Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Հայոց բանակի օրվա առթիվ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախօրեին այցելեց մարզի տարածքում տեղակայված հակաօդային պաշպանության զորքերի ստորաբաժանումներ, ուր մարզի ղեկավարին դիմավորեցին զինվորական ողջույններով:
Ողջունելով ու շնորհավորելով զինվորներին ու սպայական անձնակազմին Հայոց բանակի ստեղծման 19-ամյակի կապակցությամբ` մարզպետն ընդգծեց Հայոց բանակի զինվորի ու սպայի հանդեպ բացառիկ ուշադրությունն ու հոգատարությունը, որ դրսեւորվում է երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի եւ ընդհանուր ազգաբնակչության կողմից:

ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՑ…

Մեր որդին՝ Վարազդատ Մեհրաբյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Կա՞ ավելի մեծ հպարտություն՝ որդիդ զինվոր է՝ մեր թանկ ու սուրբ հողի պաշտպանը։ Իսկ մեր հպարտությունն է՛լ ավելի կրկնապատկվեց, երբ որդուս ծառայավայրից շնորհակալական նամակ ստացանք. «Հարգելի Մեհրաբյաններ, մեր զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում ձեր որդին՝ կրտսեր սերժանտ Վարազդատ Մեհրաբյանը, որը հմտորեն է տիրապետում իր զինվորական մասնագիտությանը, դարձել է ուսման առաջավոր, կարգապահ մարտիկ։ Նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ, զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար։

ՎԱՀԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Սիրելի՛ «Հայ զինվոր»
Մեր որդին՝ Վահե Արմենի Սարգսյանը, ծառայում է գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Գոհ է թե՛ հրամանատարությունից եւ թե՛ ծառայակից ընկերներից, արդեն ազատ խոսում է մեր հազարամյա մայրենիով։ Բանն այն է, որ մեր երկրի անկախացմանը հաջորդող «մութ ու ցուրտ» տարիներին հանապազօրյա հաց վաստակելու համար մենք ստիպված էինք թողնել հայրենի տունն ու հանգրվանել ՌԴ Կեմերովոյի մարզում, որտեղ էլ Վահեն ավարտեց ռուսական դպրոցը, ստացավ ատեստատն ու պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու, մանկուց փայփայած երազանքն իրագործելու վճռականությամբ մեկնեց Հայաստան, զինվորագրվեց հայոց բանակին։

ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի N 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին խրոխտ ու աներեր կանգնած քաջ տղաների մասին։ Շատ ժամանակ է անցել այն օրերից, շատ ջրեր են հոսել, բայց ոչինչ չեմ մոռացել, բոլորին հիշում եմ եւ կարոտում։ Հաճախ եմ թերթում օրագրային գրառումներս, հոգիս փոթորկվում է, ծառս լինում։ Որտե՞ղ եք դուք, ինձ հարազատ դարձած զինվորներ, կռվող տղերք։ Որտեղ էլ լինեք, մեր այս խելահեղ մոլորակի որ անկյունում, ես ձեզ երջանկություն եմ մաղթում։

«ՆԱՐՈՏ-ԿԱՐՈՏ» ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀՅՈՒՐ

Հայոց բանակի 19-ամյակին ընդառաջ` Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի գլխավորությամբ, հունվարի 23-ին ուղեւորվեցին Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկը:
2003 թթ.-ի վեր համալսարանի ուսանողական խորհուրդը նախաձեռնում է նման այցելություններ. «Տարվա ընթացքում հինգից վեց անգամ այցելում ենք զորամասեր: Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն ենք համարում բանակի հետ համագործակցությունը, քանի որ բանակը երիտասարդ ուժի խտացումն է»,-նշեց Վ. Գասպարյանը: Այս տարվա առաջին այցելության վայրը պատահական չէր ընտրված` ուսանողները գիտակցում են սահմանային գոտիներում ծառայող զինվորների առաքելությունը:

ԱՐԱՐԱՏԻ ՓԵՇԻՆ ԱՊՐԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ համար մեծ պատիվ է գիտակցելը, որ արդեն հասուն, 19-ամյա երիտասարդ է մեր բանակը։ Մեկը, որ իր աչքով է տեսել մեր բանակի ստեղծման դժվար ու հերոսական օրերը, եղել հենց ակունքներում, բանակի հասակ առնելը, հզորանալը ցնծությամբ, անձնական ուրախության պես պիտի ընդունի, իսկ թերությունները` սրտի ցավով: Դա իմ անձնական հպարտությունն է: Եվ իմ անձնական ցավը: Բանակի մերօրյա ամեն մի ձեռքբերում` նոր զորամաս եւ այլն, ինձ համար համարժեք է ազատագրված հողի մի պատառիկի, որի վրա ծիլ եմ նշմարում… Դա էլ հաղթանակ է, որովհետեւ եթե ճակատագրի բերումով ծնվել ես այս հողակտորի, այս լեռնակղզու վրա ու շրջապատված ես կոնկրետ այս հարեւաններով, ուրեմն երկրիդ բանակը կատարյալ պիտի լինի, որովհետեւ հաղթելուց հետո (իսկ այդ իրավունքը մենք արդեն նվաճել ենք) իրավունք չունես մի ակնթարթ անգամ թուլանալու։ Հաղթանակը ոչ միայն շահել, այլեւ պահել է պետք։