Բանակ և հասարակություն
Ճամբարի կրթական դերը երեխայի կյանքում անչափ մեծ է եւ կարեւոր,- լրացնում է ճամբարի պետը՝ Մկրտիչ Բադալյանը եւ ավելացնում,- այս շփումները նպաստում են համերաշխության, ընկերական մթնոլորտի ձեւավորմանը։ Ճամբարը նաեւ մի յուրօրինակ ինքնուրույնության դպրոց է հատկապես տղաների համար, այստեղ նրանք է՛լ ավելի են վարժվում կարգուկանոնին եւ, բնականաբար, վաղն է՛լ ավելի հեշտ կհաղթահարեն բանակային կյանքի դժվարությունները։
Ես կարծում եմ, հայրենիքին ծառայելու գաղափարն այնքան էլ ամուր չէ մեր հոգեբանության մեջ։ Հայրենիքին ծառայելը միայն զինվորական համազգեստ հագնելն ու հայրենիքի համար զոհվելը չէ։ Հայրենիքին ծառայելը նախ և առաջ օրինավոր քաղաքացի լինելն է։ …Երբ դու յուրաքանչյուր գործ կատարում ես բարեխղճորեն և ազնվաբար։ Ոչ ոք քարոզներով չի դաստիարակվում, այլ դաստիարակվում է իր շրջապատի օրինակով։ Ամեն մարդ պիտի հիշի, որ ինքը օրինակ է մեկ ուրիշի համար։ Ես ուզում եմ ապրել մի երկրում (իմ հայրենիքում), որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը, որտեղ մարդը հարգված է՝ և՛ աղքատը, և՛ հարուստը, և՛ պաշտոնյան, և՛ սովորական աշխատողը։
Մենք՝ հայերս, զավակ դաստիարակելու լավ ավանդույթներ ունեք։ Մենք սիրում, խնամում, պաշտպանում ենք մեր զավակներին, պատասխանատու ենք մեր երեխաների վարքի, արարքների համար, որ տարիքում էլ նրանք լինեն։ Հայերիս պատկերացմամբ՝ լավ զավակը պետք է լինի ծնողասեր, մեծին հարգող, աշխատասեր, ազնիվ, խիզախ… Երևի մեր պատմությունից է եկել. մենք ցանկանում ենք արու զավակին հզոր տեսնել։ Մեր որդին մեր ուժն է։ Երևի մեր դարավոր անպաշտպանվածությունն է պատճառը, որ մենք երջանկանում ենք, երբ մեր զավակին հասցնում ենք բանակի տարիքի ու տեսնում ենք նրան զինվորական համազգեստով ու զենքով։ Մենք աչքալույս ենք տալիս ծնողին որդու զինվորանալու կապակցությամբ։
Երբեք չեմ մտածել, որ հայրենիքին ծառայելու պարտավորություն ունեմ, երբեք ինքս ինձ հարց չեմ տվել՝ հայրենասե՞ր եմ, արդյոք, թե՞ ոչ։ Ապրել եմ, ինչպես հրամայել է խիղճս, իմ բարոյական սկզբունքների թելադրանքով։ Երբ պահը եկավ, երբ թշնամին սպառնաց իմ հայրենիքին, երբ վտանգվեց իմ հայրենակիցների կյանքը, դարձյալ հետևելով խղճիս ձայնին, գնացի ճակատ։
Իմ ապրած կյանքը, փորձառությունը թույլ են տալիս ասելու, որ հայրենիքին ամեն օր, ամեն ժամ ծառայելը, հայրենասիրաբար ապրելը պակաս դժվար չէ, որքան պատերազմի դաշտում սխրանք գործելը։ Երբ հայրենասիրությունը դառնում է կենսակերպ, կամա-ակամա հայրենիքի շահը դառնում է գերակա և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում։ Հայրենասիրությունը առաջին հերթին մարդասիրություն է։ Սեր հայրենակցիդ հանդեպ, նրա ցավին, հոգսին մոտիկ լինելու ներքին մղում ու բարոյականություն։ Հիշեցի երկրաշարժի օրերը…
Ես գյուղացու ընտանիքում եմ ծնվել, ինձ սովորեցրել են, որ եթե մարդը ապրում է, ուրեմն պիտի աշխատի։ Հայրս միայն քնած ժամանակ չէր աշխատում։ Երբեք փառքի ու հռչակի մասին չեմ մտածել, սիրել եմ իմ փեշակն ու ջանացել եմ…
Մորաքրոջս ամուսինը՝ Այվազը, վտիտ մարդ էր, Ալավերդիում էր ապրում, նրան հողամաս տվեցին Դեբեդի ափին։ Դե, Ալավերդիում հող որտեղի՞ց, քարքարոտ տարածք էր։ Այվազն այն դրախտ դարձրեց, մի օր Դեբեդը կատաղեց, դուրս եկավ ափերից ու քշեց տարավ Այվազի տարիների աշխատանքը։ Բայց Այվազը չհուսահատվեց, ասաց՝ աշխարհը չքանդվեց. նորից կտնկեմ, կցանեմ… Որոշ ժամանակ անց տարածքը կրկին ծաղկեց։ Էս է հայրենիքին ծառայելը…
Ծնողներիցս, մեր մեծերից լսել եմ, որ իրենց ժամանակներում բանակից վերադարձող զինվորը դեռ երկար համազգեստը հագից չէր հանում եւ հպարտ-հպարտ շրջում էր թաղում ու քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեին ու իմանային, որ ինքը ծառայել է, հայրենիք է պաշտպանել… Ես մի ամիս էլ չկա, ինչ զորացրվել, տուն եմ եկել, իհարկե, համազգեստով դրսում ման չեմ գալիս, բայց մտքով դեռ այնտեղ եմ՝ իմ զորամասում, տղաների հետ։