Բանակ և հասարակություն
Գայանե Գևորգյանը զինվորական է, ենթասպա, երեք որդիների մայր: Ապրում է Ագարակում: Ամուսինը` Ավետիս Ալբերտի Օհանյանը, զոհվել է 1993թ. մայիսի 26-ին, Արցախ աշխարհի Մարտակերտի Կուսապատ գյուղում: Տիկին Գայանեն պահեց-մեծացրեց իր երեք տղաներին, բանակ ճանապարհեց նրանց ու կարոտով սպասեց: Ամուսնու զոհվելուց 20 տարի անց տիկին Գայանեն եղավ ամուսնու մարտնչած վայրերում, այնտեղ, որտեղ զոհվել էր ամուսինը: Այցելությունը, որը նման է ուխտագնացության, տիկին Գայանեն վերնագրել է այսպես` «Կարոտի կանչով»:
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր գնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Արծվաբերդ համայնքում: (Արդեն ավանդույթ է՝ հյուսիսարևելյան այս զորամասում ինչպես երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումներ տեղի են ունենում սահմանամերձ տարբեր համայնքներում): Եկել են Հայաստանի տարբեր բնակավայրերից զինվորների ծնողները, հարազատները, մտերիմ-ընկերները: Հավաքվել են գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի խաչքարի հարևանությամբ գտնվող հրապարակում:
Որդիներս ծառայել են Խորհրդային բանակում: Եվ նրանց ծառայությունից ժամանակին ես որպես մայր շատ գոհ եմ եղել, որոնց վերադարձին ուրախության սեղան ենք բացել, հարազատներով մինչև գիշեր կերուխում արել… Այժմ թոռնիկս պիտի ծառայի Հայոց բանակում: Ես կցանկանամ, որ զինվորը, ով մեր զավակն է, թոռնիկը, կամ էլ հարևանը, լինի պաշտպանված, լինի հերոս, բայց… խաղաղ օրերի, որ ոչ մի ընտանիքում կսկիծ չլինի: Բանակում լինի միայն առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի ահուդողով չսպասենք զինվոր տղաների վերադարձին:
Փետրվարի 12-ին տղաս` Միքայել Մարգարյանը, երդվեց անձնվիրաբար ծառայել մեր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը: Այսուհետ նա իր հայրենիքի զինվորն է:
Մենք հպարտ ենք քեզնով, տղա՛ս: Դու էլ միշտ հպարտ եղիր, որ մեր պաշտպանն ես, մեր ապավենը, մեր հերոսը: Մաղթում եմ քեզ, քո զինակից ընկերներին եւ սպաներին խաղաղ եւ անփորձանք ծառայություն: Մայրական օրհնանքս թող միշտ ուղեկցի քեզ:
Սիրելի՛ Արամ, իմ հավատարիմ ընկեր, իմ քաջարի զինվոր, փետրվարի 19-ը քո ծննդյան օրն է: Ջերմորեն շնորհավորում եմ քեզ: Գիտեմ, որ հենց այս տարեդարձդ ամենահետաքրքիրն ու անմոռանալին է լինելու. չէ՞ որ առաջին անգամ դիրք ես բարձրացել, զենք բռնել եւ հիմա կանգնած ես հակառակորդին դեմ հանդիման: Այսօր, այս պահին նաեւ դու ես մեր հայրենիքի ուժը, եւ, անկեղծ ասած, ես հպարտանում եմ քեզնով:
Բանակի տոնը մեծ շուքով նշվեց ամենուր: Տոն, որ պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:
«Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» խորագիրն էր կրում Արաբկիր վարչական շրջանի թիվ 6 գրադարանում կայացած ցերեկույթը: Միջոցառմանը յուրատեսակ համ ու հոտ տվեցին թիվ 37 հիմնական դպրոցի սաները, ովքեր իրենց խրոխտ երգերով ու ասմունքով գերեցին ներկաներին: Դպրոցականները մեծարեցին մեր ազգի նորօրյա հերոսներին, խոստացան նրանց հայրենանվեր գործի արժանի շարունակողները լինել:
Գնալով մարդկանց գիտակցության մեջ ավելի ու ավելի է կարևորվում բանակի դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գործում: Դրա վկայություններից էր և այն, որ այս տարի աննախադեպ սիրով ու նվիրումով նշվեց հայոց բանակի 23-րդ տարեդարձը ինչպես Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, այնպես էլ արտերկրի հայաշատ կենտրոններում:
Մեր հաղթական բանակի տարեդարձը նշվում է լայնորեն և՛ դպրոցներում ու բուհերում, և՛ հասարակական կազմակերպություններում ու գրադարաններում: