ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑԸ (ԳԱՅ) ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մանկավարժական գիտությունների համակարգում իր ուրույն տեղն ունի զինվորական (ռազմական) մանկավարժությունը: Սա, թերևս, բացատրվում է նաեւ նրանով, որ վերջինս, որպես հասարակական երևույթ և հասարակական գիտակցության ձև, ավելի հին ծագում ունի:
Լիովին կիսում ենք մեծանուն պատմաբան Լեոյի այն միտքը, որ` «Պատերազմը ամենահին իրականությունն է մարդկության մեջ»: Այս առումով էլ պատահական չէ, որ թանգարանային հնագույն նմուշներում գերակշռում են ռազմական հավաքածուներ, իսկ գրավոր (նաև սեպագիր) նմուշներում նկարագրվում են ռազմական գործողությունները:
Հայկական զինվորական մանկավարժությունը բացառություն չէ այս առումով, և այն ևս ունի հին պատմություն, հարուստ և ընդունելի փորձ:
Հետագայում հայկական զինվորական մանկավարժությունը զարգացել է շնորհիվ բազմաթիվ նշանավոր հայ զորավարների ու ռազմաքաղաքական գործիչների, մասնավորապես՝ Հայկ Բժշկյանցի (Գայ) տեսական ու գիտական ժառանգության:
Գայը ապրել ու գործել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ կարճ գոյատևած Առաջին Հանրապետությանը փոխարինել էր երկրորդ՝ Խորհրդային Հանրապետությունը, երբ չորս կողմն ավեր էր, սով, չքավորություն, և թուրքն ու նրա ելուզակները անդադար հարձակվում էին Հայաստանի վրա, իսկ քաղաքակիրթ Եվրոպան ու կոմունիստական Ռուսաստանը իրենց շահադիտական տեսանկյունով էին վերաբերվում Հայկական հարցին, ասել է թե` Հայաստանին ու հայ ժողովրդին:
Գայը ծնվել է 1887 թ. փետրվարի 18-ին Իրանի Թավրիզ քաղաքում, սովորել է ծննդավայրի Արամյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: 1916 թ. ավարտել է Թիֆլիսի հայկական ջոկատների հրամանատարների և սպաների ԲԳԿԲ բարձրագույն հրամկազմի (1920-22 թթ.) դասընթացները, 1927 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:
Առաջին աշխարհամարտի ժամանակ մտել է հայկական կամավորական շարժման մեջ: Նշանակվել է հեծյալ վաշտի, ապա 6-րդ կամավորական ջոկատի հրամանատար: Մասնակցել է Էրզրումի, Մուշի կռիվներին: 1916 թ. նշանակվել է հայկական պահեստային մարտական ջոկատների պետ: Բժշկյանցը գործուն մասնակցություն է ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին (1918-20 թթ.):
1918 թ. հուլիսին եղել է Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի (հետագայում՝ Սամարա-Ուլյանովյան 24-րդ Երկաթյա դիվիզիայի) հրամանատար:
1918 թ. դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի հրամանատար: Մասնակցել է Կոլչակի զորքերի դեմ մարտերին: 1919 թ. օգոստոս-սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատի 1-ին Կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920 թ. մարտից 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար: Կռվել է Դենիկինի զորքերի դեմ: 1920 թ. հուլիսին նշանակվել է Արևմտյան ռազմաճակատի 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար: 1922-23 թթ. եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ, Հանրապետության ռազմական կոմիսար և մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, իսկ 1923 թ. մայիսից՝ Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար-կոմիսար: 1924 թ. հոկտեմբերին նշանակվել է այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար:
1927-32 թթ.՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ:
1932 թ. Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի պատերազմների պատմության և ռազմական արվեստի ամբիոնի վարիչ:
Որպես պրոֆեսիոնալ զինվորական՝ Գայն առաջնահերթ էր համարում ստորաբաժանման մշտական մարտական պատրաստությունը, որին կարելի էր հասնել բարձր կարգապահությամբ: Կատարողական կարգապահությունը, ըստ Գայի, այն հիմքն է, որի վրա կառուցվում էր մասնագիտական վարպետությունն ու մարտական առաջադրանքի կատարումը:
1-ին հեղափոխական բանակի հրամանատար Մ.Ն. Մոկոչևսկին Գայի զորախմբի մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Մենք թողեցինք Բուգուլման, Մելեկեսը, Սենգիլեյը և վերջապես Սիմբիրսկը: Վերջինս գրավվեց Սիզրանի կողմից չեխոսլովակների հարձակումով, երբ Սենգիլեյի շրջանում դեռևս գործում էր սենգիլեյան զորախումբը, որը միակն էր, որ Գայի անձնական ազդեցության ու մեծ հեղինակության շնորհիվ պահպանել էր իր կարգապահությունն ու մարտունակությունը:
Բոլոր կողմերից կտրված լինելով՝ ընկ. Գայը հավաքեց և իր զորախմբին միացրեց ցիրուցան եղած, թափառող զինվորների խմբերը եւ շարժվեց դեպի Չուֆարովո կայարան:
Սպիտակգվարդիականների բոլոր գրոհները հետ մղվեցին: Հակառակորդի կողմից գրավված շրջանում կատարելով մոտ 150 վերստանոց ռազմերթ, տաղանդավոր զորավարը իր զորասյունը հասցրեց Չուֆարովո կայարան, որտեղ միացավ Կարմիր բանակի մյուս զորամասերին»:
Այդ հերոսության համար Գայի զորասյունը կոչվեց Սիմբիրսկյան Երկաթյա դիվիզիա:
Ուշագրավ է նաև, որ 1918 թ. Երկաթյա դիվիզիայում Գայի հրամանով անողոք պայքար էր հայտարարվել բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում էին կարգապահությունը և կարգուկանոնը:
Այդ հրամանի մի քանի կետերից էին.
«…Գնդերի ու առանձին զորամասերի հրամանատարներին և քաղաքական կոմիսարներին հրամայում եմ տեղն ու տեղը, առանց դատի և քննության գնդակահարել՝
- Այն բոլոր անձանց, որոնք մասսաների մեջ լուրեր են տարածում թիկնանցումների մասին:
- Առանց հրամանի թողնում են իրենց դիրքերը:
- Թողնում են իրենց զենքը, փամփուշտները, արկերը կամ էլ թե զենքը ձեռքին ինքնագլուխ հեռանում են դիրքերից:
- Նրանց, ովքեր չեն կատարում մարտական հրամանները:
- Նրանց, ովքեր հափշտակում և ոչնչացնում են որևէ ժողովրդական գույք»:
Գայի՝ որպես ռազմական գործչի ու հրամանատարի հիմնական սկզբունքն էր պետականամետությունը (պետականասիրությունը): Պատահական չէր նրա հերոսական մարտական ուղին ինչպես ՌՍՖՍՀ զորքերի կազմում, այնպես էլ Խորհրդային Հայաստանի ռազմական կոմիսարի և հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոններում:
Աչքի առաջ ունենալով հայրենազրկության վտանգը՝ նրա համար հայրենասիրությունը միաձուլված էր պետականասիրության ու պետականապաշտության հետ: Այդ մասին է վկայում նաև երբեմնի նրա ենթակա զինակից, ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը.
«Կատարողական կարգապահությունը, զորավարի համոզմամբ, սոսկ հասկացություն կամ հրամանատարական պահանջ չէր: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մարտիկ պետք է գիտակցաբար մոտենա կարգապահական պահանջներին: Դրա առավել արդյունավետ ուղին անձնական օրինակն ու անձնական ազատ զրույցներն էին զինվորների հետ»:
Գայը լուրջ ծրագրեր ուներ Հայաստանի զինված ուժերի հզորացման, նրա բարոյական ոգու ամրապնդման ուղղությամբ՝ կարևորելով զինվորական դաստիարակության գործում ազգային հերոսական ավանդույթների օգտագործումը:
Ռազմական արվեստի գաղտնիքներին խորապես տիրապետող Հայկ Բժշկյանցը գտնում էր, որ ցանկացած մարտական առաջադրանքի հաջող իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է զինվորի ու սպայի մարտական ոգու ամրությամբ:
ԼԵՎՈՆ ԴԱՎԻԴՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան
ռազմական համալսարանի
ուսումնամեթոդական բաժնի պետ,
գնդապետ
Խորագիր՝ #28 (1450) 21.09.2022 - 27.09.2022, Պատմության էջերից