Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է. ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին` միաժամանակ դադարեցնելով ռազմական երկկողմ բոլոր համաձայնագրերի կատարումը:
Որոշման պատճառ է դարձել 2010թ. մայիսին Գազայի հատված ուղևորվող «ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպը, երբ իսրայելցի զինվորականները սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու: Իսրայելը հրաժարվել է ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել, ինչպես դա պահանջում էին թուրքական իշխանությունները:

ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաջիկստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի 2012թ.:
Տաջիկստանում ռուսական ռազմաբազան ստեղծվել է 2005թ.` 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա, որն այնտեղ էր գտնվում փոխօգնության պայմանագրով: Համաձայնագրի ժամկետների երկարաձգմանն ի պատասխան` Ռուսաստանը Տաջիկստանին կհատկացնի ժամանակակից ռազմական տեխնիկա և կուսուցանի տեղի զինվորական անձնակազմին:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Հինգերորդ սերնդի F-35 հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագրին անսպասելի հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի տեղակալ Ռոբերտ Ուորկը: Նրա կազմած նախագծում ռազմական նավատորմի հրամանատարությանն առաջարկվում է ուսումնասիրել կործանիչի F-35B և F-35C տարբերակներից մեկից հրաժարվելու հնարավորությունը:
Նպատակը այդ տիպի ինքնաթիռների ստեղծման և շահագործման վրա ծախսվող գումարի խնայումն է: Ուորկը նաև առաջարկել է նվազեցնել ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի` այս կործանիչներով համալրվող էսկադրիլիաների թիվը` միաժամանակ արագացնելով այլընտրանքային անօդաչու ապարատների մշակումը:

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի մասնագետների կանխատեսմամբ ռուսական ճակատային հեռանկարային կործանիչի (Т-50) մշակման ծրագրի շրջանակներում մինչև 2050թ. կարտադրվի առնվազն 1000 մարտական մեքենա:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերից բացի, շուրջ 250 ինքնաթիռ կպատվիրի Հնդկաստանը: Հավանական գնորդների թվում նշվում են նաև Բրազիլիան, Արգենտինան, Ալժիրը, Վենեսուելան, Վիետնամը, Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ղազախստանը, Չինաստանը, Սիրիան (ընդհանուր առմամբ մինչև 388 ինքնաթիռ): Կենտրոնի մասնագետները չեն բացառում նաև այն տարբերակը, որ պատվիրատուների թվում կհայտնվեն արևմտաեվրոպական երկրներ:

ՆԱՏՕ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԼԻԲԻԱՆ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ հետևում է Լիբիային զենք վաճառելու արգելքի մասին բանաձևի կատարմանը:
Իսկ Լիբիայի երկնքում Հյուսիսատլանտյան դաշինքի օդուժի թռիչքները կշարունակվեն նաև մարտական գործողությունների վերջնական ավարտից հետո`՝ ապահովելու համար Լիբիայում թռիչքներից ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձևի կատարումը:

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ ԵՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարության ներկայացուցիչներն իրենց անունը չհրապարակելու պայմանով հաստատել են այս մասին լրագրողների ունեցած տեղեկությունները, միաժամանակ հավելելով, որ այդ զորամասերը գործելու են ինքնուրույն և ճիշտ չէ նրանց «ՆԱՏՕ-ի ուժեր» անվանելը:
Դրանով իսկ նրանք հաստատել են Դաշինքում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, խախտելով ՄԱԿ անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձևը, Լիբիայում տեղակայում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԵՎ ԱՄՆ-ԻՆ

Իրանը նախատեսում է մեկ սուզանավ և մեկ ռազմանավ ուղարկել Կարմիր ծով և Ադենի ծոց: Իրանի ռազմական նավատորմի ծովակալ Հաբիբուլլի Սայարին նշել է, որ բաց ծովում նավերի պարեկությունը կցուցադրի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային հզորությունը:
Այս տարվա փետրվարին Իրանը Սուեզի ջրանցքով ռազմանավեր էր ուղարկել Միջերկրական ծով` Սիրիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել Իսրայելում, որտեղ նման տեղաշարժերը ընկալվել են որպես սադրիչ գործողություններ: