Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԱՄՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ Է

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է բանակցություններ սկսել եվրոպական Eurofighter ընկերության հետ Typhoon կործանիչների գնման վերաբերյալ: 42 ինքնաթիռների գնման մասին վերջնական որոշում պետք է ընդունվի մինչև տարեվերջ: Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 6 միլիարդ դոլար:
Կործանիչների գնումն իրականացվելու է ապրիլին հայտարարված մրցույթի շրջանակներում: Առայժմ նախատեսվում է գնել 42 ինքնաթիռ, սակայն իրական պահանջարկը կարող է հասնել 150 միավորի:

ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ԳԱՂՏՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՎԻԱՌՈՒՄԲԵՐ

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ 2009թ. ԱՄՆ-ը Իսրայելին գաղտնի մատակարարել է 55 հատ GBU-28 կառավարվող ավիառումբ: Ռումբերը մատակարարելու խնդրանքով Իսրայելը ԱՄՆ-ին դիմել է դեռ 2007թ. Ջորջ Բուշ կրտսերի օրոք, սակայն գործարքը չի կայացել այն մտավախությունների պատճառով, որ Իսրայելը կարող է ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել Չինաստանին:
Բարաք Օբամայի` պաշտոնավարման անցնելուց մի քանի ամիս անց ռումբերի առաջին խմբաքանակը հասել է Իսրայել:
ԱՄն պաշտպանության նախարարությունը սկզբից էլ հավանություն է տվել գործարքին, սակայն զգուշացել է Իրանի արձագանքից, քանի որ Իսրայելը ռումբերը կարող էր օգտագործել իրանական ատոմային օբյեկտները ոչնչացնելու համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԼՐՋՈՐԵՆ ԳՐԱՔՆՆԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԸ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը և արտգործնախարարությունը պատրաստել են ՄԱԿ կոնվենցիայի նախագիծ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման մասին», որը ներկայացվել է Եկատերինբուրգում գումարված 52 պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների փակ խորհրդակցության քննարկմանը:
Նախագծով առաջարկվում է թույլ չտալ համացանցի օգտագործումը ռազմական, ինչպես նաև իշխող վարչակարգերի տապալման նպատակով, և ըստ այդմ՝ արգելել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը պետությունների քաղաքական, տնտեսական ու սոցիալական համակարգերի քայքայման, այլ պետությունների տեղեկատվական տարածքներում տեղեկատվական հոսքերին միջամտության, ղեկավարման և ուղղորդման, ինչպես նաև իրավիճակի ապակայունացման նպատակով բնակչության լայն զանգվածների գիտակցության վրա հոգեբանական ազդեցության նպատակով:

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նորաստեղծ ծառայությունը ենթարկվելու է ՌԴ պաշտպանության նախարարությանը և վերահսկողություն է իրականացնելու պետական պաշտպանական պատվերի կատարման, նրանում նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև դրա հետ կապ չունեցող, սակայն պետական գաղտնիք պարունակող աշխատանքների կատարման, ապրանքների ձեռք բերման ու ծառայությունների մատուցման պատվերների տեղաբաշխման ասպարեզներում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Ս-300-ՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ

С-300 -ների 5 դիվիզիոնների մատակարարման` 800 միլիոն ԱՄՆ դոլար կազմող գործարքի համար որպես կանխավճար ստացված 167 միլիոն դոլարը «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը վերդարձրել է Թեհրանին` վերստին պնդելով, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի հայտնի բանաձևի ընդունումով ի հայտ են եկել անհաղթահարելի արգելքներ, և որ Իրանին զենքի մատակարարման արգելքների վերացումից հետո Մոսկվան պատրաստ է իսկույն վերսկսել С-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ բանակցություները:

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»

Ակնկալվում է, որ հոկտեմբերին Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Բաքուն և Անկարան կստորագրեն 2017 թվականից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու մասին համաձայնագիրը: Անդրկասպյան գազամուղից ու «Nabucco»-ից հետո սա երրորդ լուրջ մարտահրավերն է «Գազպրոմին»:
Բաքուն հայտարարել է, որ մանրամասն քննարկում է Եվրոպա սեփական գազի արտահանման բոլոր տարբերակները, իսկ Թուրքիայի հետ տարանցման խնդիրների համաձայնեցումից անմիջապես հետո կարող է տարեկան 2 միլիարդ խմ գազ մատակարարել Եվրոպային:

ՆՈՐՎԵԳԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ F-35-Ի ԳՆՈՒՄՆԵՐԻՑ

Նորվեգիան ԱՄՆ-ից հստակ երաշխիքներ է պահանջել, որ իր արտադրության JSM բազմակի նշանակության թևավոր հրթիռները կներառվեն F-35 Lightning II հեռանկարային կործանիչի սպառազինությունում:
Առաջիկա վեց ամիսների ընթքացքում Նորվեգիան կսպասի որոշման հաստատմանը, հակառակ դեպքում երկրի խորհրդարանը զինված ուժերին կարգելի F-35 կործանիչներ գնել:
Նորվեգիան F-35 նախագծի միջազգային գործընկերներից մեկն է: