Ռազմաքաղաքական
Առաջին C-500 զենիթահրթիռային համալիրները ռուսական զինված ուժերը կստանան նախատեսվածից ավելի շուտ` 2013թ.: Նախկինում նշվում էր, որ փորձարկումները կավարտվեն 2015թ.: Նոր համալիրների մասին շատ տվյալներ առայժմ չկան: Հայտնի է, որ դրանք ավելի կոմպակտ և շարժունակ կլինեն, քան C-400-ները, կգերազանցեն դրանց տարբեր աերոդինամիկ և բալիստիկ թիրախներ խոցելու կարողությամբ: C-500-ը կունենա ավելի հզոր ռադար, որը նշանակետեր կհայտնաբերի 800-900 կմ հեռավորության վրա:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Рособоронэкспорт» ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ցամաքային զորքերի համար տարբեր տեսակի զինամթերք գնելու վերաբերյալ: Հնդիկ զինվորականները ցանկանում են լրացնել առկա զինամթերքի պակասը, որ չի կարողանում անել երկրի ռազմարդյունաբերական համալիրը:
ԱՄՆ իշխանությունները տուգանել են ամերիկյան United Technologies Corp. (UTC) ընկերությանը 75 միլիոն դոլարով` Չինաստան ավիացիոն շարժիչների անօրինական մատակարարումների համար: Մասնավորապես, Չինաստանը շարժիչներ է ստացել Z-10 հարվածային ուղղաթիռների համար: Ներկայումս Չինաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որ մտցվել են 1989թ. Պեկինում բողոքի ցույց անցկացնող ուսանողների գնդակահարությունից հետո, արգելում են այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ցանկացած արտադրանք: Ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք մատակարարելու անհրաժեշտության դեպքում ամերիկյան ընկերությունները պարտավոր են համապատասխան արտոնագիր ստանալ:
Մոսկովյան մեքենաշինական փորձարարական գործարանը մշակել է տարբեր տիպի զինամթերքի պահպանման և տեղափոխման համար նախատեսված գերամուր չվառվող արկղեր: Դրանք պատրաստվում են պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերից: Արկղերի պատերը դիմանում են մինչև 15 րոպե տևողությամբ կրակի ուժգին ներգործությանը, անկախ արտաքին ջերմաստիճանի բարձրացումից տվյալ ժամանակահատվածում ջերմաստիճանը ներսում կայուն է մնում: Դրանք կարող են ընկնել 2 մետր բարձրությունից բետոնե ծածկույթի վրա` չվնասելով պարունակությունը:
Ռուսական զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան մարտական գործողությունների մոդելավորման «Комбат» վիրտուալ վարժասարքեր: Առաջինը նման վարժասարք կստանա Մոսկվայի մերձակայքում տեղակայված 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը: Նոր վարժասարքը մի քանի սենյակի տարածք է զբաղեցնում, ունի ավտոմատացված աշխատանքային տեղեր և մոնիտորներ: Այն կարող է կրկնել ռազմական տեխնիկայի շարժման դինամիկան:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Կորչունովը հայտարարել է, որ Ուլյանովսկով դեպի Աֆղանստան և հակառակ ուղղությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ ռազմական նշանակության բեռների տրանզիտ տեղափոխումը կսկսվի օգոստոսին: Մինչ այդ կփորձարկվի բեռների անարգել տեղափոխումն ապահովող փաստաթղթաշրջանառության համակարգը:
Օտարերկրյա զինծառայողները տրանզիտ բեռնափոխադրումներին չեն մասնակցելու:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Վյաչեսլավ Ձիրկալնը հայտարարել է, որ զենքի մատակարարումները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում ներքին իրադրությունը չի կայունացել: Նա միաժամանակ հստակեցրել է, որ մինչ այժմ Դամասկոսին սպառազինություն մատակարարվել է հին պայմանագրերի համաձայն:
Ձիրկալնը նաև հայտնել է Սիրիային 550 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 36 հատ Як-130 ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագրի սառեցման մասին: