Ռազմաքաղաքական
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները որպես դիտորդներ կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը: Այցի ընթացքում նրանք գործնականում կծանոթանան ինքնաթիռներ և հրթիռներ խոցելու մեթոդներին:
Տվյալ նորությունը առավել քան հետաքրքրական է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Սիրիայում ստեղծված լարված իրավիճակը և ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներից Սիրիայի հասցեին հնչող ռազմական և այլ բնույթի սպառնալիքները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ռազմական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:
Նրա խոսքով, Իսրայելը Թուրքիային վաճառել է անօդաչու ապարատներ, որոնք հետագայում վերադարձվել են տեխնիկական սպասարկման որոշակի խնդիրներ լրամշակելու համար, սակայն թուրքական բանակը մինչ այժմ անօդաչուները ետ չի ստացել:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը գնելու է միայն բարձր ճշգրտության ավիացիոն զենք-զինամթերք: Ռազմական ավիացիայի համար սովորական զինատեսակների ձեռքբերումը դադարեցվել է:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր է իրենց հաջողվի ստեղծել ուղղաթիռների սեփական մրցունակ արտադրություն: Նրա խոսքով, այդ ծրագրի համար նախատեսված որոշակի միջոցներ արդեն ներառվել են 2012թ. պետական բյուջեում:
Ռուսական «Իրկուտ» կորպորացիան շուրջ երեք տասնյակ ՅԱԿ-130 ուսումնամարտական ինքնաթիռ է կառուցել Ալժիրի ռազմաօդային ուժերի համար:
Ընկերության ղեկավար Ալեքսեյ Ֆյոդորովը հայտարարել է, որ տեխնիկան գործարանում պատրաստության ավարտական փուլում է: Մինչև տարեվերջ Ալժիրը կստանա առաջին 16 ինքնաթիռները:
Իրանում վարժական թռիչքի ժամանակ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռն ընկել է Թավրիզ քաղաքից ոչ հեռու, ուր ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում:
Վթարի հետևանքով զոհեր չեն եղել, օդաչուն ինքնանետվել է և փրկվել: Թռիչքային տեխնիկայի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Քրդական Փեժակ խմբավորման` Քուրդիստանի Ազատ կյանքի կուսակցության զինյալ գրոհայինները սպանել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկին` բրիգադի գեներալ Աբբասալի Ջանեսարիին:
Գեներալի մահվան մանրամասները առայժմ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նա սպանվել է Իրանի արևմուտքում գրոհայինների հետ տեղի ունեցած մարտի ժամանակ: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա տանջամահ է արվել, սակայն հայտնի չէ, թե ինչպես է գերի ընկել: