Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԶԻՆՎՈ՛Ր

Էդվարդ Անտինյանը մասնագիտությամբ ճարտարագետ շինարար է։ Ծնվել է Լոռու Մարգահովիտ գյուղում։ Ինչպես ինքն է ասում. «Հայրենի եզերքի մարդկանց հետ է եղել շենացնելու, նեղության ժամանակ եւ պատերազմելիս»։
«Վերադարձ» գրքույկը, որ բաղկացած է «Խենթերս», «Վերադարձ», «Հեթանոս երգեր» եւ այլ խորագրերից, անկեղծ ու գեղեցիկ ձոն է նվիրված հայրենիքին, հայրենի հողը հերկող ու պահող իր ընկերներին, հայ զինվորին ու նրա զենքին, հայոց բանակին։ Որ հեղինակը ակնհայտորեն չի հավակնում ներկայանալ որպես բանաստեղծ, լավագույնս վկայում է գրքույկի «Նախերգը». /Մի շիվ եմ սրել այգուս ոստերից/ Ուզում եմ հոգուս լսածը փրկել/ Հոգուս լսածը երգ է հոգեթով/ Ուզում եմ ձեզ տամ՝ անեղծ ու շիտակ/ Կամ երգեք ձայնի զնգուն արծաթով/ Կամ էլ դնդնաք գոնե քթի տակ/։

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԿԱՆՉ

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Ու նորից զորակոչ է հայրենյաց հողում… փառքդ շատ, Տեր, ուրեմն կանգուն է Հայոց բանակը, ուրեմն կապրի հայոց աշխարհը…
Արդեն քանի տարի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նոյեմբերի վերջին կիրակի օրը մեկնում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ, որ շրջակա գյուղերի զինակոչիկ հայորդիներին հայոց բանակ ճանապարհի եւ տոն դարձնի այն հնագույն սովորույթը, որը կոչել ենք «Վարդանանց կանչ»: