Սարգսյան, Ձեր ու Ձեր ղեկավարած կառույցի հաջողություններին անդրադառնալուց առաջ, ես պիտի խնդրեմ, որ պատմեք Ձեր մասին, քանի որ, իմ խորին համոզմամբ, զինվորական կառույցի ձեռքբերումները նաեւ պայմանավորված են նրա ղեկավարի կերպարով, առաքինությամբ, ճիշտ ղեկավարմամբ ու արդյունավետ աշխատանքով:
-Ես Վեդի քաղաքից եմ, ունեմ երկու եղբայր և մեկ քույր: Հայրս մասնագիտությամբ հաշվապահ է, մայրս՝ մանկավարժ: Երկուսն էլ խիստ ու պահանջկոտ էին և չէին հանդուրժում որևէ շեղում իրենց բարոյական սկզբունքներից: Ես ունեմ երաժշտական կրթություն, պատանեկության տարիներին անդամակցել եմ ազգագրական համույթի:
Կդժվարանամ հիշել, թե երբ ու ինչից ծնվեց զինվորական դառնալու երազանքս: Ծնողներս չէին խրախուսում իմ որոշումը՝ պատճառաբանելով, որ զինվորականի գործը դժվար է և վտանգավոր: Բայց ես հաստատակամ էի: Սովորել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ջանացել եմ մշտապես լինել լավագույն կուրսանտների շարքում:
-Ձեր առաջին զինվորական պաշտոնը եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատարը: Ո՞րն էր առաջին հրամանատարական պաշտոնի ամենակարևոր դասը, ամենամեծ փորձառությունը:
-Նախ՝ ես հասկացա, որ ծառայությունը մի նոր համալսարան է, որտեղ պիտի սովորել ամբողջ կյանքում, որովհետև միայն պրակտիկ աշխատանքում կարող ես բացահայտել զինվորական ղեկավարի աշխատանքի նրբությունները: Առաջինը՝ անձնական օրինակի գործոնն է: Եթե դու պահանջում ես կարգապահություն, ինքդ պիտի դրա մարմնացումը լինես, եթե աշխատանք ես պահանջում, պետք է զինվորներիդ ցույց տաս քո աշխատասիրությունը, եթե ազնվություն ես պահանջում, պիտի երբեք չկեղծես: Երկրորդը՝ հավասարության սկզբունքն է: Զինվորական կառույցում չպետք է լինեն արտոնյալներ: Երրորդը՝ արդարության սկզբունքն է. անարդարությունը կոտրում է զինվորի ոգին:
-Երբ Դուք գումարտակի հրամանատար էիք Վայքում, ճանաչվեցիք զինված ուժերում լավագույն գումարտակի հրամանատար: Ո՞րն էր հաջողության առաջին նախապայմանը:
-Ես մեկառմեկ ճանաչում էի իմ զինվորներին, կարողանում էի աշխատեցնել ստորաբաժանումների հրամանատարներին և իմ գաղափարները հասու դարձնել և՛ սպաներին, և՛ զինվորներին:
-Պարո՛ն գնդապետ, բանակում հրամանները պիտի կատարվեն առանց քննարկվելու: Եվ, ըստ իս, բոլորովին էլ պարտադիր չէ, որ հրամանատարի գաղափարներն ընդունելի լինեն ամբողջ անձնակազմի կողմից:
-Այո՛, հրամանները պիտի կատարվեն առանց քննարկվելու, բայց, միևնույն ժամանակ, քո հրամանը պետք է անձնակազմիդ ներքին հրամանը դառնա, իրենց գիտակցության ու խղճի հրամանը: Պատերազմի դաշտում յուրաքանչյուր հրամանատար ուզում է մարտի տանել գաղափարակիրների զորք, ոչ թե միայն պարտաճանաչ կատարողների:
-Ինչո՞ւ են Ձեր զորամասը կոչում լեգենդար: Դուք այդ զորամասի շտաբի պետն էիք, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը:
-Գնդապետ Գեղամ Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը լեգենդար է, որովհետև ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն, ոչ մի ժամկետային զինվորի կորուստ չի ունեցել:
Ճիշտ, ճկուն մարտավարություն, հրամանատարության ներգրավվածություն մարտական գործողություններին, միասնականություն, հավատ ու վստահություն մեկը մյուսի հանդեպ, մարտական առաջադրանքը կյանքի գնով կատարելու պատրաստակամություն… Մենք նույնպես կռվել ենք անհամեմատ մեծ ուժերի դեմ եւ հաղթել ենք: Մեր զորամասը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Սա մեծ պատիվ է մեզ համար, որովհետև նշանակում է, որ մենք բոլորս ենք պարգևատրվել «Մարտական խաչով»:
-Ձեր 11-ամյա տղան՝ Աշոտը, պատերազմի ժամանակ արժանացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալի:
-Մեր զորամասի սպաների ընտանիքներն ապրում էին նույն շենքում: Մենք, կարելի է ասել, մի մեծ ընտանիք էինք, և սա նույնպես իր ազդեցությունն ուներ մեր միասնականության վրա: Ես ավագ որդուս՝ Աշոտին, 8 տարեկանում եմ մեքենա վարել սովորեցրել: Միշտ ասել եմ նրան, որ երբ պատերազմ սկսվի, ես ճակատում եմ լինելու, իսկ թիկունքում դու պիտի պաշտպանես մորդ, կրտսեր եղբորդ և քրոջդ, ինչպես նաև մյուսներին, ովքեր քո կարիքն ունեն: Ես 10 զորամաս եմ փոխել, և ընտանիքս միշտ ինձ հետ է եղել: 11-ամյա տղաս մեր մեքենայով, ռումբերի տարափի տակ, 4 ընտանիք է հանել կրակի գոտուց: Նրանք այն սպաների ընտանիքներն էին, որոնք այդ պահին կռվում էին առաջնագծում:
-2021 թ. Դուք նշանակվեցիք Տավուշում զորամասի հրամանատար, ու հենց այդ տարի Ձեր ղեկավարած զորամասը ճանաչվեց մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասը զինված ուժերում:
-Մենք հիմա մեկ գերխնդիր ունենք՝ կառուցել մեր երկիրն ու ժողովրդին յուրաքանչյուր ոտնձգությունից պաշտպանելու ունակ բանակ:
Մեր կորուստները անդառնալի չեն: Եթե մենք թեկուզ մի վայրկյան կասկածենք այս ճշմարտությանը, կպարտվենք:
Մեր ժողովուրդը հազարամյակների ճանապարհ է անցել և շատ կենսունակ է: Մենք շատ խոր արմատներ ունենք մեր Հայրենիքում ու շատ ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել: Վստահաբար՝ մեր աստեղային ժամը դեռ գալու է…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում