Ռազմական
«Նիժնի Տագիլ-2011» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը կներկայացնի Т-90АМ արդիականացված տանկը:
Որպես Т-90-ի բազային տարբերակի նկատմամբ հիմնական առավելություն` արտադրողները նշում են տանկի աշտարակում կատարված փոփոխությունները. այսուհետ զինամթերքը կտեղավորվի ոչ թե տանկի հիմնամասում, այլ աշտարակի հետևի մասի հատուկ խցում, որը անջատված է անձնակազմից հատուկ զրահապատ միջնորմով: Զինամթերքի պայթեցման դեպքում նման կառուցվածքը զգալիորեն կբարձրացնի անձնակազմի կենսունակությունը:
Արխանգելսկի շրջանի «Պլեսեցկ» տիեզերակայանում արձակվել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ փորձնական հրթիռ:
Փորձարկման նպատակը շահագործման երկարացված ժամանակաշրջանում այս դասի թռիչքա-տեխնիկական հիմնական բնութագրերի կայունության հաստատումն է և հրթիռների հեռանկարային մարտական համալրման փորձարկումը: Արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է նշանակետը:
Հինգերորդ սերնդի F-35 հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագրին անսպասելի հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի տեղակալ Ռոբերտ Ուորկը: Նրա կազմած նախագծում ռազմական նավատորմի հրամանատարությանն առաջարկվում է ուսումնասիրել կործանիչի F-35B և F-35C տարբերակներից մեկից հրաժարվելու հնարավորությունը:
Նպատակը այդ տիպի ինքնաթիռների ստեղծման և շահագործման վրա ծախսվող գումարի խնայումն է: Ուորկը նաև առաջարկել է նվազեցնել ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի` այս կործանիչներով համալրվող էսկադրիլիաների թիվը` միաժամանակ արագացնելով այլընտրանքային անօդաչու ապարատների մշակումը:
ՌԴ Հյուսիսային նավատորմում ընթացող փորձարկումների ժամանակ ԿԱ-52-«Ալիգատոր» գրոհային ուղղաթիռը վայրէջք է կատարել «Փոխծովակալ Կուլակով» մեծ հակասուզանավային նավի վրա:
Սկզբում ուղղաթիռը վայրէջք է կատարել անշարժ նավի վրա, ապա` շարժվող: Ուղղաթիռը վարել է փորձարկող-օդաչու Վիտալի Լեբեդևը:
Այս ուղղաթիռների ծովային տարբերակը նախատեսվում է տեղակայել «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի վրա, որոնք Ռուսաստանը գնել է Ֆրանսիայից: Ծովային պայմաններին լիովին հարմարվելու համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք փորձարկումներ, այդ թվում անհրաժեշտ է ստուգել անիվների աշխատունակությունը ուժեղ ճոճքի ժամանակ:
Lockheed Martin ընկերությունը ավարտել է ամերիկյան ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-22 Raptor վերջին` 187-րդ կործանիչի հիմնամասի հավաքումը: Ինքնաթիռը բանակին կտրամադրվի 2012թ.:
F-22-ի արտադրական հոսքագիծը կպահպանվի ևս մի քանի տարի ինքնաթիռների ընթացիկ նորոգումն ու արդիականացումն ապահովելու համար:
Այդպիսով, շուրջ 77,4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պատմության մեջ կմնա որպես ամենաթանկարժեք և անպիտան նախագիծ:
Վերջին 6 տարիների ընթացքում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կորցրել են 46 կործանիչ: Ամենամեծ կորուստները եղել են 2009թ., երբ վթարի է ենթարկվել 10 ինքնաթիռ: Ամենից հաճախ կործանվել են ՄԻԳ-21 ինքնաթիռներ:
Ընդհանրապես, Հնդկաստանի ռազմաօդային ուժերին հատուկ է վթարայնության բարձր աստիճանը: 1970-2000թթ. երկիրը տարեկան կորցրել է միջինը 22-23 ինքնաթիռ և ուղղաթիռ, այնուհետև` տարեկան 10-15-ը: Դեպքերի 45 տոկոսի պատճառ է եղել օդաչուի սխալը, 42 տոկոսինը` տեխնիկական խնդիրները, իսկ մնացած 13 տոկոսինը` պատահականությունը, օրինակ` թռչունների հետ բախումը:
Առավոտյան ստուգումը սերժանտները սկսում են շարքում անձնակազմի հաշվառումից, որից հետո անցնում են զինվորների արտաքին տեսքին, անձնական հիգիենայի կանոնների կատարմանը, հանդերձանքի ու կոշիկների վիճակին ու սանրվածքին: Պարբերաբար ստուգում են զինվորների ոտքերի մաքրությունը, փաթաթանների եւ անկողնային սպիտակեղենի, համազգեստի ու հանդերձանքի, տարբեր կենցաղային իրերի ու առարկաների վիճակը: