Ռազմաքաղաքական
Իրանն առանց երկմտելու համարժեք պատասխան կտա ցանկացած արտաքին հարձակմանը: Այդ մասին է խոսվում ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհամեդ Հազաիի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին ուղարկված գրավոր բողոքում:
Բողոքը ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախազգուշացմանն ի պատասխան: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանի ռազմական, ատոմային և բալիստիկ հավակնությունները աճող վտանգ են ներկայացնում, ինչը կարող է հանգեցնել իրանական օբյեկտների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն:
Իրանցի մասնագետները մշակել են հեռահար գործողության շառավղով հակահրթիռային պաշտպանության համալիր և արդեն անցկացրել են առաջին հաջողված փորձարկումները: Այդ մասին հայտնել է Իրանի Հատամ ալ Անբիա զենիթահրետանային բազայի հրամանատար գեներալ Ֆարզադ Էսմաիլին:
Նոր ռադարի միջոցով հնարավոր կլինի գրանցել հակառակորդի թևավոր հրթիռների, կործանիչների, հեռահար ռազմավարական ավիացիայի թռիչքները, ապա իրականացնել դրանց ոչնչացումը:
Իսրայելը Թուրքիայի նկատմամբ պատասխան քայլերի ծրագիր է մշակել վերջինիս կողմից դիվանագիտական «հարձակմանն» ի պատասխան: Մասնավորապես, Իսրայելը պատրաստ է Թուրքիայի ոչ բարեկամական քաղաքականությանն արձագանքել քրդերին և հայերին օգնություն տրամադրելով:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս օդաչուներին մեղադրել է օդային սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուսական ՄԻ-8 երեք ուղղաթիռներ վրացական սահմանը հատել են Թանի կիրճի շրջանում, խորացել են երեք կմ և վրացական տարածքում մնացել են մոտ 15 րոպե:
Լիբիայի անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ հետագայում իր երկիրը կհրաժարվի ռուսական սպառազինության գնումներից: Նրա կարծիքով, հետագայում Լիբիան այդքան մեծ ծավալի զենք-զինամթերքի կարիք չի ունենա, ինչպես Քադաֆիի օրոք:
Միաժամանակ Ջալիլը նշել է, որ Ռուսաստանը իր արժանի տեղը կունենա Լիբիայում` հեղափոխության աջակցմանը համապատասխան:
Թուրքիայի զինվորական հրամանատարությունը ռազմածովային նոր ռազմավարություն է մշակել, որն անվանվել է «Օպերացիա Բարբարոսսա-Էգեյան վահան»:
Նոր ռազմավարության շրջանակներում թուրքական ռազմական նավատորմն իր ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից կտեղափոխի Միջերկրական ծով: Մասնավորապես, խոշոր ուժեր կտեղակայվեն Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ: Այնտեղ լրացուցիչ կուղարկվեն երկու ֆրեգատ, երկու կորվետ, մի քանի պահականավեր և հրթիռանավեր, ինչպես ապահովման և մատակարարման նավեր:
ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ այդպիսին պետք է լինի Ռուսաստանի սահմանների մոտ հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրեր տեղակայելու վերաբերյալ դաշինքի ծրագրին տրվելիք պատասխանը: Նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ հաշվի կնստեն միայն լուրջ գիտատեխնիկական մշակում իրականացնելու դեպքում: