Ռազմական
ՄԻԳ կորպորացիան կդադարեցնի «դասական» ՄԻԳ-29 ինքնաթիռների արտադրությունը` արդեն կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկան պատվիրատուներին մատակարարելուց հետո:
Այսուհետ կարտադրվեն միայն կործանիչի արդիականացված մոդելները:
ՄԻԳ-29 կործանիչի սերիական արտադրությունն սկսվել է 1982թ.: Արտադրվել է շուրջ 1700 ինքնաթիռ, որոնցով, բացի Ռուսաստանից, սպառազինված է ևս 27 պետություն: Պատվերների առկայության դեպքում կործանիչի բազային տարբերակի արտադրությունը հնարավոր է որոշ ժամանակով երկարացվի:
ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսվածից 8 ամիս շուտ ստացել են «Վիրջինիա» դասի «Կալիֆորնիա» նորագույն ատոմային սուզանավը: Պաշտոնապես այն սպառազինության կվերցվի հոկտեմբերի 29-ին:
«Վիրջինիա» դասի սուզանավերը նախատեսված են սուզանավերի, վերջրյա նավերի դեմ ինքնուրույն պայքարելու, ցամաքային օբյեկտներին հարվածներ հասցնելու, տարբեր ծովային գաղտնի օպերացիաներ իրականացնելու համար:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են երկրորդ անգամ փորձարկել Falcon HTV-2 վերձայնային ապարատը: Առաջին փորձարկման ժամանակ ապարատը թռիչքի 9-րդ րոպեին ինքնաոչնչացվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
Հերթական թռիչքի ժամանակ Falcon HTV-2-ը 30 րոպեում պետք է 7,6 հազար կմ անցնի:
Ապարատը մշակում է Lockheed Martin ընկերությունը: 2003թ. մեկնարկած ծրագիրը Պենտագոնի մշակած բարձր ճշգրտության համատարած օպերատիվ հարվածի հայեցակարգի մաս է կազմում: Հայեցակարգով նախատեսվում է աշխարհի ցանկացած կետում 60 րոպեի ընթացքում հարվածներ հասցնելու ունակ խոցման միջոցներ ստեղծել:
Հարավաֆրիկյան Denel Land Systems ընկերությունը հրետանային հրանոթ է մշակել, որը կարող է նույն փողից իրար հետևից կրակել 3 արկ` միմյանցից մինչև 1 կմ հեռավորությամբ:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը սպառազինությունից դուրս է գրել 12 000 տարատեսակ մեքենաներ, այդ թվում` բեռնատարներ: Առաջիկա տարիներին դրանք կվաճառվեն աճուրդի միջոցով:
Ոչ մարտական մեքենաների վաճառքից ստացված միջոցներով նախարարությունը կգնի մարտական զրահամեքենաներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայի ռազմական գերատեսչությունը պատրաստվում է առաջիկա 15 տարիների ընթացքում առկա սպառազինության և ռազմական տեխնիկայի 85 տոկոսը դուրս գրել և աճուրդի դնել:
Մինչև 2016թ. Ռուսաստանի զինված ուժերը կստանան հեռավոր ռադիոտեղորոշումային հայտնաբերման և ղեկավարման Ա-100 նոր ինքնաթիռը:
Արդեն ավարտվել է նոր ինքնաթիռի համար ալեհավաքի և ռադիոտեղորոշման կայանի մշակումը: Կիրառված նոր տեխնոլոգիան թույլ կտա նաև ցամաքային նշանակետերի հետ կապված տեղորոշման խնդիրներ կատարել: