#40 (1160) 12.10.2016 – 18.10.2016
Շարունակվում է զինված ուժերի ավագ և կրտսեր սպայական կազմերի ատեստավորման գործընթացը։ Օրերս ատեստավորվել է սպաների հերթական խումբը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ապագա սպաները սովորում են զինվորական տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում հմտություններ հետագայում ստորաբաժանումներ առաջնորդելու, ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:
Զինված ուժերում ավարտին է մոտենում ուսումնական հերթական փուլը: Ուսումնական ստորաբաժանումներում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում հայրենիքի նորօրյա պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի կատարելագործվելու, նոր գիտելիքներով ու փորձով զինվելու համար: Նրանք արդեն լավ գիտեն՝ սովորելու վերջնարդյունքը ուղիղ համեմատական է զինվորի ծառայության որակին ու մարտունակությանը:
Զորամասերից մեկում զինվորական առօրյան լուսաբանելու նպատակով շրջում ենք տարածքում, զրուցում զինվորների հետ: Պարապմունքների ավարտին մեր ուշադրությունը գրավում է բարձր լսվող դասական երաժշտությունը: Պարզվում է՝ զորամասում գործող ռադիոհանգույցով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են հնչում: Քիչ հետո հաղորդավարը ներկայացնում է մեծանուն հայ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, նրա մասին ուշագրավ փաստեր: Տեղեկատվությունը հետաքրքիր էր, մենք էլ ուշադիր ունկնդրում էինք և ընդգծում նման ձևաչափի կարևորությունը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինված ուժերում նոր թափ է հավաքում: Ժամկետային զորակազմի մի մեծ խումբ ծառայությունը նոր կարգավիճակով շարունակելու որոշում է կայացրել: Պայմանագրային ծառայության անցնելու ճանապարհին ժամկետայինները պարտադիր պետք է անցնեն ուսումնական լրացուցիչ շրջան՝ ատեստավորմանը պատրաստ լինելու և բարձր աշխատավարձ ստանալու համար:
Բուժծառայության փոխգնդապետ Կառլեն Ազատյանը նյարդավիրաբույժ է, իրականացնում է տարբեր բարդության վիրահատություններ: Զինվորական բժիշկն արդեն քսան տարի զինված ուժերում է: Մասնագիտական և ծառայողական ուղին սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Երկար ուսանողական ճանապարհ, վեց տարի հիմնական դասընթացի կուրսեր, այնուհետև օրդինատուրա։