ԲՈԼՈՐՍ ԿՈՉՎԱԾ ԵՆՔ ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ
Զորամասերում ավարտին են մոտենում նոր համալրումներով և զորացրման գործընթացով պայմանավորված գերատեսչական խմբերի և խորհուրդների ձևավորումները։ Գերատեսչական խմբերն ու խորհուրդները ունեն իրենց առանձնակի դերն ու նշանակությունը բանակաշինության, զորքերի առօրյա գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, մարտական հերթապահության իրականացման, ինչպես նաև անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում։
Զորամասային կյանքում հատկապես կարևոր դերակատարում ունեն սերժանտական խորհուրդները, որոնք ժողովներում, ինչպես նաև առօրյա ծառայության մեջ առաջ են քաշում բոլորին հուզող հարցեր ու խնդիրներ, առաջարկում և փնտրում լուծումներ, ինչպես նաև վերադաս հրամանատարության հետ մեկտեղ փորձում բանակային կյանքն ու առօրյան դարձնել ավելի հագեցած ու հետաքրքիր։
Օրերս այդպիսի սերժանտական խորհուրդներից մեկի նախագահ ընտրվեց կրտսեր սերժանտ Արշակ Աբովյանը։ Նա ծնունդով Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, ապագա ծրագրավորող է։ Ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է, և շուրջ մեկուկես տարի ծառայելուց հետո կարգապահ ու բանիմաց սերժանտին միաձայն ընտրեցին զորամասի սերժանտական խորհրդի նախագահ։
– Արշակ, շնորհավորում եմ զորամասի սերժանտական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
– Շնորհակալություն:
– Այս ընտրությամբ, թերևս, պարտականություններդ շատացան: Կկարողանա՞ս զինակիցներիդ, հրամանատարության վստահությունն արդարացնել:
– Կփորձեմ: Բոլորս էլ կոչված ենք մեկ նպատակի՝ նվիրումով ու բարեխղճորեն ծառայել մեր Հայրենիքին: ՈՒստի, միասնական ուժերով, մեկս մյուսին նեցուկ լինելով և վերադաս հրամանատարության անմիջական մասնակցությամբ կփորձենք լուծում տալ ծառայության ընթացքում առաջացած խնդիրներին:
– Արշակ, արդեն մեկուկես տարի ծառայել ես, ինչպես ասում են՝ արդեն հնաբնակ ես: Ի՞նչ է տվել զինվորական ծառայության այս մեկուկես տարին քեզ։
– Մեկուկես տարվա ծառայությունը, հավատացնում եմ, ոչ միայն ինձ, այլև զինակից ընկերներիս այնքան բան է տվել, ինչը չէր կարող տալ քաղաքացիական կյանքի տասը տարին:
Թեև կրթական մակարդակդ ու գիտելիքներդ զարգացնելու առումով մի քիչ հետ ես ընկնում, բայց հոգ չէ, քանի որ այն ինչ անձամբ ինձ տվել է բանակային կյանքը, ավելին է և ինձ շատ կօգնի իմ կյանքի հետագա ուղին, ընթացքը կազմակերպելու համար:
– Ի՞նչ ես զգում, երբ գիտակցում ես, որ Հայրենիքի մի փոքր մասի պաշտպանությունը վստահված է հենց քեզ։
– Հպարտություն ու աննկարագրելի մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր զինվորական, անկախ պաշտոնից ու կոչումից, պետք է գիտակցի, ունենա պատասխանատվության իր չափաբաժինը: Առաջնագծում միայն մտածում ես քեզ վստահված սահմանը կյանքի գնով պաշտպանելու մասին:
– Զորամասի սերժանտական կազմի բաց քվեարկությամբ ընտրվել ես սերժանտական խորհրդի նախագահ։ Ինչպե՞ս ես գնահատում խորհրդի դերն ու կարևորությունը զինվորական ծառայության մեջ։
– Ինչպես մեր զորամասի հրամանատար, գնդապետ Նազարյանը սերժանտական ժողովներից մեկի ժամանակ նշեց, մարտի դաշտում գլխավոր հրամանատարը հենց ջոկի հրամանատարն է, քանի որ խրամատում կանգնած զինվորի, ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի հետ անմիջական շփում ունեցողը հենց ջոկի հրամանատարն է։ Կարևոր նախապայմաններից է կրտսեր հրամանատարական կազմի միասնականությունը, միեւնույն գաղափարով առաջնորդվելու միտումը. սա հենց զորամասի ամրության ու հզորության գրավականներից է:
ԱՍՏԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Ազգային բանակ