Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ



ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆԱդրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման են անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Աշխարհի տարբեր պետություններից և միջազգային կառույցներից արձագանքել են ադրբեջանական ագրեսիային:

 

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել է ՀԱՊԿ խորհրդի նիստ` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս. «Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը»։

ԱՄՆ  պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, երկու երկրների կառավարություններին` վերահաստատել շփման ուղիղ կապերը դիվանագիտական ու ռազմական խողովակներով՝ վերադառնալով կառուցողական երկխոսությանն ու դիվանագիտական գործընթացին։

Բլինքենը վստահեցրել է, որ անձամբ շարունակելու է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով: ԱՄՆ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու լծակները՝ օգնելու հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում՝ լարվածության թուլացմանը։

Ֆրանսիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել:

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ տեղի ունեցավ նաև սեպտեմբերի 15-ին: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հորդորեց ՄԱԿ-ին տեր կանգնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը՝ պահանջելով Ադրբեջանից անպահաղ դուրս բերելու իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Նիստի ընթացքում հնչեցին Ադրբեջանի գործողությունները դատապարտող բազմաթիվ ելույթներ: Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ արեց ագրեսոր կողմին հանդուրժողականություն դրսևորել և անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք լուրջ սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խաղաղության և կայունության համար: Նաև նշեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող լռություն պահպանել և թողնել, որ իրավիճակը վատթարանա:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ասել է ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում հստակ արձանագրել է, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիներ: Նա պնդել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը:

Չինաստանը նույնպես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում հակամարտության վերջին սրացմամբ: Չինաստանը կոչ է արել խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով: Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերն էլ ընդգծել է` Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորել. «Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը»:

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը խստորոն դատապարտել է Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը՝ այն համարելով Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտումների շարունակությունը: Նա ակնկալում է Եվրամիության հստակ պատասխանը՝ անընդունելի ուժի կիրառմանը «երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների փոխարեն։

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ` ներկայացնելով ՆԱՏՕ-ի՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու դիրքորոշումը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը նույնպես կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Նրանց գնահատմամբ՝ դիվանագիտական ճանապարհով ձեռքբերված առաջընթացը չպետք է մսխվի: ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել օգնելու՝ հենվելով տասնամյակների փորձի վրա:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա. «Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի Ժողովրդավարությունը»:

ԱՄՆ սենատորներ, եվրոպացի պատգամավորներ խոսել են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և աջակցությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին` տեղի ունեցածը դիտարկելով հարձակում միջազգայնորեն ճանաչված հայկական բնակավայրերի վրա: Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը մասնավորապես նշել է. «Եվրոպան այժմ պետք է հստակ դիրքավորվի անարդարացիորեն հարձակման ենթարկված երկրի՝ Հայաստանի կողքին: Յուրաքանչյուր ոք, ով անտեսում է բռնության բացառման սկզբունքը, պետք է զգա համաշխարհային հանրության ողջ կոշտությունը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Մեկ օր անց նոր հայտարարություն հնչեց. Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին այցելեցին ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Տարածաշրջան


19/09/2022