Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իրանական «arannews.ir» կայքը գրում է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պատմությունը կեղծելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել իրանցի պատմական գործիչ Բաբեք Խորրամդինի արձանը Բաքվում տեղադրելու վերաբերյալ:
Ադրբեջանի լրատվամիջոցներն իրենց կեղծ քարոզչությամբ աղավաղում են Իրանի պատմությանն առնչվող դեպքերն ու իրադարձությունները և իրանցի զորավար Բաբեք Խորրամդինին ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ և ադրբեջանցի փառապանծ զորավար: Ադրբեջանում կեղծ դասագրքեր և ատլասներ են հրատարակվում, որտեղ ժխտվում է Իրանի հնագույն քաղաքակրթության գոյությունը, փոխարենը` որպես Սեֆյանների արքայատոհմի բնօրրան է ներկայացվում Ադրբեջանը»:

ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԱԹՈՌԸ ԼԻՆԵԼ

«Եթե Ադրբեջանը համարձակվի ռազմական գործողություններ սկսել, ապա պարտություն կկրի բոլոր դիրքերում»,-կարծում Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նա չի բացառում, որ պատերազմը վերսկսելու դեպքում Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա (news.am, 22.09.2011):

Վերջին ամիսներին ադրբեջանական բանակում կտրուկ ավելացել են մահվան ելքով միջադեպերը, մասնավորապես, զինվորների կողմից իրենց ծառայակիցներին կամ հրամանատարներին գնդակահարելը: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովի կարծիքով, պատճառը «խրամատային հիվանդությունն է», որը բնութագրվում է շրջապատի նկատմամբ անտարբերությամբ:
«Զինվորականը տեսնում է, որ իր սոցիալական վիճակը չի լավանում, 6-10 մանաթ ստացող զինվորն առաջին գծում ծանր պարտավորություն է ստանձնում, ինչն էլ զինվոր-սպա հարաբերություններում լարվածություն եւ անտարբերություն է առաջացնում,- ասում է փորձագետը:- Սպաների աշխատավարձի ցածր լինելը, բնակարանով ապահովված չլինելը, խորհրդարանի կողմից զինվորականների դրությունը բարելավող օրենքներ չընդունելը նման դեպքերի ի հայտ գալու պատճառների թվում են» (dia.az, 22.09.2011):

Ուկրաինայի դատախազության կողմից անցկացված հետաքննության ժամանակ պարզվել է, որ ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւին 2001 թվականին Ուկրաինայում սպանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ Ռովշան Էքբերովը: Ուկրաինայի դատախազությունը դիմել է Ադրբեջանի դատախազությանը` պահանջելով քրեական գործ հարուցել գեներալի դեմ («Բիզիմ յոլ», 17.09.2011):

Նախիջևանի զորամասերից մեկի զինծառայող, 18-ամյա Իհթիյար Մուրսալիևը ծառայողական զենքով ինքնասպանություն է գործել: Նույն օրը Աղդամի (Ակն) շրջանում հակատանկային ականի պայթյունից զոհվել է 19-ամյա զինվոր Մուրադ Դավուդովը (apa.az, 20.09.2011):

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԳՅՈՒԼՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ ԻՆՁ»

«WikiLeaks» սկանդալային կայքը հրապարակել է 2009-ի ապրիլի 7-ին Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի կողմից ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված գաղտնի նամակը, որում ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Է.Մամեդյարովի` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հետ ունեցած հանդիպման մանրամասները:
Խոսելով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման մասին` Ալիեւը Անկարային համարել է «ստախոս եւ դավաճան»: Նա նշել է, որ Ադրբեջանը հանգիստ աջակցել է «ֆուտբոլային դիվանագիտությանը», սակայն չէր պատկերացնում, որ Թուրքիան «կխաբի իրենց»` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չկապելով ԼՂ խնդրի կարգավորման հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության վերսկսումը Արևմուտքի համար կունենա երեք անցանկալի հետևանք.
ա) Կտուժեն Ադրբեջանի խողովակաշարերը, մասնավորապես` «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, իսկ միջազգային շուկաներում զգալիորեն կաճի նավթի գինը:
բ) Կվտանգվի Ադրբեջանի վրայով անցնող օդային միջանցքը, որով կատարվում է Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողների մատակարարումների ավելի քան 70 տոկոսը:
գ) Ռուսաստանը կարող է միջամտել հակամարտությանը և մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի արդյունքում Վրաստանը կհայտնվի է՛լ ավելի մեկուսացված վիճակում: