Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մեր մասին

ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը լույս է տեսել 1993 թ. ապրիլի 1-ին: Այդ օրը հայկական զինուժը շեշտակի գրոհով ազատագրեց  Քարվաճառը, և Հայոց բանակի պաշտոնաթերթը ծնվեց հաղթանակի հետ:

Իսկ պաշտոնաթերթը «Զինվոր» անվանումով հիմնադրվել է ավելի վաղ` 1992 թ․ օգոստոսի 28-ին: ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է թերթի կանոնադրությունը, ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան էլ նույն թվականի սեպտեմբերի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է այն: Մինչև 1994 թ. հուլիս ամիսը լույս է տեսել ընդամենը 31 համար: Պաշտոնաթերթի լույսընծայումը կարգավորվել է 1994թ. օգոստոսից:

Հիմնադրումից ի վեր «Հայ զինվորն» ունեցել է հինգ գլխավոր խմբագիր: Թերթի առաջին 9 համարը լույս է տեսել Գագիկ Մանասյանի ղեկավարությամբ: 1993 թ․ «Զինվորը» վերանվանվեց «Հայ զինվոր» և նույն թվականի հոկտեմբերի 1-ին թերթի գլխավոր խմբագիր նշանակվեց արձակագիր Վրեժ Իսրայելյանը, որն այն ղեկավարեց մինչև 1999 թ. օգոստոսը: 1999 թ. օգոստոսից մինչև 2010 թ. հունիս ամիսը  «Հայ զինվորի» գլխավոր խմբագիրն էր Մհեր Հրաչյանը: 2010 թ. հունիսից մինչև օգոստոսը  պաշտոնաթերթը գլխավորել է գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: 2012 թ. հուլիսից մինչև 2016 թ. դեկտեմբեր «Հայ զինվորի» գլխավոր խմբագիրն  էր գնդապետ Էդվարդ Ոսկանյանը։

2017 թ․ սեպտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Հայ զինվորի» գլխավոր խմբագիր է  նշանակվել  Սամվել Հարությունյանը:

«Հայ զինվորը» եղել է բանակաշինության ակունքներում: «Հայ զինվորը» բանակի կենսագիրն է։ Հետևելով թերթի հրապարակումներին, կարելի է ամբողջական պատկերացում կազմել Հայոց բանակի ստեղծման հանգամանքների, կայացման ընթացքի և հաղթահարված դժվարությունների մասին:

«Հայ զինվորն» ունի հատուկ առաքելություն եւ հատուկ պատասխանատվություն, որը պայմանավորված է մեր ժողովրդի կյանքում Հայոց բանակի բացառիկ դերով: Եվ հենց դա է «Հայ զինվորի» հենքը, ուղենիշն ու նպատակը։ «Հայ զինվորի» հիմնական խնդիրներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելը, պետականության եւ ազգային գաղափարախոսության ամրապնդմանը, երիտասարդության քաղաքական ճիշտ դիրքորոշմանը եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական տեղեկատվության ոլորտում զինվորականների պահանջները բավարարելը:

«Հայ զինվորը» ե՛ւ սպայի, ե՛ւ զինվորի, ե՛ւ զինվորի ծնողի, ե՛ւ վաղվա զինվորի համար է: « Հայ զինվորը» աշխարհասփյուռ հայության համար է: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ արդեն  հանդեսի վերածված «Հայ զինվորի» էջերում հայտնվում են նոր խորագրեր, իսկ եղած խորագրերի ներքո փորձ է արվում  նյութերը մատուցել նոր մոտեցումներով ու նոր ձեւավորումով: «Հայ զինվորը» բանակի զարգացման բովում է, աշխատում է բավարարել նրա օրավուր աճող պահանջները:

Թերևս ոչ մի թերթում այնքան հայտնի մտավորականներ չեն աշխատել և թերթին չեն թղթակցել, որքան «Հայ զինվորում», հատկապես նրա գոյության առաջին տարիներին: Սա պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ գործոնով (1994-1999թթ. թերթի գլխավոր խմբագիր, հայտնի արձակագիր Վրեժ Իսրայելյանը ոչ միայն հավաքել էր հիմնականում հայտնի մտավորականներից բաղկացած խմբագրակազմ, այլև թղթակցելու էր հրավիրում մտավորականների), այնպես էլ՝օբյեկտիվ. Հայաստանի անկախացումից ու Հայոց բանակի ստեղծումից հետո հայ մտավորականներից շատերը, որոնք ժամանակին  ոգեշնչել ու անկախության համար պայքարի էին կոչել ժողովրդին, իրենց պարտքը համարեցին հայոց պետականության պատվարը հանդիսացող կառույցի՝ բանակի գաղափարախոսությունը դնել լուրջ հիմքերի վրա:

Կարող ենք արձանագրել, որ «Հայ զինվորը» Հայոց բանակի տարեգիրն է։  «Հայ զինվորում» զետեղված նյութերի  հիման վրա կարող են կատարվել ուսումնասիրություններ  Հայոց բանակի ստեղծման եւ կայացման վերաբերյալ: «Հայ զինվորում» տպագրված շատ նյութեր, ըստ էության, հայոց նորագույն պատմության առանցքային իրադարձությունների համար ունեն սկզբնաղբյուրի նշանակություն:

«Հայ զինվորն» ունի շեշտված ռազմահայրենասիրական ուղղվածություն: