Ռազմական
Սաչխերիայի ռազմական լեռնաուսումնական կենտրոնին շնորհվել է Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանության հավաստագիր: Ուսումնական կենտրոնի հրահանգիչները, որոնց երեք տարի ուսուցանում էին ֆրանսիացիները, այժմ կարող են կազմակերպել դաշինքի անդամ պետությունների զինծառայողների ուսուցումը:
Ադրբեջանը հայտարարում է, որ իր պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակի համար արտադրում է ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 400 արտադրատեսակ: Դրանց մեջ են զրահամեքենաներ, հրաձգային զենքեր, հանդերձանքի պարագաներ եւ այլն:
Թեպետ Ադրբեջանն այս ոլորտում լուրջ հավակնություններ ունի, միանշանակ է, որ առաջիկայում ադրբեջանական ռազմարդյունաբերությունը չի կարող լուրջ հաջողություններ գրանցել: Բանն այն է, որ նշված ոլորտի հաջող զարգացումը պայմանավորված է գիտատեխնիկական, արտադրական մի շարք գործոններով, որոնք Ադրբեջանում չկան:
Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց մեծ քանակությամբ տարատեսակ ռազմական տեխնիկա, որի տեսքից հասարակ ժողովուրդը, միգուցե, ոգեւորվեց, սակայն որը իրական մարտական գործողությունների ժամանակ, հատկապես լեռնային տեղանքում, ոչ մի բանի պիտանի չէ: Ցուցադրված տեխնիկան նախատեսված է հիմնականում հակաահաբեկչական ռազմագործողությունների համար: Բացի դրանից, այդ զրահատեխնիկայի գունավորումը անապատային երանգներ ուներ, ասես պիտի մասնակցեր Բաղդադի գրավմանը:
Ռուսաստանի զինված ուժերի համազորային ակադեմիայի Օմսկի մասնաճյուղի գիտաշխատողները նոր հրաձգային ռոբոտ համակարգ են ստեղծել:
«Փոքր տանկը»` 90 սմ երկարությամբ և 40 սմ լայնությամբ, զրահապատ է, ունի հակառակորդի կենդանի ուժի հայտնաբերման ջերմացուցիչներ: Ռոբոտի վրա տեղադրված տեսախցիկից պատկերը հաղորդվում է հրամանատարական կետ, որտեղից էլ հրաձիգը ղեկավարում է գնդացրի կամ նռնականետի կրակը:
Համակարգի քաշը 110 կգ է, այն կարող է լողալ, մինչև 50 սմ բարձրությամբ արգելքներ հաղթահարել, նույնիսկ շուռ գալու դեպքում վերադառնալ նախկին դիրքը:
Ռուսական «Իժմաշ» ձեռնարկությունում մշակվում է նոր մեխանիզմով ինքնաձիգ, որը սկզբունքորեն տարբերվում է Կալաշնիկովի ինքնաձիգից:
Այն կկարողանա մրցել հրաձգային զինատեսակների ժամանակակից նմանատիպ բոլոր նմուշների հետ:
«Իժմաշ»-ը կշարունակի նաև ԱԿ-200 ավտոմատների արտադրությունն ու արդիականացումը:
Մի քանի տարի տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Իսրայելը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա վերջինիս համար նախատեսված ամերիկյան F-35 Lightning II հեռանկարային կործանիչների վրա իսրայելական արտադրության սարքավորումներ և սպառազինություն տեղադրել:
Իսրայելը երկար ժամանակ փորձում էր նման թույլտվություն ստանալ, սակայն ամերիկացիները մերժում էին, քանի որ այդ տարբերակում կպահանջվեր որոշակի փոփոխություններ մտցնել ոչ միայն ինքնաթիռի կառուցվածքում, այլև ծրագրային ապահովման մեջ` տեխնոլոգիաները փոխանցելով իսրայելցի զինվորականներին: Ի վերջո, Իսրայելը հասել է իր ուզածին:
Lockheed Martin ընկերությունը ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ սկսել է HULC էկզոկմախքի բիոմեխանիկական փորձարկումները: HULC-ը ստորին վերջույթների հանդերձանք է, որը զինվորներին թույլ կտա ծանր բեռներ տեղափոխել մեծ հեռավորությունների վրա:
Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ զինվորը համակարգի միջոցով առանց մեծ ճիգերի կարողանում է 90 կգ քաշով բեռը կրել 20 կմ: Ընթացիկ փորձարկումների նպատակը մարդու օրգանիզմի վրա HULC-ի օգնությամբ և առանց դրա տարվող բեռի ազդեցությունը ուսումնասիրելն է: